Լրահոս
Օրվա լրահոսը

Կոտայքի մարզպետն ու Քաղսիի համայնքապետը չօգնեցին, որպեսզի ընդամենը 3 երեխա դպրոցական հագուստ ունենա

Օգոստոս 31,2012 20:56

ՀՀ ոստիկանությունն այդպես էլ չվճարեց նախկին ոստիկան Մխիթար Ալումյանի արտաժամյա աշխատանքի 2,5 միլիոն դրամ հավելավճարը, ինչի հետեւանքով Ալումյանի դպրոցահասակ 3 երեխաները սեպտեմբերի 1-ին դպրոց չեն կարողանա գնալ:

Ալումյանի 6 ամյա որդու` Նարեկի երազանքը`քույրերի`Կարինեի ու Գայանեի նման դպրոց հաճախել, դպրոցական նստարանի մոտ նստել, գրել-կարդալ իմանալ, չի իրականանա:

Aravot.am-ի հետ զրույցում նախկին ոստիկանի կինը` Շուշանիկ Նասիբովնան ասաց, որ գումար չունեն, որպեսզի երեխաների համար դպրոցական հագուստ ու կոշիկներ գնեն: Տիկնոջ ներկայացմամբ` օրեր առաջ ՀՀ նախագահի աշխատակազմից 50 հազար դրամ են տրամադրել, սակայն այդ գումարով հազիվ հասցրել են գրենական պիտույքներ եւ դպրոցական պայուսակներ գնել երեխաների համար. «Էդ 50 հազարից 7 հազար էր մնացել, էն էլ աղջկաս հիվանդանոց տարանք, անալիզներ պիտի հանձներ, էդ մնացած փողն էլ էդտեղ մուծեցինք: Հիմա խեղճ երեխեքս հագնելու բան չունեն, սեպտեմբերի 1-ին էլ չեմ կարող ծակ կոշիկով, կամ հնամաշ շորերով ուղարկել դպրոց»:

Որպեսզի 3 երեխաները հասակակիցներից ու ընկերներից ետ չմնան, հագուստ ունենան ու դպրոց գնան, մայրը փորձել է պետական «դռներից» օգնություն խնդրել: Մխիթար Ալումյանի տիկինը Aravot.am-ին վստահեցրեց, որ դիմել է իրենց գյուղի` Քաղսիի համայնքապետ Սեդրակ Դավթյանին, սակայն վերջինս մերժել է: Տիկին Նասիբովնան փորձել է իրենց մարզպետ Կովալենկո Շահգելդյանից օգնություն խնդրել, բայց տիկնոջը մարզպետի ընդունարանի աշխատակիցները նրա սենյակին անգամ մոտ չեն թողել` ասելով` «Ի՞նչ ա, ստեղ օգնության հիմնադրա՞մ ա, ի՞նչ ա, որ էկել ես օգնություն ես ուզում»:

«Ամուսնուս աշխատավարձը եթե վճարած լինեին, ես մուրացկանի պես դռները չէի ընկնի: Ախր ամուսինս իր ազնիվ քրտինքով վաստակածն ա ուզում: Մենք մեր հասանելիքն ենք ուզում: Բա ես երեխաներիս ո՞նց բացատրեմ, ինչ սրտով ասեմ, որ դպրոց չեն կարա գնան, մանավանդ որ անհամբեր սպասում են սեպտեմբերի 1-ին»:

Հիշեցնենք, որ արդեն 3 ամիս է նախկին ոստիկան Մխիթար Ալումյանը պարբերաբար բողոքի ակցիաներ` ինքնահրկիզման փորձ, հացադուլ, նստադուլ է կազմակերպում ՀՀ ոստիկանության շենքի եւ նախագահական նստավայրի մոտ`պահանջելով իր աշխատավարձը, ինչը ոստիկանությունը հրաժարվում է վճարել, պատճառաբանելով, որ այն գրանցամատյանները, որտեղ նշված են Ալումյանի արտաժամյա աշխատանքի ժամերն ու օրերը, անհետ կորել են:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031