Լրահոս
Օրվա լրահոսը

Ներման հրամանագիրն ադրբեջանական պարզունակ արկածախնդրություն է

Սեպտեմբեր 01,2012 12:45

«Դատապարտյալների փոխանցման մասին» 1983թ. մարտի 21-ի Ստրասբուրգյան կոնվենցիան (այսուհետ` Կոնվենցիա) միտված է որոշակի իրավաքաղաքական արժեքների երաշխավորվածությանը, որոնց համատեքստում դատապարտյալներին հանձնելը բնավ ինքնանպատակ ու միանշանակ պարտադիր գործընթաց չէ, ինչպես փորձում են ներկայացնել մամուլով Հունգարիայի իշխանությունները, մասնավորապես այդ երկրի հանրային կառավարման և արդարադատության նախարարը (թեպետ ինքնին պարզ է, որ վերջինս տվյալ իրավիճակում ինքնուրույն որոշումներ կայացնելու ունակ սուբյեկտ չէ):

Ի դեպ, սա նախադեպը չունեցող երևույթ է միջազգային պրակտիկայում: Երբ կողմերը փորձում են մանիպուլյացիայի դիմել, կարող են հղում կատարել Կոնվենցիայի «Փոխանցման պայմանները» վերտառությամբ 3-րդ հոդվածի վրա, որով սահմանված են նյութական և դատավարական ձևական անհրաժեշտ պայմանները (դատապարտյալը պետք է լինի դատավճիռը կատարող պետության քաղաքացի, դատական ակտը պետք է լինի վերջնական և ենթակա չլինի բողոքարկման, ազատազրկման ժամկետը պետք է գերազանցի առնվազն վեց ամիսը, անհրաժեշտ է ծեր կամ ֆիզիկական ու հոգեկան խոցելի վիճակ ունեցող դատապարտյալի համաձայնությունը, դատավճռի հիմքում դրված հանցագործությունը պետք է դատապարտելի լինի նաև դատավճիռը կատարող պետության օրենսդրությամբ և, վերջապես, կողմերը պետք է պայմանավորվեն փոխանցելու պայմանների շուրջ): Այո, այդ պայմանների համակարգում չի կարելի հանդիպել ռամիլ սաֆարովի փոխանցման միջնորդությունը մերժելու որևէ իրավական խոչընդոտի, սակայն դրանից բնավ չի բխում, թե Կոնվենցիան պարտավորեցնում է կողմերին բացառապես այդ պայմանների առկայության դեպքում անվերապահորեն իրագործել փոխանցումը:

Նույն Կոնվենցիայի ներածական հատվածում, որպես դատապարտյալների փոխանցման սկզբունքային նպատակն ուրվագծող հիմնադրույթներ, ամրագրված են մի շարք առանցքային նշանակություն ունեցող նախապայմաններ, որոնց անտեսումը պարզապես հանգեցնում է Կոնվենցիայի հիմնադրույթների կոպիտ խախտմամբ ուղեկցվող հատվածական` ըստ ցանկալի իրավիճակային լուծումներն արդարացնող գործընթացների: Այսպես, Կոնվենցիան հստակ ամրագրում է, որ Եվրոպական խորհրդի անդամ պետությունները, ստորագրում են այն` «ցանկանալով զարգացնել քրեական գործերի քննության ոլորտում միջազգային համագործակցությունը», «հաշվի առնելով, որ այդ նպատակներին հասնելու համար անհրաժեշտ է աջակցել արդարադատության իրականացման կատարելագործմանը (ընդգծումը մերն է)», «հաշվի առնելով, որ Եվրոպական խորհրդի նպատակն է հասնել առավել միասնականության` իր անդամների միջև» և այլն:

Այժմ զուտ իրավական բնույթի հարց. ադրբերջանցի ճիվաղին փոխանցելու վերաբերյալ միջնորդության առնչությամբ, ըստ էության, գաղտնի բանակցությունների արդյունքում դրական որոշում կայացնելով, Հունգարիայի իշխանությունն առնվազն ինչպե՞ս է հիմնավորում դրանով արդարադատության իրականացման կատարելագործման նպատակի երաշխավորվածությունը, ինչպե՞ս  է պատճառաբանում քրեական գործերի քննության ոլորտում միջազգային համագործակցության զարգացմանը նպաստելը: Լավ, մի՞թե ողջամտությունը չի հուշում, որ ցմահ ազատազրկված անձին, որի նկատմամբ կայացված դատավճռով բացառվել է առաջին 30 տարիների ընթացքում, պայմանական վաղաժամկետ ազատում, համաներում ու ներում կիրառելը, այնպիսի պետության հանձնելը, որում բարձրագույն իշխանությունների մակարդակով այդ անձը հերոսացված է, ուղղակի Կոնվենցիայի ակնհայտ ու անթաքույց խախտում է:

Ըստ մամուլի, Հունգարիայի իշխանությունների հաջորդ փաստարկն այն է, որ իրենք Ադրբեջանական կողմից հետ ձեռք են բերել և ամրագրել հստակ պայմանավորվածություն, ըստ որի այդ պետությունը ձեռնպահ էր մնալու դատավճռով սահմանված պատժի վերանայումից և բացարձակապես ղեկավարվելու էր պայմանավորվածությունը կնքելու պահին գործող Սահմանադրությամբ ու օրենքներով: Այս փաստարկը ևս արտաքուստ, ձևական հատկանիշներով, կարծես խոցելի չէ, սակայն պայմանավորվածությունների արժեքի մասին խոսող կողմը չէր կարող իրազեկ չլինել, որ իրական մտադրությունները բոլովին այլ են: Համոզված եմ, որ եթե այդ պայմանավորվածության հիմքում դրված լիներ այն ստորագրած հունգարացու անձնական շահը, երբեք ադրբեջանցու հավաստիացումները լուրջ չէր ընդունի:

Այս դեպքում ևս կարևոր հարց է ծագում. կարո՞ղ էին Հունգարական իշխանությունները սխալվել և թերահավատ գտնվել: Մասամբ ոչ իրազեկները կարող են ենթադրել, որ Հունգարական իշխանություններին ադրբեջանական կողմը պարզապես խաբել է ու արդյունքում կորզել համաձայնությունը: Այ այս վարկածն արդեն ակնհայտ անհիմն է, քանզի ինքս եմ ժամանակին ի պաշտոնե բազմաթիվ առիթներ ունեցել համոզվելու, որ Հունգարական իշխանությունները Հայաստանի իշխանական խողովակներով (և ոչ միայն) բավարար չափով և իրազեկված են և հավաստիացած, որ ադրբեջանական իշխանությունները դատապարտյալի փոխանցման հարցում վարում են ակնհայտ ոչ իրավաչափ քաղաքականություն, հերոսացնում են նրան և համապատասխան խոստումներ տալիս իրենց հանրությանը:

Մեր վերջին հանդիպումը Հունգարիայի արդարադատության և իրավունքի պաշտպանության նախարարի հետ եղել է 2009թ. նոյեմբերի 10-ին, երբ Հանրապետության Նախագահի գլխավորությամբ կազմված պատվիրակության կազմում մեկնել էի Հունգարիա: Նույն օրն էլ ստորագրել ենք «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության և Հունգարիայի Հանրապետության արդարադատության և իրավունքի պաշտպանության նախարարության միջև գործընկերային համագործակցության մասին» համաձայնագիրը: Դրանից հետո, մոտ 1 ժամ տևողությամբ քննարկել ենք հարցեր` հետագա համագործակցության շուրջ, իսկ հարցադրումների մի ստվար հատվածը միանշանակ վերաբերել է հենց ադրբեջանական կողմից ռամիլ սաֆարովի առնչությամբ վարած քաղաքականությանը, մասնավորապես դարձյալ իրենց ենք փոխանցել ադրբեջանական իշխանությունների տարածված տպագիր այն նյութերը և տիրաժավորված սկավառակները, որոնցում հստակ ուրվագծվում էր իրենց դիրքորոշումը: Հանդիպմանը ներկա է եղել նաև հայ համայնքի ղեկավար Ադամ Սարգսյանը, որը ևս բարձրացրել է այս հարցը: Հունգարիայի նախարարի պատասխանը միանշանակ էր. «Մենք բավարար համոզվածություն չունենք, որ այդ դատապարտյալի փոխանցումը կբխի Կոնվենցիայի պահանջներից, ուստի այդ առնչությամբ ձևավորվել է միանշանակ բացասական դիրքորոշում»: Վերջինս ավելացվեց, որ իրենց աղբյուրները (հանդիպման ընթացքում չեն կոնկրետացվել այդ աղբյուրները) ևս վկայում են այն մասին, որ ադրբեջանական կողմը հետապնդում է Կոնվենցիայի նպատակներից շեղվելու միտում:

Նախարարի կողմից, հատկապես, շեշտվեց, որ իրենց խիստ մտահոգել է այն, որ ռամիլ սաֆարովի հերոսացման  գործին լծվել է անգամ այդ երկրի մարդու իրավունքների պաշտպանը` կոչ անելով երիտասարդներին ու պատանիներին` օրինակ վերցնել այդ անձից: Այս քննարկումները, բնականաբար, արձանագրվել են:

Ինչպես հայտնի է, տեղեկատվություն փոխանցելու և միանգամայն իրավաչափ եղանակներով քննարկումներ անցկացնելու ուղղությամբ անհրաժեշտ աշխատանքներ են իրականացրել նաև արտաքին գործերի նախարարությունն ու գլխավոր դատախազությունը: Մասնավորապես, Հանրապետության գլխավոր դատախազ պարոն Ա.Հովսեփյանի հետ որդեգրել էինք, հատկապես, Հունգարիայի մեր կոլեգաների հետ սերտ կապեր պահպանելու, ինչպես ասում են` ձեռքը պուլսի վրա դնելու քաղաքականություն, ինչն ակնհայտ դուր չէր գալիս ազերիներին:

Վերը նշվածը սոսկ մասնավոր դրվագ է, սակայն կարելի է բերել բազմաթիվ փաստեր, երբ հունգարական իշխանությունների տարբեր ներկայացուցիչներ պաշտոնապես դրսևորել են իրազեկվածություն և միանշանակ արտահայտել իրենց մտահոգությունը` ադրբեջանական իշխանության միջնորդության ոչ իրավաչափության առնչությամբ:

Ինչևէ, անվիճելի է, որ հունգարական կողմը բավարար չափով իրազեկ է եղել ադրբեջանական կողմի իրական քաղաքականության և մտադրությունների մասին, քաջատեղյակ է եղել, որ այդ պայմաններում Կոնվենցիան ուղղակի արգելում է բավարարել միջնորդությունը: Բոլորս էլ հնարավորինս հետևում ենք ադրբեջանական մամուլին և էլ ավելի ակնառու է դարձել, որ այդ անձի նկատմամբ ադրբեջանական իշխանությունները տածում են բացառապես պոպուլիստական նկրտումներ և բացահայտ խոստանում են, որ հասնելու են փոխանցմանը և ներմանը: Այսինքն, իշխանությունները չեն էլ փորձել թաքցնել իրենց մտադրությունները, իսկ Հունգարիայի իշխանությունները չէին կարող հանկարծ վերջին մեկ տարում այդքան ներփակված լինել և ծանոթ չլինել այն պետության մտադրություններին, որի հետ պատասխանատու պայմանավորվածություն են ստորագրում:

Ավելին, այսօր ադրբեջանական իշխանությունները մեղադրում են հայկական կողմին` դատապարտյալի փոխանցման թեման իբր թե անհարկի քաղաքականացնելու մեջ, ինչն էլ, հենց իրենց խոսեքերով, խոչընդոտել է փոխանցումն ավելի վաղ իրականացնելուն: Այսինքն` անգամ ադրբեջանական կողմն էլ է փաստում, որ Հունգարիայի իշխանությունները նվազագույնն իրազեկված են եղել ադրբեջանական իշխանությունների իրական մտադրությունների մասին, պարզապես իրենց բնորոշ գործելաոճով ադրբերաջանցիները փորձել են անհրաժեշտ տեղեկատվություն փոխանցելը գնահատել, որպես անհարկի քաղաքականացման գործընթաց: Իսկ փաստերն ու դեպքերը խեղաթյուրելու ադրբեջանցիների ունակություններն ու նկրտումները որևէ մեկի մոտ կասկած չեն հարուցում:

Այս համատեքստում Հունգարիայի հետ դիվանագիտական կապը խզելու վերաբերյալ դիրքորոշումը դիտարկվում է նաև զուտ իրավական տեսանկյունից անխոցելի ու իրավաչափ, թեպետ, կարծում եմ, միջազգային հարաբերություններում համարժեք քայլեր ձեռնարկելու գործընթացը շարունակական է լինելու:

Ինչ վերաբերում է ադրբեջանի նախագահի «սխրագործությանը», ապա զուտ իրավական չափանիշներով դա առնվազն իշխանազանցություն է: Ադրբեջանի արդարադատության նախարարի և նախագահի աշխատակազմի իրավապահ մարմինների հետ տարվող աշխատանքի բաժնի պետ ոմն ֆուադ ալեսկերովի պաշտոնական հայտարարություններց բխում է հետևյալ հիմնավորումը. «ռամիլ սաֆարովի վերաբերյալ դատավճռով նախատեսված է, որ նրա նկատմամբ պայմանական վաղաժամկետ ազատում կարող էր կիրառվել միայն 30 տարի անց, սակայն նախագահը, օգտվելով միջազգային արենայում իր ուենցած հեղինակությունից, բարձր մակարդակով բանակցություններ է վարել և ցուցաբերելով սկզբունքայնություն` ադրբեջանի իրավունքների ու շահերի պաշտպանության ուղղությամբ, հասել է նրա փոխանցմանը և անհապաղ ազատ արձակելուն»:

Ի դեպ, նշված պաշտոնյաները ձեռնպահ են մնացել հունգարական դատարանի կայացրած դատավճռի օրինականությանն ու հիմնավորվածությանն անդրադառնալուց. հավանաբար, խնայել են իրենց պայմանագրային գործընեկերներին: Թեպետ, կոնկրետ ներման հրամանագրով արդեն իսկ ապտակ է հասցվել Հունգարիայի ողջ արդարադատության համակարգին:

Սակայն ուշագրավն այն է, որ ադրբեջանական իշխանությունները չեն էլ թաքցնում, որ բացառապես արդարադատության նախարարների իրավասությանը վերապահված հարցը վերջին շրջանում դարձել է «բարձր մակարդակով», ընդհուպ` հանրապետության նախագահի կողմից տարվող, ըստ էության, գաղտնի բանակցությունների նյութ, ինչը լուրջ մեղադրանքների հիմք է երկու երկրների իշխանությունների համար` հավասարապես:

Պակաս ուշագրավ չէ այն, որ ադրբեջանական կողմը, որպես փոխանցման պայմանավորվածությունների հիմք է տեսնում ոչ թե իրական մտադրությունները, այլև այդ երկրի նախագահի միջազգային վարկը (մի կողմ թողնենք, թե ինչպիսին է այդ գործչի իրական վարկը): Սա արդեն ակնարկ չէ, այլ ուղղակի ապացույց այն մասին, որ իրավական հարթության վրա գտնվող խնդիրը լուծվել է ինչ-ինչ ոչ իրավաչափ միջազգային-քաղաքական  գործընթացների միջոցով: Ընդ որում, այս լոպազությունը հիմքեր ունի, քանզի հունգարական կողմի ակնհայտ հապճեպությունն ու այդ հարցով քողարկված քաղաքականությունը ևս վկայում են դրա մասին: Իսկ այն, որ ադրբեջանական կողմը վաղուց էր զինվել ոչ իրավաչափ միջոցներով խնդրի լուծման համար հետևողական լոբբինգի միջոցներով, վկայում է այն մասին, որ դեռևս դատավարության ընթացքում շուտափույթ հիմնադրվեց դեսպանատուն:

Վերջապես, պաշտոնական հիշյալ դեմքերը, հերթական անգամ հրապարակայնորեն քծնելով իրենց նախագահին, իսպառ մոռացել են և չեն փորձել որևէ կերպ հիմնավորել վերջինիս աննախադեպ իրավական ակտը: Այն տպավորությունն է, որ այդ երկրի գլխի համար ոչ միայն միջազգային իրավունքի, այլև սեփական երկրի օրենսդրության նորմերը որևէ արժեք չունեն:

Իհարկե, ներման իրավունք նախագահին վերապահված է (ադրբեջանի սահմանադրության 109-րդ հոդվածի 22-րդ կետ):  Սակայն այդ երկրի օրենսդրությունը նախագահին վերապահում է ներում հայտարարելու հատուկ ընթացակարգ ու պայմաններ: Ինչևէ, այդ երկրի քրեական օրենսգրքի 82.3-րդ հոդվածի համաձայն, ցմահ ազատազրկման դատապարտված անձին ներման կարգով կարող է պատժաչափը փոխարինվել մինչև 25 տարի ժամկետով ազատազրկմամբ: Անգամ նախագահն անտեսել է իր իսկ կողմից ընդունված 2001թ. հուլիսի 8-ի հրամանագիրը, որի 8.4-րդ կետով ցմահ բանտարկության դատապարտվածին ներում շնորհելու հարցը կարող է քննարկվել միայն այն դեպքում, երբ տվյալ անձն կրել է առնվազն 10 տարի: Նկատենք, որ սաֆարովը պատիժը կրում է 2004 թվականից:

Առիթ եմ ունեցել ներկա գտնվել նաև սաֆարովի դատավարության որոշ նիստերի, հեռակա հետևել ողջ ընթացքին, մասնակի քննարկումներ եմ ունեցել տուժողի շահերի ներկայացուցիչ Նազելի Վարդանյանի հետ: Արդարացի, հիմնավորված դատավճիռը դյուրին չի ծնվել, ընթացքում եղել են արդարադատությունը կասկածի տակ դնող բազմաթիվ դրվագներ, ընդհուպ` ռամիլի անմեղսունակությունը «ապացուցող» փորձագիտական եզրակացություններ: Կարծում եմ, այնուամենայնիվ, երկու գործոն վճռորոշ նշանակություն ունեցան` ա) Նազելի Վարդանյանի և նրա աջակիցների (այդ թվում` երջանկահիշատակ դեսպան Ջիվան Թաբիբյանի) հիմնավորված, համբերատար ու խելացի քայլերը և բ) սաֆարովի կողմից մեկուսարանում նաև հունգարացի երկու ծառայողների նկատմամբ ոտնձգություն կատարելու փաստը: Այս վերջին դրվագը հունգարական արդարադատության մարմիններին կարծես սթափեցրեց (ցավոք, միայն ժամանակավոր), պարզ դարձավ, որ գործ ունեն կայացած երդվյալ հանցագործի հետ, որը փորձում է ադրբեջանական անհեռանկար սցենարով «գժական խաղալ»:

Հետգրություն: Կարծում եմ, ադրբեջանական կողմը տարել է մի «հաղթանակ», որը որոշ ժամանակ անց, երբ կրքերը կհանդարտվեն, դեռ կվերածվի խայտառակ պարտության: Դա երկրի նախագահի համար խելամիտ քայլ չէր, այն ակնհայտ պոպուլիստական, սակայն երկրի վարկը տևական ժամանակով անվերապահ հարվածի տակ դնող արկածախնդրություն է: Իհարկե, ցավալի է, որ մարդասպանը հանիրավի հայտնվել է ազատության մեջ, սակայն դա անփոխարինելի ապացույց է այդ երկրի ու դրա նախագահի իրական կերպարի ու որդեգրած քաղաքականության ու մտածելակերպի մասին: Սա դաս է նաև եվրոպական այն երկրներին, որոնք դեռևս համարժեք չեն պատկերացնում ստեղծված վիճակը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գերխնդրի կապակցությամբ ուտոպիստական լուծումներ են առաջադրում, վտանգելով այդ տարածաշրջանի բնակչությանը:

 

ՀՀ սահմանադրական դատարանի խորհրդական,

«Սահմանադրական իրավունքի կոնկտրոն» Հ/Կ

խորհրդի նախագահ, իրավագիտության դոկտոր,

պրոֆեսոր Գևորգ Դանիելյան 

Հ. Գ. «Առավոտի» կողմից նշենք, որ Գեւորգ Դանիելյանը Բուդապեշտում հետեւել էր Գուրգեն Մարգարյանի սպանության դատավարությանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930