Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Արմավիրի մարզ:
Հանրապետության ղեկավարը ներկա է գտնվել Արտամետ համայնքի նորակառույց դպրոցի բացման արարողությանը, որի հիմնարկեքին մասնակցել էր դեռևս 2007թ. հուլիսի 28-ին՝ ՀՀ վարչապետի պաշտոնում Արմավիրի մարզ կատարած աշխատանքային այցի ժամանակ: Նորաբաց դպրոցում Նախագահը ծանոթացել է իրականացված աշխատանքներին, շրջել դասասենյակներում և դպրոցականների հետ հանդիպման ժամանակ ի դեմս նրանց` բոլոր աշակերտներին և ուսանողներին շնորհավորել Գիտելիքի օրվա առթիվ, մաղթել հաջողություններ նոր ուսումնական տարում: Հանրապետության ղեկավարի հանձնարարությամբ ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից դպրոցին տրամադրվել է 10 համակարգիչ:
Բաղրամյանի տարածաշրջանի Վանանդ համայնքում Նախագահը մասնակցել է «Եվրոթերմ» ընկերության «Նոյան» պտուղ-բանջարեղենի վերամշակման գործարանի բացման արարողությանը: Գործարանի հիմնարկեքի արարողությունը տեղի է ունեցել ս.թ. հունվարի 13-ին Նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ:
Ընկերության պատասխանատուները Նախագահին ներկայացրել են գործարանի ընթացիկ աշխատանքներն ու առաջիկա ծրագրերը, ընդգծել, որ շնորհիվ ներկրված բարձրակարգ սարքավորումների, արտադրվող խտահյութերի որակի 15 հազար տոննա խտահյութ տարեկան արտադրողականությամբ գործարանը համապատասխանում է եվրոպական չափանիշներին: Նշվել է, որ բացի արտադրամասից կառուցվել են նաև հատուկ ջերմամեկուսացմամբ տարբեր ջերմաստիճանային ռեժիմներով աշխատելու հնարավորությամբ սառնարանային պահեստներ, որոնք կապահովեն ինչպես հումքի և պատրաստի արտադրանքի պատշաճ պայմաններում պահպանումը, այնպես էլ թարմ պտուղ-բանջարեղենի կուտակումն ու պահպանումը՝ հետագա արտահանման նպատակով: Գործարանը արտադրելու է բնական հյութերի, մանկական սննդի արտադրության համար անհրաժեշտ խյուսեր և խտանյութեր, ինչպես նաև տոմատի մածուկ և կարմիր պղպեղի մածուկ:
Կարդացեք նաև
Շրջայցի ավարտին Նախագահ Սերժ Սարգսյանը խորհրդակցություն է հրավիրել գյուղատնտեսական մթերք վերամշակող ընկերությունների ղեկավարների մասնակցությամբ:
Հանդիպմանը ՀՀ գյուղատնտեսության նախարարը և վերամշակող ընկերությունները Հանրապետության նախագահին ներկայացրել են ընթացիկ տարում պտուղ-բանջարեղենի մթերման, ինչպես նաև արտահանման հետ կապված խնդիրներն ու մտահոգությունները: Ծավալված քննարկման արդյունքում Նախագահի կողմից համապատասխան գերատեսչությունների ղեկավարներին հանձնարարվել է բարձրացված խնդիրների լուծման ուղղությամբ անհրաժեշտ քայլեր ձեռնարկել: Հանրապետության ղեկավարը, մասնավորապես, նշել է, որ ձեռնարկվելիք քայլերի հիմքում պետք է լինի պետություն-վերամշակող ձեռնարկություններ համատեղ և արդյունավետ աշխատանքը, որի արդյունքում հնարավոր կլինի բարձրացված խնդիրների լուծման ուղղությամբ առաջխաղացում արձանագրել: