Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հայաստանի համար մի բան հստակ է

Սեպտեմբեր 01,2012 11:39

Հայաստանի Հանրապետությունը երեկ դադարեցրել է Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունը` այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ 2004 թվականին Բուդապեշտում հայ սպա Գուրգեն Մարգարյանին սպանած ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովին Հունգարիայի իշխանությունը արտահանձնել է Ադրբեջան, որտեղ էլ Սաֆարովը արդարացվել է:

Հայաստանի իշխանությունը երեկ այս իրադարձությանը արձագանքել է ոչ միայն այդ որոշմամբ, այլ նաև ՄԱԿ-ի անդամ երկրների դիվանագիտական ներկայացուցիչներին նախագահական նստավայր հրավիրելով, որտեղ Սերժ Սարգսյանը նրանց ներկայությամբ բավական կոշտ գնահատական է տվել թե՛ Հունգարիայի որոշմանը, թե՛ , բնականաբար, մարդասպանին արդարացնելու ադրբեջանական գործողություններին` նաև հայտարարելով, որ հայ ժողովուրդը չի հանդուրժելու տեղի ունեցածը:

Այս հայտարարությունը, որ հնչել է միջազգային դիվանագիտական կորպուսի ամբողջ հավաքակազմի առաջ, առավել ուշագրավ է դառնում մեկ այլ հայտարարության համատեքստում, որ Սերժ Սարգսյանն արել էր երեկ հրավիրված Անվտանգության խորհրդի արտահերթ նիստում: Սերժ Սարգսյանը այդ նիստում ևս ունենալով բավական կոշտ բնորոշումներով ելույթ` նաև դիմել էր ԱԱԾ պետին և հորդորել նրան ԱԽ նիստից հետո մնալ իր մոտ՝ հատուկ հանձնարարություն ստանալու համար: Թե ինչ է եղել այդ հանձնարարությունը` մնում է միայն գուշակել:

Միաժամանակ, իհարկե, արդեն իսկ հնչել են տարբեր գնահատականներ, մասնավորապես` համացանցային քննարկումներում, որ դա ընդամենը PR հայտարարություն էր և չի կարող ունենալ առարկայական շարունակություն: Սա, իհարկե, ցույց կտա ժամանակը, սակայն անկասկած է նաև, որ ժամանակի ընթացքում այդ հայտարարությանը առնվազն համահունչ գործողությունների դրսևորման բացակայության պայմաններում Հայաստանի իշխանությունը կարող է հայտնվել բավական լուրջ ընդդիմախոսության նոր ալիքի տակ, առավել ևս, որ Սաֆարովի վերաբերյալ որոշման առումով հայաստանյան իշխանությունների, այսպես ասած, լռությունը արդեն իսկ բուռն և արդարացի ու հիմնավոր քննադատություն է առաջացրել հասարակական տարբեր շրջանակներում:

Միևնույն ժամանակ, իհարկե, ի տարբերություն կանխարգելիչ քայլերի հարցում լիակատար տապալման` Հայաստանը, գոնե իր պատասխան գործողություններում լինելով առավել ակտիվ, օպերատիվ և արդյունավետ, պետք է փորձի որոշումներ կայացնել` միանգամայն սթափ գնահատելով ամեն ինչ և չդիմելով զգացմունքային կամ պաթոսային քայլերի, արկածախնդրության, որովհետև գուցե նաև տեղի ունեցածում կան ենթատեքստեր, որոնցում առկա է հենց Հայաստանի նման արձագանքի հաշվարկ՝ ծուղակի նպատակով:

Բոլոր դեպքերում` անկասկած է, որ տեղի է ունեցել մի իրադարձություն, որը տարածաշրջանում իրավիճակի լարման աղբյուր է հանդիսացել: Իսկ դա նշանակում է, որ լարումը կա՛մ պետք է աճի և հասնի իր գագաթնակետին` սպառվելով ինքնաբերաբար, կա՛մ պետք է հանգուցալուծվի որևէ հակառակ անակնկալով: Այդ իմաստով Հայաստանի Հանրապետությունը պետք է գործի համարձակ, օպերատիվ, պատվախնդիր, բայց միևնույն ժամանակ շրջահայաց կերպով՝ ծուղակում չհայտնվելու համար: Բայց միանշանակ է երևի թե մի բան, որ Հայաստանը պարտավոր է առարկայորեն մշակված որևէ քայլով պատասխանել տեղի ունեցած գործողությանը, առավել ևս, որ կան դրա բարոյաքաղաքական գրեթե բոլոր հիմքերը:

 Առաջին լրատվական

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930