Նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանի կարծիքով, ՏԻՄ ընտրությունները 2013-ի նախագահական ընտրություններում ընտրական կեղծիքներն աշխատեցնելու համար են: «Այսօրվա իշխանության պայմաններում ընդհանրապես ընտրությունների մասին խոսելն ավելորդ է, նշանակումներ են տեղի ունենում, միայն Կապանում չէ բոլոր տեղերում էլ նույնն է, նույնիսկ 50 հոգանոց գյուղում գյուղապետ ընտրելն արդեն խնդիր է դարձել: Նման համակարգի պայմաններում ի՞նչ է նշանակում տեղական ընտրություն, լավ կլիներ դա էլ չլիներ, լավ կլիներ նշանակեին, վերջացնեին, որ թշնամանք էլ չլիներ, թե չէ գյուղերում բարեկամներն են թշնամանում, 100 տարվա ընկերներ»,- մեզ հետ զրույցում ասաց պարոն Խաչատրյանը:
Ըստ նրա. «Իշխանությունը մի խնդիր ունի ու նպատակը տեղական իշխանության հարցերով զբաղվելը չէ: Իշխանությունն ուզում է իր տեղական նշանակված մարդկանց միջոցով նախագահական ընտրությունները հստակ կեղծելու մեխանիզմներ ապահովի: Բայց չի լինի, որ տնտեսության մեջ մրցակցություն չլինի ու մեկ էլ քաղաքականության մեջ մրցակցություն լինի. լրիվ փոխկապակցված է: Մի տրամաբանություն է գործում՝ Սերժ Սարգսյան եւ իր համակարգ՝ ավազակապետությունը պահելու»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ