Լրահոս
Օրվա լրահոսը

Այսօրվա պարտությունը՝ տեւական հաղթանակ

Սեպտեմբեր 01,2012 10:02

Երիցս իրավացի էր Մոնթե Մելքոնյանը, երբ ղարաբաղյան ազատամարտի ամենաթեժ օրերից մի օր հեռախոսով գանգատվում էր այն ժամանակ Ղարաբաղի ինքնապաշտպանության կոմիտեի նախագահ Սերժ Սարգսյանին, որ իր մարտիկները զոհված ընկերներից մեկի թաղմանը մասնակցելու համար լքել են դիրքերը: «Ասոնք էշ են, է՛շ», ասել էր նա: Իսկ երբ Սերժ Սարգսյանը հարց էր տվել, թե այդ դեպքում ադրբեջանցիք ինչո՞ւ չեն առաջանում ու գրավում մերոնց դիրքերը, աննման Ավոն «բացատրել» էր. «Անոնք ա՛լ ավելի էշշ են»…

Դժբախտաբար միայն Ավոյի բնորոշմամբ կարելի է բնութագրել հայկական կողմի անգործունեությունը ադրբեջանցի ոճրագործ Սաֆարովի գործում: Հակառակ 8 տարի շարունակվող ադրբեջանական հոխորտանքներին, տարբեր աղբյուրներից ստացվող նախազգուշացումներին, մեր պետական համապատասխան մարմինները ոչինչ, կամ գրեթե ոչինչ չարեցին ազերի ոճրագործին հունգարական բանտում ցմահ պահելու համար: Դիվանագիտական ասպարեզում արդեն 150 տարի է դեռ չենք սովորել, որ արդարությունը, այս պարագայումՙ արդարադատությունը, առանց համապատասխան պաշտպանվածության, խիստ անուժ է եւ անօգնական: Չենք ըմբռնել, որ միջազգային իրավաբանական թե բարոյական օրենքները, պայմանավորվածությունները, պայմանագրերն ու կոնվենցիաները առ ոչինչ են, եթե դրանք չեն ուղեկցվում ուժեղ վերահսկողությամբ կամ հակակշիռներով:

Իսկ այժմՙ ադրբեջանական «ա՛լ ավելի» էշշության մասին:

Իլհամ Ալիեւը Հունգարիայի ուխտադրուժ մեղսակցությամբ մարդասպանին Բաքու վերադարձնելուց հետո, անմիջապես ներում է շնորհել նրան եւ արժանացրել «հերոսական» ընդունելության: Դա, անշուշտ, նա արել է «հերոս» մարդասպանի «փառքից» իր բաժինը վերցնելու, 3-րդ անգամ եւ հավերժ իր սուլթանությունը ապահովելու համար: Դրանով իսկ նա հրաշալի առիթ է տվել մեզՙ հայերիս, մեր օտարերկրացի բոլոր բարեկամների օգնությամբ նաեւ, ողջ աշխարհին համոզիչ կերպով ցույց տալու, թե ում հետ է մեր գործը, թե ինչպիսի երկիր ու պետություն է Ադրբեջանը, թե ո՛վ է արցախցիներին «բարձրագույն ինքնավարության կարգավիճակ» խոստացողը, թե ինչ է նշանակել եւ ինչ է նշանակում ադրբեջանցի մարդասպանի եւ մարդասպան հրոսակի հետ համատեղ կյանքը, թե միայն միջազգայնորեն ճանաչված եւ մեր զինվորի վերահսկողության տակ գտնվող Հայաստանի Հանրապետության – Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սահմաններում հայ ժողովուրդը կարող է ապահով զգալ իրեն:

Շնորհակալություն Ալիեւին Ադրբեջանի հավաքական կերպարը այսքան հստակ, այսքան ցցուն եւ այսքան համոզիչ ներկայացնելու համար:

Դիվանագիտական լայնածավալ աշխատանքի, քարոզչական խելացի ջանքերի եւ պետական ու ժողովրդական ազդու գործունեության միջոցով մենք կարո՛ղ ենք այսօրվա մեր պարտությունը վերածել տեւական հաղթանակի:

Հ. ԱՎԵՏԻՔՅԱՆ

«Ազգ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930