Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի Նախագահ Աշոտ Գրիգորյանը հեռակոնֆերենցիա է անցկացրել Ֆորումի նախագահության անդամների և իրավաբանների հետ ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովին ազատազրկումից ազատելու խայտառակ որոշման շուրջ, որի արդյունքում կազմվել է ԵՀՄՖ-ի աշխատանքային գործունեության պլան:
Նախ ԵՀՄՖն դատապարտում է ՀՀ ԱԳ նախարարության արտառոց պասիվ գործունեությունը կապված վերոհիշյալ հարցի շուրջ: Անհասկանալի է, թե ինչ դատողությունների շնորհիվ ԱԳ նախարար Էդուարդ Նալբանդյանը և վերջին վեց տարիների ընթացքում Հունգարիայի դեսպան, այսօր ԱԳ փոխնախարար Աշոտ Հովակիմյանը վստահել են հունգար կոլեգաներին և չեն դիմել պատշաճ միջոցների սպասվելիք ակտը կասեցնելու համար: Բացարձակ հավասար հանցակից են ԱԳՆ նախարարը և իր անտարբերության բարձր մակարդակով ու ոչ արհեստավարժ մոտեցմամբ աչքի ընկնած ՀՀ Արդարադատության նախարարը` Հրայր Թովմասյանը, որոնք դիմելով Հունգարիայի իրենց կոլեգաներին մեղադրում են նրանց այն հարցում, որում հենց իրենք են սխալներ թույլ տվել` հավատացել են դատարկ խոստումներին: Եթե Հուգարիան շահ ուներ հավատալու ադրբեջանցի կոլեգաներին /ակնհայտ է, որ իրենց հսկայական գործն են արել նավթադոլարները/ ապա անհասկանալի է հայ պաշտոնյաների կողմից աչքերը փակելու ցանկությունը:
Ստեղծված իրավիճակից պատվով դուրս գալու համար ԵՀՄՖն առաջարկում է.
1. Զոհված սպա Գուրգեն Մարգարյանի ընտանիքին ապահովել լավագույն փաստաբաններով և դիմել Ստրասբուրգ Եվրոպայի մարդու իրավունքների պաշտպանության դատարան, դատի տալու Ադրբեջանին և Հուգարիային արդարադատության ակնհայտ ոտնահարման փաստի կապակցությամբ:
Կարդացեք նաև
2. Եվրոպայի բոլոր հայկական համայնքներին դիմել իրենց երկրների պառլամենտներին քննարկելու Հունգարիայի և Ադրբեջանի միջև կայացած գործարքը և տալ դրան քաղաքական գնահատական:
3. Ադրբեջանի կողմից կատարվող քայլերը ընկալել որպես ողջ քսաներորդ դարում ընթացող հայերի դեմ ուղղված ցեղասպանության մեթոդաբար իրագործում, որի արդյունքում հայաթափվել է Նախիջևանը, պատերազմական գործողություններ են սկսվել Արցախում, որը դեռ ավարտական փուլից հեռու է գտնվում, շարունակվում է մշակութային ցեղասպանությունը և այլն:
Վերջին հարցի շուրջ ԵՀՄՖ-ն պատրաստել է քսաներորդ դարում սկսված և քսանմեկերորդում շարունակվող` Ադրբեջանի կողմից հայոց ցեղասպանության փաստի դատապարտումը, որը մենք պատրաստվում ենք ներկայացնել հաջորդիվ: