Հարցազրույց «Օրինաց երկիր» կուսակցության փոխնախագահ, ՕԵԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանի հետ
–Տիկին Բիշարյան, վերակազմավորումից հետո գումարված ՕԵԿ քաղխորհրդի առաջին նիստի օրակարգում ի՞նչ հարցեր են քննարկվել:
-Քննարկվել են քաղաքական եւ կազմակերպչական հարցեր` կապված առաջիկայում սպասվող ՏԻՄ ընտրությունների հետ: Քննարկվել են նաեւ խնդիրներ, որոնք վերաբերում են սեպտեմբերից կուսակցական կառույցների եւ գրասենյակների ակտիվ գործունեությանը, առաջիկա ամիսներին կատարվելիք աշխատանքներին:
–ՏԻՄ ընտրություններին ինչպիսի՞ ներգրավվածություն է ունենալու ՕԵԿ-ը:
-Մենք կարեւորում ենք առաջիկայում սպասվելիք ՏԻՄ ընտրությունները եւ կարծում ենք, որ մասնակցությունը համայնքային ինքնակառավարման մարմինների ձեւավորմանը չպետք է ինքնանպատակ լինի: Երեսունից ավել գյուղական համայնքներում առաջադրել ենք մեր թեկնածուներին, որոնց մի մասը տվյալ համայնքների գործող ղեկավարներն են: Մյուսները նոր, առաջին անգամ առաջադրված ու խոստումնալի թեկնածուներ են:
Իսկ խոշոր քաղաքներում մեր թեկնածուները հիմնականում պայքարելու են ավագանիների անդամ դառնալու համար:
–ՕԵԿ-ը վերջնականապես կողմնորոշվե՞լ է, թե Գյումրիում որ թեկնածուին է սատարելու, կամ ի՞նչ դիրքորոշում է ունենալու:
-Ինչպես արդեն նշեցի, մենք խոշոր քաղաքներում ՏԻՄ ընտրություններում մասնակցելու ենք ավագանու անդամների առաջադրմամբ: Հետեւաբար Գյումրիում «Օրինաց երկիր» կուսակցությունը որեւէ թեկնածուի նախապատվություն չի տալու: Համարում ենք, որ ոչ միայն գյումրեցին, այլեւ մյուս բոլոր քաղաքների բնակիչները իրենք պետք է ընտրեն իրենց քաղաքապետին: Մենք պարզապես պետք է ապահովենք ազատ ընտրության իրավունքը, հարգենք ե՛ւ գյումրեցու, ե՛ւ վանաձորցու, ե՛ւ մյուս քաղաքների ընտրողների ցանկացած ընտրություն:
–ՕԵԿ-ը խորհրդարանական ընտրություններին հաջորդած ամիսներին ի՞նչ քաղաքական ու օրենսդրական նախապատրաստություններ է ձեռնարկել, ԱԺ աշնանային նստաշրջանում քննարկելու համար ՕԵԿ խմբակցությունը ի՞նչ օրինագծեր է նախապատրաստել:
-«Օրինաց երկիր» կուսակցության համար ամենամեծ նախապատրաստական աշխատանքը մեր նախընտրական ծրագիրն է: Ինչպես գիտենք, կոալիցիոն կառավարության ծրագիրը կազմվել է նաեւ հիմք ընդունելով ՕԵԿ նախընտրական ծրագիրը: Հետեւաբար կառավարության ծրագրի իրականացումը կնշանակի նաեւ, որ կյանքի են կոչվելու մեր նախընտրական ծրագրերի բազմաթիվ դրույթներ: Բնականաբար կառավարության ծրագրի իրագործումն ապահովելու համար առաջիկայում կլինեն օրենսդրական փոփոխությունների բազմաթիվ նախաձեռնություններ, որոնց մշակմանն ու քննարկմանը ակտիվորեն կմասնակցենք:
Միաժամանակ կարեւոր է նշել, որ առաջիկա օրերին խորհրդարանում շրջանառության մեջ կդնենք երկու տասնյակից ավել օրենսդրական նախագծեր, որոնց թիվը կարճ ժամանակահատվածում կկրկնապատկենք: Նախագծերը կվերաբերեն հասարակության կենսագործունեության ամենատարբեր ոլորտներին: ԱԺ քննարկմանը ներկայացվելիք ՕԵԿ խմբակցության հեղինակած օրինագծերից շատերը կլինեն մայր օրենքներ:
–Տիկին Բիշարյան, հավատացա՞ծ եք, որ ՕԵԿ վերակազմավորման շնորհիվ կուսակցությունը ազատվել է պատեհապաշտներից ու քաղաքական դաշտում պատահաբար հայտնված մարդկանցից:
-Գիտեք, մեր այս կուսակցական նախաձեռնության նպատակը նման մարդկանցից ձերբազատվելն ու կուսակցությունը գաղափարակիր կուսակիցների կուռ ամբողջություն դարձնելն էր: Այսպիսով մենք հետագայում եւս կխուսափենք տհաճ անակնկալներից: Կուսակցության կառույցների վերակազմավորումը ամբողջ երկրում ավարտել ենք դեռեւս հուլիս ամսին, իսկ այսօր բավական դժվարացրել ենք կուսակցության շարքեր ընդգրկվելու գործընթացը:
Մեր նախաձեռնած միջոցառումները միտված են նաեւ կուսակցության մրցունակության բարձրացմանը: Կուսակցությունը կենդանի օրգանիզմ է, որտեղ երբեմն պետք է անհրաժեշտորեն իրականացվեն փոփոխություններ ու բարեփոխումներ: Համոզված եմ, որ ձեռնարկած ներկուսակցական բարեփոխումները մեզ հնարավորինս հեռու կպահեն նման մարդկանցից ու նրանց գործունեությունից:
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
«Հայոց աշխարհ»