Լրահոս
Օրվա լրահոսը

Գավառի դպրոցը խնդիրներ ունի

Սեպտեմբեր 01,2012 13:53

Գեղարքունիքի մարզի Գավառի Ս. Քոչարյանցի անվան թիվ 1 հիմնական դպրոցը Գիտելիքի օրվա կապակցությամբ պատրաստվում է տոնական ամենամյա միջոցառման: «Երեխաները հանդես կգան երգով, պարով եւ ասմունքով, կլինեն հյուրեր մարզպետարանից: Աշակերտների հետ միասին կարգի ենք բերում դասարանները, հնարավոր միջոցներով ներկում եւ մաքրում»,- «Առավոտի» հետ զրույցում ասում է անգլերենի ուսուցչուհի Անահիտ Զոհրաբյանը: Նա ցավով նշեց, որ դպրոցի 330 աշակերտից 13-ը, ինչ-ինչ խնդիրներից ելնելով, տեղափոխվել է արտերկիր՝ մշտական բնակություն հաստատելու:

Նշենք, որ Գեղարքունիքի մարզպետարանի «2011-2012 թթ. ուսումնական տարվա ընթացքում կրթության ոլորտում կատարված աշխատանքների եւ 2012-2013թթ. ուստարվա խնդիրների մասին» հաշվետվության համաձայն՝ 2011-2012թթ. ուսումնական տարում մարզի դպրոցներից տեղափոխվել կամ դպրոցը թողել է 488 աշակերտ:

Անահիտ Զոհրաբյանի համոզմամբ՝ ուսումնական ծրագրերի հետ կապված՝ փոփոխությունների անհրաժեշտություն կա. «Դասագրքերը բարդ են եւ երեխաների համար ոչ մատչելի, հատկապես՝ օտար լեզվինը: Յուրաքանչյուր տարի խոսվում է գրքերի բեռնաթափման մասին, բայց ոչ մի փոփոխություն: Խնդիրն այն է, որ նոր ուսումնական տարում անցնում ենք այլ հեղինակների դասագրքերով, ինչը դժվարացնում է գործը: Բացի այդ, շաբաթական երկու ժամով հնարավոր չէ ըստ պատշաճի օտար լեզու սովորել եւ քննություն հանձնել»:

Գավառի թիվ 1 հիմնական դպրոցում դասավանդում է 35 ուսուցիչ: «Մասնագետների պակաս չկա, պարզապես մի քանի թոշակառու այլեւս չի աշխատի, իսկ աշակերտների քանակի նվազումը խնդիրներ է ստեղծում ուսուցիչների համար»,- ասաց տիկին Զոհրաբյանը:

Նա փաստեց, որ ուսուցիչների աշխատավարձը զգալի նվազել է՝ հասնելով 57.000 դրամի. «ԿԳ նախարարության պահանջների դիմաց մենք քիչ ենք ստանում»: Մեր զրուցակիցը նաեւ հավելեց, որ արդեն վերապատրաստվել է ուսուցիչների երկու խումբ:

Թիվ 1 հիմնական դպրոցի տնօրեն Մանուշ Խունոյանը հայտնեց, որ դասագրքերն արդեն բաժանված են աշակերտներին. «1-4 դասարանցիների համար դրանք անվճար են, իսկ խնդիրների դեպքում բարձր դասարանների աշակերտների ծնողները հնարավորություն ունեն աստիճանաբար մարել գումարը: Առհասարակ, դպրոցի խնդիրները կարգավորվում են Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության հետ համատեղ»:

Տնօրենը հայտնեց, որ այս տարի դպրոց է հաճախելու մոտ 50 առաջին դասարանցի:

Խոսելով խնդիրներից՝ Մանուշ Խունոյանը փաստեց, որ դռներն ու պատուհանները փոխելու անհրաժեշտություն կա. «Մեծ գումարներ ենք ծախսում գազով լոկալ ջեռուցման վրա: Ջերմամեկուսացում ունենալու դեպքում ծախսերը կիսով չափ կկրճատվեն: Վերջին անգամ 2005թ. վերանորոգվեց դպրոցի տանիքը եւ 3-րդ հարկը»: Ինչ վերաբերում է դասավանդման նորարար մեթոդներին, տիկին Խունոյանը նշեց, որ ուսուցիչները կիրառում են ինտերակտիվ խմբակային միջոցներ. «Առանց դրանց՝ աշակերտին չես ոգեւորի, քանի որ մերօրյա աշակերտը ինֆորմացված է եւ ուսուցչից ավելին է պահանջում: Ունենք 12 համակարգիչ, որոնք ձեռք են բերվել 2005-ին: Աշխատում ենք պահպանել նորմալ վիճակում, որպեսզի աշակերտները եւ ուսուցիչները կարողանան օգտվել: Համակարգիչները չեն բավականացնում եւ սպասարկում են հերթով»:

ԼՈՒԻԶԱ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930