Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ադրբեջանը խախտել է Քրեական օրենսգիրքը. Հայաստանը պետք է կասեցնի նրա կացնային քաղաքականությունը (տեսանյութ)

Սեպտեմբեր 01,2012 17:23

«Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում «Ռամիլ Սաֆարովի էքստրադիցիան և ներում շնորհելը. իրավական և քաղաքական հետևանքները» թեմայով խոսեցին «Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն, ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը եւ իրավաբանական գիտությունների թեկնածուներ Տիգրան Նահապետյանը եւ Արա Խզմալյանը:

Լարիսա Ալավերդյանի խոսքով` Հայաստանի հետագա քայլերը մշակելու գործընթացում պետք է ընգրկվեն միջազգային փորձ ունեցող իրավաբաններ. «Արդյոք Հայաստանը չունի՞ նոր պարտավորություններ այն դեպքում, երբ ներում է ստանում մարդասպանը: Արդյոք Հայաստանը պարտավոր չէ՞ կասեցնել Ադրբեջանի ռասիստական եւ կացնային քաղաքականությունը: Միաժամանակ, պետք չէ խոսել միայն Հայաստանի մասին. չմոռանանք, որ Եվրամիության ինտեգրման ճամապարհին Հունգարիան կապող օղակ էր հանդիսանում մեզ համար: Հունգարիայի քաղաքական զարգացումները ցույց տվեցին, որ հասարակությունը հետընթաց է ապրել»:

Տիկին Ալավերդյանը հավելեց, որ համաձայն չէ այն կարծիքի հետ, թե Հունգարիան Սաֆարովին Ադրբեջան տեղափոխելու իրավական հիմքեր ուներ. «Կոնվենցիաների մեկ-երկու հոդված մեջբերելը ընդամենը առանձին անհատների հատվածական մոտեցումն է»:

Իրավաբանական գիտությունների թեկնածու Տիգրան Նահապետյանը նշեց, որ դատապարտյալին Ադրբեջանին փոխանցելու Հունգարիայի քայլը վերապահում է Ստրասբուրգյան կոնվենցիայի հանդեպ. «Պետությունը իրավունք չունի վերապահում կատարել այն դեպքում, երբ գործողությունը հակասում է կոնվոնցիայի ընդհանուր նպատակին` արդարության հաստատմանը: Միանգամայն պարզ է, որ Հունգարիան գիտեր Ադրբեջանի հետագա քայլերի մասին: Հունգարիայի քայլը չծառայեց արդարությանը, հետեւաբար` պատասխանատվությունն առաջնահերթ այդ պետությունը պետք է կրի: Չմոռանանք նաեւ Սաֆարովի այն հայտարարությունը, թե իր գործը հայերին վերացնելն է»:

Իրավաբանի հավաստմամբ, պատիժն ի կատար ածող պետությունը, տվյալ դեպքում` Ադրբեջանը, Սաֆարովի հանդեպ վճիռը պետք է իրականացներ իր երկրի օրենսդրությամբ. «Ներում շնորհելով Սաֆարովին` Ադրբեջանը խախտեց առաջին հերթին իր օրենսդրությունը եւ Քրեական օրենսիրքը, որում հստակ սահմանված է` ցմահ դատապարտյալին ներում շնորհելու դեպքում նրա հանդեպ կիրառվում է 25 տարվա ազատազրկում: Այսպիսով, Ադրբեջանը մեղմ ասած արհամարհական վերաբերմունք դրսեւորեց միջազգային իրավունքի եւ համամարդկային արժեքների հանդեպ»:

Խոսելով Ադրբեջանի հնարավոր պատասխանատվությունից` իրավաբանական գիտությունների թեկնածու Արա Խզմալյանն ասաց, որ միջազգային իրավունքի համաձայն` պետությունը կարող է պատասխանատվություն կրել մասնավոր անձի արարքի համար, եթե վերջինիս գործողությունները հակասել են նրա լիազորություններին. «Տվյալ պարագայում Սաֆարովը սպա էր եւ նրա կատարած քայլը թույլ է տալիս խոսել պատասխանատվության մասին: Սաֆարովը խախտել  է կյանքի իրավունքը, հետեւաբար, Ադրբեջանը պատասխանատու է իր մասնավոր անձի արարքի համար:  Հանցագործին հերոսացնելը եւ ներում շնորհելը հավաստում են, որ Ադրբեջանն ընդունում է նրան որպես մասնավոր անձ: Այդ փաստն ուժեղացնում է մեր դիրքերը»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930