Սեպտեմբերի 1-ին Հունգարիայի առաջնորդ, Հունգարիայի Կաթոլիկ եպիսկոպոսների համագումարի նախագահ Կարդինալ Փիթեր Էրդոն Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսին ուղղված գրությամբ զորակցություն է հայտնել հայ ժողովրդին Ադրբեջանի ԶՈՒ սպա Ռամիլ Սաֆարովի` Հունգարիայի իշխանությունների կողմից արտահանձնման և Ադրբեջանի նախագահի կողմից նրան ներում շնորհելու առնչությամբ:
Հանուն Հունգարիայի Կաթոլիկ եպիսկոպոսների համագումարի Կարդինալ Էրդոն դատապարտել է նաև ազգային պատկանելության հողի վրա իրականացվող բռնությունն ու ատելությունը` հայցելով, որ Բարձրյալ Աստված պահպանի համայն հայ ժողովրդին և օրհնի արդարության ու խաղաղության շնորհներով:
Արձագանքելով Մայր Աթոռ Ս. Էջմիածնի կոչին` ցավալի երևույթի առիթով Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի և անդամ 349 Եկեղեցիների անունից Հունգարիայի իշխանություններին իր վրդովմունքն է արտահայտել Խորհրդի Գլխավոր քարտուղար դոկտոր Օլավ Տվեյթը: Անդրադառնալով Հունգարիայի և Ադրբեջանի ձեռնարկած մտահոգիչ քայլերին` ԵՀԽ-ն դատապարտել է բոլոր այն գործողությունները, որ կոպտորեն խաթարում են խաղաղությունը և արդարությունը տարածաշրջանում:
Մայր Աթոռ Ս. Էջմիածին