Լրահոս
Օրվա լրահոսը

Բողոքի ցույց` Վաշինգտոնում Հունգարիայի դեսպանատան առջեւ

Սեպտեմբեր 01,2012 09:13

Ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի Բաքու տեղափոխվելու մասին տեղեկատվությունը ստանալուց ժամեր անց ԱՄՆ-ի մայրաքաղաքի հայ համայնքի մի քանի ներկայացուցիչներ ինքնաբուխ բողոքի ակցիա կազմակերպեցին Վաշինգտոնում Հունգարիայի դեսպանատան առջեւ:

“Ամոթ Հունգարիային”, “Հունգարիան աջակցում է կացնահարողներին”, “Արյունոտ փողերը ձեզ չեն փրկի”, “Հունգարիայում արդարադատությունը 2 միլիարդ դոլար արժե” եւ մի քանի այլ ցուցապաստառներով բողոքի ակցիայի կազմակերպիչները դեսպանատան առջեւ մոտ 3 ժամ անցկացրեցին: Մինչ այդ դեսպանությունից բացատրություն ստանալու նպատակով  էլեկտրոնային նամակների եւ հեռախոսով կապ հաստատելու ցուցարարների փորձերն ապարդյուն անցան:

Ըստ «Ամերիկայի ձայն» ռադիոկայանի՝ բողոքի ակցիայի վերջում դեսպանատան տարածքում հայտնվեց ԱՄՆ-ի հատուկ ծառայությունների մի աշխատակից, ով պարզապես գրանցեց ցույցի կազմակերպիչների անունները` նշելով, որ պաշտպանության համար ահազանգ է ստացվել դեսպանությունից: Ցույցի ավարտին Վաշինգտոնում գործող “Արմենիան ռեփորթըր” թերթի գլխավոր խմբագիր Էմիլ Սանամյանը հանդես եկավ հայտարարությամբ, որտեղ նշեց, թե Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին փոխանցելու Հունգարիայի իշխանությունների որոշումը նշանակում է, որ այդ երկրում հայտնված արտասահմանցիներն այլեւս անվտանգ չեն կարող զգալ իրենց, “քանի որ Հունգարիայում մարդասպաններն ազատ են արձակվում իշխանությունների կամքով”:

Ի դեպ, ԱՄՆ-ի Ազգային անվտանգության խորհրդի կողմից նույն օրը հրապարակվեց խնդրի վերաբերյալ նախագահի հայտարարությունը, որում նշվում է, որ Բարաք Օբաման խորապես մտահոգված է Ռամիլ Սաֆարովի նկատմամբ Ադրբեջանի նախագահի կայացրած ներման որոշումով: “Այս գործողությունը խոչընդոտում է տարածաշրջանային անվտանգությունն ու հաշտեցման հեռանկարները”, ասված է հայտարարության մեջ: Նշվում է նաեւ, որ Միացյալ Նահանգները բացատրություն է պահանջել Հունգարիայից` Սաֆարովին Ադրբեջանի իշխանություններին հանձնելու որոշման վերաբերյալ:

Ավելի ուշ, Ադրբեջանի իշխանությունների որոշման վերաբերյալ հայտարարությամբ հանդես եկավ նաեւ ԱՄՆ-ի Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի երկարամյա անդամ Բրեդ Շերմանը: Հայտարարության մեջ ասված է հետեւյալը. “Ես իմ ձայնն եմ բարձրացնում մեր գործընկեր եւ դաշնակից Հայաստանի Հանրապետության խաղաղության եւ անվտանգության վերականգնման համար: Կոչ եմ անում Ադրբեջանի կառավարության արդարադատության առջեւ կանգնեցնել հանցագործ Սաֆարովին: Նման վարքագիծն ի ցույց է դնում այն փաստը, որ Բաքուն չի ցանկանում հրաժարվել հարեւանների նկատմամբ իր սպառնալիքներից”:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930