2004-ին Բուդապեշտում հայ սպային դաժանաբար սպանած ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին հանձնելու Հունգարիայի որոշման համար «Հայազն» միության անդամներն այսօր բողոքի ակցիայի ժամանակ մեղադրեցին Հայաստանի իշխանություններին:
«Մենք` Հայաստանի քաղաքացիներս, ստեղծված իրավիճակի հիմնական պատասխանատու պետք է համարենք Հայաստանի իշխանություններին ու դիվանագետներին: Արեւմուտքի նկատմամբ տարիներ շարունակ ստորաքարշ ու անճարակ դիվանագիտության պատճառով է, որ որեւէ երկիր իրեն իրավունք է վերապահում` չկարեւորել պաշտոնական Երեւանի կարծիքը, որն էլ հաճախ ընդհանրապես չի լսվում կամ էլ լսվում է չափազանց ուշ… Վերջապես Հայաստանի դիվանագետները եւ քաղաքական ղեկավարությունը նախապես իմանալով, որ Բուդապեշտը պատրաստվում է մարդասպանին հանձնել Ադրբեջանին, ցուցաբերել են հանցավոր անգործություն, որի պատճառով Հայաստանն այսօր ստիպված է ավելի կոշտ քայլերով վերականգնել իր միջազգային հեղինակությունը»,- Արտաքին գործերի նախարարության դիմաց կազմակերպված բողոքի ակցիայի ժամանակ իր ելույթում նշեց «Հայազն» միության անդամ Արմեն Մկրտչյանը` շարունակելով. «Միաժամանակ պահանջում ենք, Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունները կասեցնելու որոշումը ուժի մեջ պահել տեւական ժամանակ` հնարավոր առավել ծավալով եւ վերացնել միայն Հունգարիայի կառավարության գործնական զղջման դեպքում: Ամբողջապես դադարեցնել գործակցությունը Հյուսիսատլանտյան ռազմական դաշինքի հետ, հետ կանչել ՆԱՏՕ-ի զորքերի կազմում խաղաղապահ առաքելությունններին մասնակցող հայկական բոլոր ստորաբաժանումները»:
Մանրամասները տեսանյութում:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ