Լրահոս
Օրվա լրահոսը

«Անուշ օպերա»` Հովիկ Աբրահամյան ու Գագիկ Ծառուկյան խնամիների ֆինանսավորմամբ

Սեպտեմբեր 01,2012 14:36

Երեկ Գյումրու Վարդան Աճեմյանի անվան  դրամատիկական թատրոնում բացառապես տեղի ստեղծագործ ուժերի մասնակցությամբ  բեմադրվեց «Անուշ օպերան», որը նվիրված էր  այս նույն քաղաքում բեմադրված  առաջնախաղի 100 ամյակին:

Հիշեցնենք, որ «Անուշն» առաջին անգամ բեմադրվել է Ալեքսանդրապոլի  ժողովրդական ստեղծագործության տանը`1912 թվականի օգոստոսի 14-ին  և, կոմպոզիտորը քաղաքում հայտնի երաժիշտ  Արմեն Տիգրանյանն էր:

Երեկ օպերայի բեմադրումը սկսվեց  փոքր  թատերական ներկայացմամբ, որտեղ գյումրեցիները հիշեցին հին ժամանակները, երբ սունդուկից հանելով իրենց թանկարժեք շորերը` կանայք զուգված-զարդարված, իսկ տղամարդիկ, գյումրվա  շապխաները գլխներին, օպերա էին շտապում:

Նշենք, որ նախաձեռնությունը Շիրակի մարզպետի խորհրդական, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Հասմիկ Կիրակոսյանինն  էր: Իսկ ռեժիսորը` գյումրեցիների կողմից շատ սիրված ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ  Հովհաննես Հովհաննիսյանն  էր:

«Երբեք ու երբեք մենք չենք  ուզում ու չենք ցանկանում զարմացնել Հայոց աշխարհին , թեկուզ մայրաքաղաքին, քավ լիցի մենք Լա Սկալա չենք, և ոչ էլ Երևանի Օպերային թատրոն, պարզապես մենք մի քաղաք ենք, որի մշակույթի մասին այնքան երկար ժամանակ` դար է պետք  նրա կենսագրականը պատմելու: Պարզապես գանք այնտեղ, որ ամեն մի ծնունդ  սիրուն է տոնվում իր ծննդավայրում, ամեն մի ծնունդ սիրում է այնտեղ, որտեղ մթնոլորտը իրենն է, իր հայրենինը»,-այսպիսի նախաբանով սկսեց  իր խոսքը օպերայի գեղարվեստական ղեկավար Հասմիկ Կիրակոսյանը: Իսկ կադրերին ներկայացնելիս` գյումրեցուն հատուկ պարծենկոտությամբ  տիկին Կիրակոսյանն ասաց. «Ականջներիդ օղ արեք , մենք Երևանից , այլ տեղերից ոչ մի երգիչ, ոչ մի պարող և ոչ մի երգող չենք վերցրել, և եթե առաջին անգամ մեր երաժիշտների թիվը եղել է  11, ապա այսօր ամբողջ մասնակիցների թիվը հասնում է 150-ի, և մեր հրաշալի Գյումրվա սիմֆոնիկ նվագախմբի շնորհիվ է`  ԵրվանդՎարոսյանի ղեկավարությամբ, գլխավոր նկարիչը Գարիկ Մանուկյանն է, ծափահարենք Գյումրու «Կարա Մուզայի» անվան երաժշտական քոլեջի երգչախմբին, որը գլխավորում է  Ջեմմա Քաղցրիկյանը , Հովիկ Վարդևանյան թատրոնին` այս մատղաշ էրեխեքին, որոնք շատ սիրուն պարեցին, և վերջապես շնորհակալ լինենք մեր սոլիստներին, որոնք առաջին անգամն են բեմում, դա բարդ գործ է , ամեն մեկդ գիտեք առաջին անգամ ինչպես կարելի է բեմում լինել: Հետո շատ կկատարելագործվեն  և շատ սիրուն կլինեն և Սարոն, և Անուշը, և Մոսին և մայրը` մեր Նազանը»:

Բեմադրման ռեժիսոր Հովհաննես Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ բավականին երկար  ժամանակ   կադրեր  են փնտրել, ըստ նրա,  թեև  ֆինանսական հնարավորություն կար մեներգիչներին դրսից հրավիրելու համար, սակայն չեն ուզել այսպես ասած «զարմացնելու» կադրեր բերել , նախընտրել են  տեղականը, որպեսզի փորձեն իրեն ուժերը:

«Անուշի» դերակատարը Արևիկ Գրիգորյանն է, ով ավարտել է  Երևանի կոնսերվատորիայի  Գյումրու մասնաճյուղը, սովորում  է  ասպիրանտուրայում ու դասավանդում  Գյումրու թիվ 7 երաժշտական դպրոցում, Անուշի եղբոր` Մոսիի դերակատար Միհրան Գասպարյանը ևս  Գյումրու կոնսերվատորիան է ավարտել:

Իսկ Սարոն` Կարապետ Մանուկյանը,  սարկավագ է, ով իր յուրահատուկ ձայնով ու խաղով մեծ տպավորություն թողեց հանդիսատեսի վրա: «Բավականին երկար փնտրեցինք, բավականին երկար աշխատանք տարվեց, և հանկարծ հայտնաբերվեց էդ տղան, և իր գեղջկական ձայնով   ու գեղջկական արտաքինով համապատասխանում էր կերպարին: Շատ դժվար է բեմական կերպար ստեղծել, բեմական կերպարի կենսագրություն ստեղծել երգչի համար , շարժվել և այլն: Մենք փորձեցինք առաջնորդվել շատ խիստ ռեժիմով, երգում ենք, շարժվում ենք , վարժանքներ ենք անում , մեր յուրաքանչյուր փորձը տաժանակիր է եղել, սկսել ենք առանց երգելու շարժվելուց , հետո միացրել ենք երգը և այլն, և այլն:

Բավականին երկար աշխատանք է ծավալվել օպերայի ծնունդի վրա, սկզբում փորձասենյակում` տաժանակիր աշխատանք` քայլ, շարժում, պլաստիկա, հետո նոր միայն միացրեցինք երգը, հանեցինք բեմ , բեմական տարածքում փորձեցինք հարմարեցնել, ներող կլինեք, եթե  ինչ-որ բան այն չէր: Անընդմեջ փորձ է եղել` հունվար ամսից  սկսվել են փորձաշրջանները, նույնիսկ տեքստի վերլուծություն, մեկնաբանություններ եղել`ի՞նչ ես երգում, ինչի՞ համար ես երգում, ինչի՞  մասին  են խոսում էդ պահին: 100 տարի հետո մենք աշխատեցինք  չզարմացնել, ֆոկուսներ  ու բեմական ինչ-որ հնարքներ չանել, ցանկացանք «Անուշը»  ինչպես որ է , էդպես անել»:

Գյումրեցիները ՀՀ մշակույթի նախարարի առաջարկով «Անուշը» կբեմադրեն Դսեղում` բացօթյա, Լոռու սարերի ֆոնին: Նշենք, որ Շիրակի մարզպետի խորհրդական Հասմիկ Կիրակոսյանի  տեղեկացմամբ,  օպերան բեմադրվել է Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանի հորդորով, ԱԺ-ի  նախագահ Հովիկ Աբրահամյանի  ու ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ընտանիքի ֆինանսավորմամբ: Ի դեպ,  ֆինանսավորողները եկել էին  Գյումրի` օպերան դիտելու, ներկա էր նաև  ԱԺ փոխնախագահ   Էդուարդ Շարմազանովը, Գյումրու քաղկոմի առաջին քարտուղար Դոնարա Հարությունյանը և քաղաքի ամբողջ վերնախավը:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930