Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Գյումրու քարոզարշավը Վարդան Ղուկասյա՞նն է կառավարում

Սեպտեմբեր 01,2012 13:34

Քարոզարշավի ավարտին թեեւ մնացել են հաշված օրեր, սակայն թեկնածուների միջեւ լարվածությունը նոր-նոր է նկատվում: Բանն այն է, որ ի սկզբանե քաղաքակիրթ քարոզարշավի կոչ անող քաղաքապետի թեկնածուներից մեկը՝ Հովսեփ Սիմոնյանը, ով Շիրակի մարզպետարանի ֆինանսատնտեսական վարչության պետի տեղակալն է, Գյումրիում հնչած կրակոցներից հետո իր վերաբերմունքը կտրուկ փոխել է Սամվել Բալասանյանի հանդեպ, նա քաղաքում տեղի ունեցած ռազբորկաների մեջ տեսնում է նաեւ ԲՀԿ-ական թեկնածուի մեղքը ու նրան հորդորում ինքնաբացարկ հայտնել: «Ես Սամվել Բալասանյանին ոչ միայն կոչ եմ անում, որ ինքնաբացարկ հայտնի, այլեւ հորդորում եմ, քանի որ նա այդ գումարը ունի, ոչինչ, 1 միլիոն դրամը թող կորչի, խնդիր չէ: Եթե ես ձեզ ասեմ, թե Սամվել Բալասանյանը եկել է իմ կամ ձեր շահերի համար, դուք կհավատա՞ք: Վերջին դեպքերը ցույց են տալիս, որ Սամվել Բալասանյանը իր առաջադրմամբ կրկնապատկեց, եռապատկեց քաղաքի լարվածությունը, ես չեմ ասում, թե մեր քաղաքում լարվածություն չկար, իհարկե՝ կար, բայց նա հասցրեց գագաթնակետին, մարդ, որը խոսում էր քաղաքի բարոյահոգեբանական վիճակի մասին, եւ ինքը միաժամանակ բարոյահոգեբանական լարված վիճակը հասցնում է գագաթնակետին»,- քննադատում է ՀՅԴ-ական թեկնածուն՝ զարմանալով, որ պարոն Բալասանյանի պատճառով Գյումրիում ռազբորկա է տեղի ունենում, ուրիշների տղաները կրակն են ընկնում, փախչում են, սակայն նրա որդիները չեն միջամտում: «Եթե մարդու անձի հետ կապված խնդիրներ կան, իմ կարծիքով՝ առաջինը իմ որդին պետք է լինի դրա մեջ, այլ ոչ թե Պողոսի որդին գա իմ խնդիրները լուծի, եւ Պողոսի որդին ունենա պրոբլեմներ: Հենց այս իրավիճակից ելնելով՝ ես հորդորել եմ Սամվել Բալասանյանին, որպեսզի իր թեկնածությունը հանի: Ինձ համար նաեւ շատ անհասկանալի իրավիճակ է ստեղծվել, երբ որ Սամվել Բալասանյանը 3 ամիս առաջ մի ամբողջ տարածաշրջան համոզում, ներկայացնում էր նախընտրական ծրագիր ԱԺ պատգամավորի, որ գիտեք ինչ՝ ես փրկիչն եմ, ես գնալու եմ, սիրելի գյուղացիներ, ես էնտեղ գիտե՞ք ինչ օրենքներ եմ ընդունելու, որ բերքը մի քանի անգամ ավելանալու է, չգիտեմ՝ ինչ է լինելու: Այդ ամբողջը ներկայացնելուց հետո հայտնվում է Ազգային ժողովում, ընտրվում է, ժողովուրդը վստահելով՝ ձայն է տալիս, մարդը գնում է եւ 3 ամիս հետո խաբում է իր ընտրողին, խաբում է եւ գալիս, առաջադրվում է քաղաքապետի թեկնածու: Ես չեմ կարող հասկանալ, թե 3 ամիս հետո, թեեւ գիտեմ, որ ինքը չի ընտրվելու, բայց ընտրվելու դեպքում ոչ մեկը վստահ չպիտի լինի, թե ինքը ի՞նչ որոշում կարող է կայացնել կամ իրեն ի՞նչ են թելադրելու, որ կայացնի»,- ասում է Հովսեփ Սիմոնյանը:

Ըստ նրա՝ այս քաղաքում քաղաքապետի պաշտոնին կարող էր հավակնել միայն քաղաքի փոշին շնչած, քաղաքի պրոբլեմների մեջ ապրող մարդը: Ըստ Հովսեփ Սիմոնյանի՝ թեեւ օրենքը թույլ է տալիս վերջին 6 ամսվա ընթացքում տվյալ վայրում հաշվառված անձին առաջադրել իր թեկնածությունը, սակայն մարդը պետք է առաջնորդվի բարոյականությամբ: «Արդյոք բարոյականությունը թույլ տալի՞ս է, որ պրոբլեմներին տեղյակ չլինելով՝ առաջադրես քո թեկնածությունը: Մարդը էսօր գալիս, ասում է՝ ես եկել եմ ձեզ հետ հանդիպեմ, տեսնեմ՝ ի՞նչ պրոբլեմներ ունես դու, այդ թեկնածուին պետք է դուրս անես, ոչ թե ձայն տաս, եթե նա առաջադրվում էր, պետք է հասկանար՝ ինչի՞ համար է գալիս: Իսկ հասկանալու համար պետք է ապրեր էդ պրոբլեմներով: Ինձ համար ոչ մի քաղաքապետի պաշտոն չպետք է արժենա նույնիսկ մի երիտասարդի բանտում հայտնվելը: Եթե էսօր մեր երիտասարդներից մեկի կյանքի հետ կապված, նրա հետագա ճակատագրի հետ կապված հարցեր պետք է առաջանան, ու մեկը դրա միջոցով պետք է դառնա քաղաքապետ, ես գտնում եմ, որ այդ դեպքում չպիտի դառնա քաղաքապետ»: Հովսեփ Սիմոնյանը նաեւ ասում է՝ Գյումրիում պետք է այնպիսի մթնոլորտ ստեղծել, որ հանցագործությունը պակասի: «Լինելու են հանցագործներ, դրանք էլ մերն են, ի՞նչ է, ուրիշի՞, չինացու երեխանե՞րը եկան հանցագործություն կատարեցին: Եթե թեկնածուն նրանց քշելուց է խոսում, անկախ ամեն ինչից՝ մարդուն կարելի է վտարել, բայց չեն քշում»: Մենք պարոն Սիմոնյանից հետաքրքրվեցինք, թե որքանո՞վ են ճշգրիտ շրջանառվող այն լուրերը, թե իրեն ներքուստ սատարում է Գյումրու քաղաքապետը, եւ նա ըստ էության Սամվել Բալասանյանին սկսել է քննադատել հենց Վարդան Ղուկասյանի դրդմամբ: «Եթե ես ձեզ ասեմ, թե Վարդան Ղուկասյանն ու իր շրջապատը՝ նրան հարգող, սիրող մարդիկ պետք է գնան ու Սամվել Բալասանյանին ձայն տան, թեկուզ կես քվե, ամբողջ Գյումրին ինձ վրա չի՞ ծիծաղի»,- հարցնում է թեկնածուն՝ միաժամանակ հավաստիացնելով, որ ինքը Գյումրու քաղաքապետին չի հանդիպել, նրա հետ պայմանավորվածություն չի ունեցել եւ իրականում չգիտի, թե ո՞ւմ ձայն կտան վարդանիկականները: «Ես Վարդան Ղուկասյանի հետ չեմ հանդիպել, եղել եմ քաղաքապետարանում՝ ճշտելու իմ գրաֆիկը, ես եղել եմ նաեւ բանկում»,- վստահեցնում է թեկնածուն:

Մինչդեռ ԲՀԿ-ական թեկնածուի՝ Սամվել Բալասանյանի շտաբում առավել քան համոզված են, որ պարոն Սիմոնյանը «պատվերով համերգ» է կատարում: Սամվել Բալասանյանի նախընտրական շտաբի պետ Ռուբեն Սանոյանն ասում է. «Ես չգիտեմ, թե Հովսեփյան Սիմոնը, կներեք Սիմոնյան Հովսեփը ի՞նչ ունի Բալասանյան Սամվելի հետ, որ հայտնվեր էկրանում ու դաժան, ցավալի, պատերազմի դաշտում գերի ընկածի դեմքով, իրեն ջարդելով ինչ-որ բան ասեր, ի՞նչ էր ուզում ասել, ես այդպես էլ չհասկացա: Ինչո՞ւմ է մեղադրում Բալասանյանին, եթե խուլիգաններին շատ է սիրում, իրան ենք նվիրում, թող տանի, ինչ ուզում է՝ անի: Եթե ինքը խոսում է զավակներից, մենք չենք ցանկանում, որ մեր զավակները խուլիգանների հետ շփվեն, եթե ինքը ցանկանում է իր զավակի պարագայում, իր խնդիրն է, էնպես որ՝ էդ հարցում իրեն ոչ մեկը ոչինչ չի կարող ասել, թող շարունակի էդ տեմպով»: Հովսեփ Սիմոնյանը Սամվել Բալասանյանին քննադատում էր նաեւ ոստիկաններով ու թիկնապահներով ման գալու մեջ: «Հովսեփի մակարդակին չենք ուզում իջնել, մարդիկ կան՝ որեւէ ճանապարհ չեն անցել, Բալասանյանը քաղաքում 50 հատ օբյեկտ ունի, հազար հատ էլ աշխատող, թող մի հատ գա, մի պատի վրա իրա ձեռքով նկարած նկարը կամ քարը քարին դրած մի որեւէ բան ցուցադրի ժողովրդին, նոր մյուսներին հրավիրի հրապարակ, մենք էդ հրապարակում ենք մեծացել, ու ոչ ոք թող Սարատակ գյուղից չգա ու մեզ հրավիրի մեր հրապարակ: Բալասանյանը ումի՞ց է վախենում կամ քաշվում, որ ոստիկաններով ման գա, իրենի՞ց է վախենում, թող պարզ խոսեն: Բալասանյանը, նորից եմ կրկնում, հազարավոր աշխատատեղեր է ստեղծել, մարդիկ իրենց սոցիալական վիճակը էսօր կարգավորում են Բալասանյանի ստեղծած աշխատատեղերով, էս քաղաքը էնքան փոքր է, որ չի կարող որեւէ մեկը սուտ բան ասել ու էդ սուտ բանը ճշտի տեղ ընդունվի. հիմա էդ սուտը դարձել է մոդա, բայց թող էդ սուտ ասողները լսեն՝ իրենց հետեւից ինչ են խոսում: Բալասանյանը էնքան փոշի է շնչել շինարարությունների ժամանակ, էստեղ միայն 3 հատ գործարան է սարքել, էդ փոշին աշխատանքային փոշի է, էնպես որ՝ էդ փոշին էլ ինքնանպատակ չպիտի շնչես, փոշին էլ նպատակով պետք է շնչես, թե չէ՝ մարդիկ կան՝ փոշու կարիք ունեն, շնչում են»,- հակադարձում է Ռուբեն Սանոյանը:

Ի դեպ, ընտրարշավին խառնվել է նաեւ Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, ով սկսել է հեռուստատեսությամբ մեսիջներ ուղարկել Սամվել Բալասանյանին, ավելին՝ թեկնածուներին համընթաց իր քարոզարշավը պատվիրել տեղական հեռուստատեսությամբ: Իհարկե, այս փաստը ապշեցնում է գյումրեցիներին, թեեւ նրանք ինչ-որ տեղ ըմբռնումով են մոտենում՝ հասկանալով, որ պարոն Ղուկասյանը ծանր հեգապարումների մեջ է, չի համակերպվում գլխին եկածի հետ: Նրան գյումրեցիները ստվերային թեկնածու են որակում:

ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930