Facebook սոցցանցում գործող «Իրազեկ եւ կողմնորոշված սերունդ» խումբը դատապարտում է մարդասպանության համար ցմահ ազատազրկման դատապարտված վախկոտ հանցագործ Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին հանձնելու՝ Հունգարիայի կաշառված իշխանությունների ճղճիմ որոշումը։
Խումբը հավանություն է տալիս այս քստմնելի արարքով վարկաբեկված Բուդապեշտի հետ բոլոր տեսակի պաշտոնական կապերը խզելու մասին ՀՀ նախագահի համարժեք որոշմանը։
Միաժամանակ խումբը կոչ է անում ՀՀ իշխանություններին հանցագործին համապատասխան պատժի ենթարկելու արդար խնդիրը հետապնդել ոչ միայն միջազգային ասպարեզում, այլեւ վերլուծել հայոց ազգի համար այսպիսի վիրավորական հանգուցալուծման հարցում Երեւանի արտաքին քաղաքականության հնարավոր բացթողումները։
Մենք կոչ ենք անում ՀՀ իշխանություններին ամենախիստ քայլերով ապահովել Հայաստանի եւ Արցախի սահմանները պաշտպանող մեր լավագույն զավակների՝ խիզախ հայ մարտիկների արժանապատվությունն ու անձեռնմխելիությունը ոչ միայն արտերկրում, այլեւ բուն Հայաստանում եւ Արցախում։
Արտակ Նազարյանի, Վահե Ավետյանի եւ տասնյակ ուրիշ զինվորների ողբերգությունը վկայում է այդ ասպարեզում աղաղակող անարդարությունների մասին։ Մենք կարող ենք միջազգային ատյաններում արդարություն պահանջել միայն մի դեպքում. երբ նախեւառաջ բուն Հայրենիքում ենք պաշտպանում ու արժեւորում մեր զինվորին։
Խումբը մշտապես հետեւելու է նահատակ զինվոր Գուրգեն Մարգարյանի արդար դատին եւ Ադրբեջանի հետ չհայտարարված պատերազմում գտնվող Հայրենիքի պաշտպանների հիմնարար իրավունքների ապահովմանը միտված Հայաստանի իշխանությունների հետագա քայլերին:
«Ւրազեկ եւ կողմնորոշված սերունդ»