Ինչպես տեղեկացրել էինք՝ օգոստոսի 30-ի երեկոյան ոստիկանության Թումանյանի բաժնում ահազանգ էր ստացվել, որ ոմն Բոդոլ հարձակվել է Ախթալայի քաղաքապետ Հայկազ Խաչիկյանի տան վրա:
Դեպքի վայր մեկնած օպերատիվ-քննչական խումբը պարզել էր, որ Ախթալայի բնակիչ Արսեն Չիչյանը և Շնող գյուղի բնակիչ Էդգար Հախվերդյանը ժամը 18.30-ի սահմաններում հարձակվել են Կարեն Խաչիկյանին պատկանող Ախթալա քաղաքի Սպանդարյան փողոցի 52-րդ շենքի 10-րդ բնակարանի վրա, կոտրել մուտքի դուռը` ոչնչացնելով ու վնասելով տան գույքը, այնուհետև վնասել են նշված շենքի բակում կայանված, Կարեն Խաչիկյանի եղբոր «Մերսեդես Բենս» մակնիշի ավտոմեքենան, ինչի հետևանքով պատճառել են առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս:
Փաստի առթիվ ՀՀ ոստիկանության Լոռու մարզի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 185 հոդվածի 3-րդ մասի առաջին կետով հարուցվել էր քրեական գործ:
Նախաքննությամբ պարզվել էր նաև, որ Կարեն Խաչիկյանը գալով տուն, իմացել էր կատարվածի մասին և հորեղբոր որդու` Վաչագան Խաչիկյանի հետ գնացել էին Արսեն Չիչյանի` Ախթալա քաղաքի Աբովյան փողոցի 22 շենքի թիվ 2 բնակարանը, որտեղ դիտավորյալ վնասել և մասամբ ոչնչացրել էին նրանց տան գույքը, հարվածներ հասցրել տան անդամներին:
Օգոստոսի 31-ին որոշումներ էին կայացվել Էդգար Հախվերդյանին և Արսեն Չիչյանին ՀՀ քրեական օրենսգրքի 185 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով որպես մեղադրյալ ներգրավելու մասին, նրանց նկատմամբ հայտարարվել էր հետախուզում և միջնորդություն էր ներկայացվել դատարան՝ որպես խափանման միջոց կալանք կիրառելու մասին:
Խուզարկությամբ Էդգար Հախվերդյանի տնից հայտնաբերվել էր ինքնաշեն ատրճանակ, իսկ Արսեն Չիչյանի տնից՝ 3 փամփուշտ:
Օգոստոսի 31-ին Էդգար Հախվերդյանը կալանավորվել է, իսկ Կարեն Խաչիկյանը՝ ձերբակալվել:
Նախաքննությունը շարունակվում է:
ՀՀ ոստիկանություն