Սիրելի աշակերտներ, ծնողներ, տատիկներ ու պապիկներ, ուսուցիչներ ու տնօրեններ, սիրելի հայրենակիցներ, այսօր աշնան առաջին օրն է, գիտելիքի օրը: Բնական է, ոմանք կուզեին, որ ամառը մի քիչ ավելի երկար լիներ և կարողանային մի քիչ ավելի երկար քնել, ավելի շատ ժամանակ անցկացնել հեռուստացույցի կամ համակարգչի առջև: Բայց այսօր, իսկապես կարևոր օր է, կարևոր տոն: Եվ ուրախանալով ու տոնելով, այսօր պետք է նաև հիշենք պատասխանատվության մասին, բոլորիս պատասխանատվության մասին.
Ուսուցիչները պետք է այնպես դասավանդեն, որ ամեն դաս ցանկալի տոն դառնա աշակերտների համար:
Ծնողներն ու տատիկ – պապիկները պետք է այնպես դաստիարակեն ու հետևեն երեխաներին, որ նրանք միշտ պատրաստ, ինքնավստահ և սիրով հաճախեն դպրոց:
Իշխանություններ պետք է այնպիսի պայմաններ ապահովեն, որ մեր աշակերտներն ու ուսանողները չզիջեն, և անգամ գերազանցեն աշխահի լավագույն ուսումնական հաստատությունների աշակերտներին ու ուսանողներին:
Կարդացեք նաև
Այսպես մենք կարող ենք ունենալ լավագույն դպրոցները, լավագույն ուսուցիչները, լավագույն դաստիարակ – ծնողները: Բայց այս ամենը որևէ արդյունք չի տա, եթե դուք, սիրելի աշակերտներ ու ուսանողներ չզգաք ձեր պատասխանատվությունը, ժամանակին և որակով չկատարեք ձեր պարտականությունները, չհետևեք ուսուցչի, դասախոսի խոսքին, չգնահատեք ծնողների աջակցությունը և չսովորեք: Ձեզնից յուրաքանչյուրն, անկասկած որոշակի տաղանդ ունի այս կամ այն բնագավառում: Մեր ու ձեր առաջին պատասխանատվությունն է հայտնաբերել այդ տաղանդը, հղկել ու զարգացնել:
Սա անչափ կարևոր է ձեր կյանքի համար ու մեր ապագայի: Թե ինչ կրթություն կստանաք և ինչպես այն կկիրառեք, դա կորոշի, թե արդյոք Հայ ազգը պատրաստ է դիմակայել բոլոր մեր մարտահրավերներին:
Շնորհավորում եմ բոլորիս գիտելիքի օրվա և ուսումնական տարվա մեկնարկի առթիվ:
ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյան