Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հայաստանի Դեմոկրատական կուսակցության հայտարարությունը

Սեպտեմբեր 01,2012 18:28

Հերթական անգամ հարևան պետությունը և նրա ոչ ադեկվատ նախագահը հաստատեցին քաղաքակրթության և բարոյականության սկզբունքներից զուրկ լինելու փաստը: Ներում շնորհելով ցինիկ մարդասպանին, Ալիևը հաղորդում է հայերիս` Հայաստանն այլևս փոխզիջման ճանապարհ չունի Ադրբեջանի հետ:

Ինչ վերաբերում է Հունգարիայի այսօրվա ղեկավարության փարիսեական բացատրություններին, ապա դրանք հիմք են տալիս ասելու, որ այդ երկիրն իրեն դարձրեց զարհուրելի հանցագործության մեղսակից, ուստի առաջին հերթին հենց հունգար ժողովուրդը, ինչպես նաև եվրոպական երկրները պարտավոր են տալ կատարվածի հստակ քաղաքական և բարոյական գնահատականը:

Ակնհայտ է, որ բոլոր տեսակի միջազգային-իրավական նորմերը խախտելուց բացի, Հունգարիայի իշխանությունները հաշվի չեն առել նաև տուժող կողմի դիրքորոշումը: Նրանք պետք է հասկանան, որ մեր անմեղ սպայի արյունը վաճառեցին հուդայական 30 արծաթով:

Մենք գտնում ենք, որ Եվրոմիության և ՆԱՏՕ-ի միջխորհրդարանական վեհաժողովները պետք է հրավիրեն արտահերթ նիստեր և դատապարտելուց զատ, համապատասխան միջոցներ ձեռնարկեն Հունգարիայի պետության նկատմամբ:

Ինչ վերաբերում է ՀՀ իշխանություններին:

Փաստացի ստացվում է, որ տեղյակ լինելով ինչ-ինչ գաղտնի բանակցությունների մասին, շարունակ ահազանգ ստանալով տարբեր աղբյուրներց հանցավոր գործարքի վերաբերյալ, հայկական կողմը “միամտաբար” ապավինել է եվրոպական այսպես կոչված բարոյականությանը և արդարադատությանը: Հարց է առաջանում` ինչո՟վ էին զբաղված երկրի հատուկ ծառայությունները, Ազգային անվտանգության խորհուրդը, Արտաքին գործերի նախարարությունը և դիվանագիտական ներկայացուցչությունները, եթե որևէ պաշտոնական նախազգուշացում կամ հայտարարություն, իսկ ավելի ճիշտ` անհրաժեշտ գործողություններ, մինչ խայտառակ փաստի կայացումը, չեն արել:

Մենք գտնում ենք, որ արվածի և չարվածի, հանցավոր թերացման համար խստագույնս պետք է պատժվեն համապատասխան գերատեսչությունների և կառույցների ղեկավարները: Հակառակ պարագայում անգործության աշխատաոճը որպես սովորական երևույթ է ընկալվում ՀՀ իշխանությունների կողմից:

Ինչ հետևություններ պետք է անեն իշխանությունները:

Հասկանալով, որ Ադրբեջանի հետ փոխզիջման հնարավորությունները սպառված են և նախապատրաստվում են շատ ավելի սադրիչ գործողություններ, Հայաստանի Հանրապետությունը պարտավոր է անհապաղ Ազգային ժողովի որոշմամբ Լեռնային Ղարաբաղի կազմավորման գործընթացը ճանաչել օրինական և համապատասխան միջազգային իրավունքի նորմերին: Դրանով իսկ միջազգային կառույցներին և ՄԱԿ-ի անդամ-պետություններին իրավական հիմք կտրվի` ընդունելու Լեռնային Ղարաբաղի հանրապետության անկախությունն Ադրբեջանից: Սա միակ համարժեք պատասխանն է կատարվածին: Որոշման

նախագիծը Հայաստանի Դեմոկրատական կուսակցությունը ներկայացրել է ԱԺ քննարկմանը:

Մենք կոչ ենք անում հայ հասարակությանը պաշտպանել այս նախաձեռնությունը և պահանջել ԱԺ-ից ընդունելու վերը նշված որոշումը:

Մեր ժողովրդին ևս մեկ անգամ պարտադրում են համակարգել հայության գործողությունները` չենթարկվելու որևէ ճնշման և, ելնելով մեր կենսական շահերից, համախմբված դիմակայելու ցանկացած մարտահրավերի և նախանձախնդիր լինելու ազգային-պետական անվտանգության ապահովմանը:

Հայաստանի Դեմոկրատական կուսակցության

Հանրապետական խորհուրդ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930