Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ստորագրելով Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելու և հետագա պատիժը կրելուց ազատելու որոշման ակտը, խախտել է օրենքը: Այդ մասին contact.az. կայքում գրում է պրոֆեսոր Խանլար Ալիկպերովը:
«Գերագույն դատարանի վճռով Ռ. Սաֆարովը դատապարտվել է ոչ թե կոնկրետ ժամկետով. այլ` ցմահ: Նկատի ունենալով այդ քրեական պատժի յուրահատկությունը և հանցանքի ծանրությունը, որի համար այն նշանակվում է, օրենքը նաև սահմանել է նման մարդկանց ներում շնորհելու հատուկ կարգ: Այսպես, համաձայն Ադրբեջանի քրեական օրենսգրքի 82,3 հոդվածի՝ ցմահ ազատազրկումը ներմամբ կարող է փոխարինվել միայն 25 տարվա ազատազրկումից հետո»,- ասել է Ալիկպերովը: Նրա խոսքերով՝ «առավելագույնը, որ կարող է անել պետության ղեկավարը, դա Սաֆարովի ցմահ բանտարկությունը 25 տարի բանտարկությամբ փոխարինելն է»:
Պրոֆեսորի կարծիքով՝ «պետության ղեկավարի հրահանգը հակասում է Ադրբեջանի Հանրապետության նախագահի 2001թ. հուլիսի 18-ի հրամանով հաստատված Ներման դրույթի 8.4 կետին, որի համաձայն՝ դատապարտյալների, ցմահ ազատազրկվածների ներման հարցը կարող է վերանայվել միայն այդ դատապարտյալների ազատազրկման 10 տարին լրանալուց հետո»: Իսկ Բուդապեշտի դատարանի կողմից 2006թ. Ապրիլի 13-ին դատապարտված Սաֆարովն իր ներման պահին կրել է 10-ից պակաս տարվա պատիժ:
Հիշեցնենք, որ Ռամիլ Սաֆարովը 2004թ. փետրվարի 19-ին կացնի 16 հարված է հասցրել և սպանել ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում իր հետ Հունգարիայում անգլերեն լեզվի կատարելագործման կուրսերին մասնակցող հայկական բանակի սպա Գուրգեն Մարգարյանին:
Կարդացեք նաև
Բուդապեշտի քաղաքային դատարանը այս գործով դատավճիռը կայացրել է 2006թ. ապրիլի 13-ին: Սաֆարովը դատապարտվել է ցմահ բանտարկության, առանց առաջին 30 տարիներին համաներման իրավունքի:
«Փաստինֆո»