Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ Հանրային խորհրդի հայտարարությունը` Ադրբեջանի ԶՈՒ սպա Ռամիլ Սաֆարովին Հունգարիայի իշխանությունների կողմից Ադրբեջան տեղափոխելու վերաբերյալ

Սեպտեմբեր 01,2012 14:24

ՀՀ Հանրային խորհուրդը խստորեն դատապարտում է Հունգարիայի մայրաքաղաք   Բուդապեշտում ՀՀ ԶՈՒ սպա Գուրգեն Մարգարյանին 2004 թ. ազգային ատելության   հողի վրա դաժանաբար սպանած Ադրբեջանի ԶՈՒ սպա Ռամիլ Սաֆարովին պատիժը   կրելու համար Հունգարիայի իշխանությունների կողմից Ադրբեջան տեղափոխման   փաստը:

Ակնհայտ է, որ Բուդապեշտը Ռամիլ Սաֆարովին «վաճառեց» Բաքվին, և որևէ   արդարացում կամ հայտարարություն հունգարական իշխանությունների կողմից, չի   կարող վերախմբագրել այդ փաստը:

Հունգարիայի իշխանություններն այս քայլով հիմք տվեցին հայ հասարակությանը   թերահավատորեն վերաբերել համամարդկային արժեքներ քարոզող եվրոպական   ընտանիքին և դրան միանալու իր որդեգրած ուղուն, քանի որ այդ ընտանիքի   անդամ պետություններից մեկը բացահայտորեն ոտնահարում է իր իսկ դավանած   սկզբունքները:

Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա առաջին հերթին լրջորեն մտահոգվելու   առիթ ունի ադրբեջանական հանրությունը, քանի որ պետական մակարդակով   հերոսացվում և ժողովրդին է հրամցվում մի կերպար, որը ոչ այլ ինչ է, քան   սովորական հանցագործ` ընդունակ կացնահարելու քնած մարդուն:

Սա վկայում է ադրբեջանական պետական մտածողության վայրի ու կենդանական   լինելու մասին, մտածողություն, որտեղ բացակայում է համամարդկային   արժեքների որևէ նշույլ:
Ցանկացած սթափ և առողջ դատողություն ունեցող ադրբեջանցի չի կարող դա ընդունել:

Ադրբեջանի բարձրագույն իշխանությունները, ստեղծելով, խրախուսելով և տեր   կանգնելով «ռամիլսաֆարովներին», ապացուցում են, որ ընդունակ են   ամենաանհավանական հանցանքներին, և դրա վտանգը պետք է գիտակցի ոչ միայն   Հայաստանը, այլև միջազգային ողջ քաղաքակիրթ հանրությունը:

Մենք ուշադրությամբ կհետևենք միջազգային հանրության արձագանքին, որը, հուսով ենք, համահունչ չի լինի հունգարական իշխանությունների կատարած   հակաբնական և հակաքաղաքակիրթ քայլին:

ՀՀ Հանրային խորհուրդ 
01.09.2012 թ. 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել