Սեպտեմբերի 1-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած ՀՀ պատվիրակությունը ժամանեց Ստեփանակերտ` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման 21-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումներին մասնակցելու նպատակով:
Նույն օրը ԼՂՀ նախագահի նստավայրում տեղի ունեցավ պարգևատրման հանդիսավոր արարողություն: ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով Արցախի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը պարգեւատրվեց Մեսրոպ Մաշտոց շքանշանով: Շնորհավորելով ներկաներին եւ շնորհակալություն հայտնելով ԼՂՀ պետական բարձր պարգեւին արժանանալու համար` Հայաստանի խորհրդարանի ղեկավարը նշեց, որ որպես Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի նախագահ, այսուհետ եւս պատրաստ է իր բոլոր ջանքերն ուղղել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային ճանաչմանը եւ նրա հզորացմանը:
Կարդացեք նաև
ԼՂՀ նախագահի նստավայրում տեղի ունեցած պարգևատրման հանդիսավոր արարողությունից հետո Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում ՀՀ ԱԺ նախագահը եւ պատվիրակության անդամները մասնակցեցին ԼՂՀ անկախության հռչակման 21-ամյակի կապակցությամբ կազմակերպված տոնական համերգին:
ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն