Համոզված է դիրիժոր Էդուարդ Թոփչյանը
Ի տարբերություն քաղաքակիրթ երկրներում ողջ տարվա ընթացքում «հավասարաչափ բաշխված» մշակութային կյանքի, մեզանում այն վերջին շրջանում ենթարկվում է տարերային ռիթմի: Այսպես. մայիս-հունիս, սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին գրեթե անկառավարելի մշակութային «բում» է սկսվում, իսկ տարվա մնացած ամիսներին արձանագրում ենք պասիվություն: Չնայած պետական որոշ կոլեկտիվներ, այդ թվում՝ Ֆիլհարմոնիկ նվագախումբը, «Բարեկամություն» եւ Պարի անսամբլները այս օգոստոսին ունեցան համերգներ:
Ինչպես միշտ, այս տարի էլ սեպտեմբեր-հոկտեմբերին սպասվում է փառատոնային հեղեղ: Օրեր անց կմեկնարկեն «Թատերական Լոռի», Երիտասարդ ռեժիսորների, «Հայֆեստ», «Վերադարձի» եւ Երեւանյան միջազգային փառատոները: Առաջինը Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի կողմից 6-րդ տարին անցկացվող Երեւանյան միջազգային փառատոնն է, որ կմեկնարկի սեպտեմբերի 10-ին՝ «Արամ Խաչատրյան» համերգասրահում:
Կարդացեք նաև
Ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանն «Առավոտին» ասաց, որ երբ տարիներ առաջ ձեռնամուխ եղան սեփական փառատոնի ստեղծմանը, իրենք միակն էին. «Արեւմուտքում ինտենսիվ ամառային փառատոներից հետո սեպտեմբեր-հոկտեմբերը միակ շրջանն է, երբ կարող ես հրավիրել մեծանուն երաժիշտների, որոնք քիչ թե շատ ազատ են: Մյուս կողմից՝ փառատոնային բյուջեն առայժմ թույլ չի տալիս հրավիրել այնպիսի անուններ, ինչպիսիք են ջութակահարներ Ցուկերման Պինխասը, Ջոշուա Բելլը, ալտահար Յուրի Բաշմետը, դաշնակահար Վադիմ Րեպինը եւ այլն: Երկար աշխատանքից հետո այս տարի մեր ունկնդրին առաջին անգամ կներկայանա իտալացի ճանաչված թավջութակահար Մարիո Բրունելլոն: Նրա հետ մենք նույն ագենտի հետ ենք համագործակցում եւ հենց ագենտի շնորհիվ Մարիոյի երեւանյան համերգի հոնորարը զեղչվեց: Հոկտեմբերի 20-ին՝ փառատոնի փակմանը աշխարհահռչակ մեր հայրենակից Միշել Լեգրանը Հայաստանում կտոնի իր ծննդյան 80-ամյա հոբելյանը: Ինչպես նախորդ տարիներին, այնպես էլ փառատոնային օրերին հայաստանցի երաժիշտների թվում հրավիրել ենք նաեւ Սփյուռքում ապրող ու ստեղծագործող, վաղուց արդեն ճանաչման արժանացած այնպիսի երաժիշտների, ինչպիսիք են թավջութակահար Սուրեն Բագրատունին (ԱՄՆ), ալտահար Սամվել Բարսեղյանը (Պորտուգալիա), դաշնակահար Վահան Մարտիրոսյանը (Ֆրանսիա) եւ այլն: Հրավիրված է նաեւ Մոսկվայի Բորոդինի անվան լարային քառյակը, որը հանդես կգա ֆիլհարմոնիկի հետ համատեղ, իսկ այդ համերգը նվիրվում է անվանի ջութակահար, քառյակի կոնցերտմայստեր Ռուբեն Ահարոնյանի ծննդյան 65-ամյակին: Երաժշտասերը հնարավորություն կունենա ունկնդրել այնպիսի գործիքներ, որ մեզանում հաճախ չես հանդիպի՝ ի դեմս շեփորահար Սերգեյ Նակարյակովի (Իսրայել), Փարիզի օպերային թատրոնի մենակատար, տավղահարուհի Քեթրին Միշելի: Մի խոսքով՝ սպասվում է հանդիպում անվանի շատ երաժիշտների հետ»:
Հարցին, թե Արեւմուտքի օրինակով մեզ մոտ էլ հնարավոր չէ՞ անցկացնել ամառային փառատոներ, «օգտագործելով», ասենք, Գառնիի տաճարի հրապարակը կամ՝ Զվարթնոց տաճարը, որտեղ ժամանակին կայացել են միջոցառումներ, Թոփչյանը նախ շեշտեց, որ թեեւ նվագախումբը աջակցություն է ստանում ՀՀ նախագահից ու «ՎիվաՍելից», այդուհանդերձ, իր գերխնդիրը մնում է նվագախմբի երաժիշտների բարեկեցությունը, հետո էլ պատասխանեց. «Չեմ սիրում անընդհատ տրտնջալ ֆինանսից, սակայն դրա բացակայությունն է, որ կոնկրետ ինձ թույլ չի տալիս ձեռնամուխ լինել մեծամասշտաբ նախագծերի: Դեռեւս 2009-ին էի ուզում Վերդիի «Աիդան» ներկայացնել բացօթյա բեմում կամ ժամանակին «Գաֆեսճեանի» հետ նման համերգների ծրագրեր ունեինք… Իհարկե, ինքս էլ եմ կողմնակից բացօթյա երեկոների, այնպես, ինչպես Իտալիայի հանրահայտ Arena di Verona փառատոնն է եւ էլի Արեւմուտքում ավանդական դարձած շատ ու շատ մասշտաբային ամառային միջոցառումներ»: Հետաքրքրությանը՝ ցանկություն չկա՞ Երեւանյան փառատոնի կամերային ծրագրերով հանդես գալ մարզերում, մեր զրուցակիցը հայտնեց. «Ֆիլհարմոնիկը ողջ կազմով չի կարող համերգներ ունենալ մարզերում՝ բեմի պատճառով, թեեւ մեկ անգամ ոչ ամբողջական կազմով ելույթ ենք ունեցել Գյումրիում, երկու անգամ էլ, դարձյալ փոքր կազմով՝ ներկայացել ենք Արցախում… Ինչ վերաբերում է փառատոնի շրջանակներում կամերային կազմով մարզերում հանդես գալուն, նման մտադրություն կա: Հավանաբար, հաջորդ տարվանից դա կիրականացնենք»:
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ