Լրահոս
Օրվա լրահոսը

Մարգարիտ Եսայան. «Մեկ անգամ եւս համոզվեցինք, որ ԼՂՀ անկախությունը սկսվում է հենց առաջին գծից»

Սեպտեմբեր 01,2012 21:52

Այս պահին Ազգային ժողովի պատվիրակությունը ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ գտնվում է Ստեփանակերտում՝ մասնակցելու Ղարաբաղի անկախության տոնակատարությանը: Պատվիրակության կազմում է նաեւ ՀՀԿ պատգամավոր Մարգարիտ Եսայանը: Aravot.am-ը նրանից հետաքրքրվեց, թե ինչպես են Արցախում տոնում անկախությունը եւ ինչ տրամադրություն է առհասարակ տիրում այնտեղ: Մարգարիտ Եսայանի խոսքերով՝ «Այս պահին Ստեփանակերտի հրապարակը ուղղակի աննկարագրելի բազմամարդ է, այստեղ համերգի են նախապատրաստվում: Վաղը հիմնական միջոցառումներն են լինելու: Ես ինքս, որպես նախկին լրագրող, մի փոքր հարցախույզ անցկացրեցի ստեփանակերտցիների շրջանում եւ համոզվեցի, որ ղարաբաղցիներն իրենց  անկախության տերն են, ապրում են իրենց հողի վրա եւ պատրաստ են մինչեւ վերջ պաշտպանել իրենց անկախությունը, ուղղակի իրենց խնդրանքը սա է՝ Ղարաբաղի անկախության, կամ պաշտպանության բանակի մասին որեւէ կարծիք հայտնելուց առաջ, պետք է 10 չափել՝ 1 կտրել»:

Պարզվում է՝ մինչ Ստեփանակերտի հրապարակում տոնախմբությանը մասնակցելը ԱԺ մի խումբ պատգամավորներով որոշել են իրենց մասնակցությունն այդ տոնակատարությանը սկսել առաջին գծից՝ սահմանից եւ այցել Ղարաբաղի պաշտպանության բանակի առաջին գիծ: Մարգարիտ Եսայանի խոսքերով՝ «Բավականին հուզիչ եւ հետաքրքիր էր մեզ համար այդ ամեն ինչը  տեսնելը, թեպետ ես առաջին անգամ չէի դա տեսնում, ինձ համար դա նորություն չէր, մինչ պատգամավոր լինելը տարբեր առիթներով եղել եմ սահմանագծին, բայց այն քաջությունն ու հասունությունը, որ մենք տեսանք մեր զինվորների ու հրամանատարների մեջ՝ մեկ անգամ եւս համոզվեցինք, որ Ղարաբաղի անկախությունը սկսվում է հենց առաջին գծից: Ոչ թե այն համերգից, որը տեղի կունենա Ստեփանակերտի հրապարակում, այլ այն սահմանից, որտեղ հայ զինվորը կանգնած է եւ պաշտպանում է իր հայրենիքը: Հրամանատարները ուղղակի խնդրեցին մի բան փոխանցել: Իրենց խնդրանքը հետեւյալն էր՝ բանակի մասին որեւէ կարծիք հայտնելիս պետք է շատ զգույշ լինել, որովհետեւ Արցախի այսօրվա անկախությունը սկսում է հենց այդ սահմանագծից: Բանակի հրամանատարները խնդրեցին փոխանցել, որ  բանակին պետք են սիրո եւ գնահատանքի խոսքեր: Իհարկե, ցանկացած բանակ խնդիր ունի, պարզապես ավելի ջերմ վերաբերմունքն ավելի օգտակար կլինի այսօր մեր բանակի համար, քան այն գնահատականները, որոնք միայն ցավ են պատճառում»: ԱԺ պատգամավորի դիտարկմամբ՝ անձամբ իր համար շատ կարեւոր է այն, որ ե՛ւ զինվորները, ե՛ւ հրամանատարները ուղղակի դողում են բանակի հասցեին հնչող ցանկացած կարծիքի հանդեպ, շատ ուշադիր են ցանկացած գնահատականի հանդեպ:

Մարգարիտ Եսայանից նաեւ հետաքրքրվեցինք, թե Ղարաբաղում ինչպես են ընդունել Ռամիլ Սաֆարովին ազատ արձակելու լուրը: Նա ասաց, որ այնտեղ նույնպես շատ բորբոքված են, շատ վիրավորված եւ հիասթափված են եվրոպական որոշ կառույյցներից, առաջին հերթին՝ Հունգարիայից. «Ուղղակի իրենց բարկությունը մարդիկ արտահայտում էին սրանով՝ մեր անկախության տոնակատարությունը պատասխանն  է այդ կարգի բոլոր դեպքերին, որ տեղի են ունենում: Ղարաբաղցիների մեջ այսօր վրեժխնդրության նման մի բան կա»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930