Սիրելի դպրոցականներ, ուսանողներ, մանկավարժներ, կրթության բնագավառի ներկայացուցիչներ
Շնորհավորում եմ Ձեզ սեպտեմբերի մեկի` նոր ուսումնական տարվա մեկնարկի և Գիտելիքի օրվա կապակցությամբ:
Դեպի գիտելիքի աշխարհ մուտքն ազդարարող այս օրը բոլորիս տոնն է: Տոնական այս օրն առանձնակի ջերմությամբ իմ շնորհավորանքներն ու բարեմաղթանքներն եմ հղում բոլոր դպրոցականներին և հատկապես մեր առաջին դասարանցիներին: Ցանկանում եմ, որ գիտելիք ստանալու խանդավառությունն ու բարձր տրամադրությունը նրանց ուղեկցի ուսումնառության բոլոր տարիներին:
Նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ շնորհավորում եմ բոլոր ուսանողներին, մեր հրաշալի երիտասարդներին, ովքեր ուսանողական տարիներին ձեռք բերած հարուստ գիտելիքներով, մասնագիտական բարձր պատրաստվածությամբ և նոր մտածողությամբ գտնելու են իրենց արժանի տեղը մեր հասարակական և քաղաքական կյանքում` դառնալու են հինավուրց պատմություն և մշակութային բարձր արժեքներ ունեցող մեր երկրի ու ժողովրդի արժանի հետնորդները:
Շնորհավորում եմ կրթության ոլորտի բոլոր ներկայացուցիչներին` մանկավարժներին, պրոֆեսորադասախոսական անձնակազմին, ցանկանալով աշխատանքային նոր լիցքեր և եռանդ, որովհետև նրանց ամնօրյա և հետևողական աշխատանքով է պայմանավորված մեր պետության հիմնական ներուժի` մարդկային ռեսուրսի զարգացումը:
Սեպտեմբերի մեկը նշվում է նաև որպես Գիտելիքի տոն: Պետականորեն արժևորելով գիտելիքն ու գիտելիքներով հարուստ անհատին` մենք առավել հզորացնում ենք մեր պետության հիմքերը, միաժամանակ մրցունակ դարձնելով նրան համաշխարհային ժամանակակից զարգացումների համատեքստում: Լիահույս եմ, որ ուսումնական այս տարին, ինչպես և նախորդ բոլոր տարիները, լինելու է կրթության ու գիտելիքի վերարժևորման տարի:
Մեկ անգամ ևս շնորհավորելով Հայաստանի, Արցախի և Սփյուռքի բոլոր դպրոցականներին, ուսանողներին, մանկավարժներին, դասախոսներին, կրթության բնագավառի բոլոր ներկայացուցիչներին նոր ուսումնական տարվա մեկնարկի ու Գիտելիքի օրվա կապակցությամբ, մաղթում եմ նորանոր հաջողություններ, ձեռքբերումներ և նվաճումներ: