Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Դատել արդյունքներով

Սեպտեմբեր 01,2012 13:21

Երեկ «Ազգ» թերթում լույս է տեսել հոդված, որն ունի հետեւյալ ենթավերնագիրը՝ «Բագրատյանի օլիգարխիկ կապերը»: Հիմնական գաղափարը հետեւյալն է. քանի որ նախկին վարչապետը քննադատում է Տիգրան Սարգսյանին, իսկ վերջինս իր ուժերի ներածին չափով պայքարում է տնտեսության մեջ օլիգարխիկ երեւույթների դեմ, ուրեմն պարոն Բագրատյանը կամա թե ակամա օլիգարխների գործիքն է, նրանց խոսափողը: Այդ հոդվածի տեքստը եթե ոչ անձամբ ներկայիս վարչապետն է գրել, ապա նրա մտերիմ մարդկանցից մեկը, համախոհը: Ընդհանրապես կցանկանայի, որ այս տնտեսագետներն իրար հետ բանավիճեին դեմ առ դեմ (ի դեպ, «Առավոտն» ունի այդպիսի ֆորմատ), ոչ թե կեղծանուններով կամ իրենց կարծիքը ներկայացնող մեկնաբաններով: Բայց դա տվյալ դեպքում երկրորդական խնդիր է:

Վերոհիշյալ հոդվածում կան միանգամայն արդարացի պնդումներ: Ճիշտ է, օրինակ, որ ներկայիս վարչապետը օլիգարխների միջավայրից չէ, իսկ նրանք կուզենային ունենալ կառավարության «սեփական» ղեկավար: Իմ կողմից ավելացնեմ նաեւ, որ, հավանաբար, դա էր պատճառներից մեկը, որ ԲՀԿ-ն կոալիցիա չմտավ: Նույն պատճառներով հանրապետականների վերնախավն էլ առանձնապես ջերմ զգացմունքներ չունի Տիգրան Սարգսյանի նկատմամբ: Ճիշտ է նաեւ այն պնդումը, որ տնտեսության հերը անիծում է հենց այդ օլիգարխիկ համակարգը: Թե ինչ կապ ունի այդ ամենի հետ Հրանտ Բագրատյանը, որի քննադատությունը զուտ մասնագիտական է, դժվարանում եմ ասել:

Բայց այնպես չէ, որ ներկայիս վարչապետը ինչ-որ մի լուսավոր կետ է համընդհանուր խավարում, մաֆիայի դեմ խիզախաբար պայքարող կոմիսար Կատանիան է:  Սա այն դեպքը չէ, երբ հնարավոր է մնալ համակարգի մեջ՝ լինելով դրա ծպտյալ հակառակորդը: Վարչապետը պետք է ուղիղ, բաց տեքստով ասի, թե ով եւ ինչպես է նրան խանգարում երկիրը ծաղկեցնելու իր ծրագրերում եւ գնա, ինչպես ասում են, միայն սահմանադրական ճանապարհով՝ փորձի ստանալ պառլամենտի աջակցությունը: Եթե այդպես չի վարվում, ուրեմն ոչնչով չի տարբերվում իրեն իբր «խանգարող» օլիգարխներից:

Պատկերացրեք, ասենք, 100 հազար դրամ աշխատավարձ ստացող մի տղամարդու, որն այդ գումարով փորձում է ընտանիք պահել: Նրա համար միեւնո՞ւյն չէ՝ վարչապետ Տիգրան Սարգսյանը օլիգարխների բարեկա՞մն է, թե՞ թաքնված թշնամին: Նրան բացարձակապես չի հետաքրքրում նաեւ՝ վարչապետը կլինի մտավորականի հակումներ դրսեւորող մի անձնավորությո՞ւն, թե՞ վերջին համբալը, որը ճպճպացնում է խորովածը ծամելիս: Նրան ոչինչ չեն ասում նաեւ բարդ տնտեսագիտական վերլուծությունները: Այդ մարդու համար գոյություն ունի երկու տնտեսական չափանիշ՝ իր աշխատավարձը եւ ապրանքների ու ծառայությունների գները: Նա իրականությունը տեսնում է այդ բեկումով, եւ երբ այդ երկու չափանիշներն «իրար չեն բռնում», նա մեղադրում է իշխանությանը՝ իր ընդհանրության մեջ, կառավարությանը՝ առաջին հերթին:

Հենց դա է պատճառը, որ վարչապետները ժամանակ առ ժամանակ դառնում են քավության նոխազ: Հրանտ Բագրատյանը դա կհաստատի:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930