Լրահոս
Օրվա լրահոսը

Ռամիլ Սաֆարով. «Ես պատրաստ եմ վերադառնալ բանակ»

Օգոստոս 31,2012 20:32

Հայ զինծառայողի սպանության համար Հունգարիայում ցմահ բանտարկության դատապարտված եւ անցած գիշեր էքստրադիցիայի ենթարկված Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանում դիմավորեցին ինչպես ազգային հերոսի: Հենց Բաքվի օդանավակայանում ադրբեջանցի պաշտոնյաները Սաֆարովին նոր անձնագիր շնորհեցին, հետո նրան ուղեկցեցին Շեհիդների ծառուղի` Հեյդար Ալիեւի գերեզմանին: 

Առավոտյան էլ Սաֆարովը արդեն հայրական տանն էր, ուր APA գործակալության բնորոշմամբ` «ժամեր շարունակ չէր դադարում այցելուների հոսքը»:

Սաֆարովի հայրական տունը պաշարված էր նաեւ ադրբեջանցի լրագրողների կողմից: Ինքը` Սաֆարովը, լրագրողների հետ շփվում էր անթաքույց հաճույքով` շարունակ շնորհակալություն հայտնելով Ադրբեջանի նախագահին, որ իրեն ներում շնորհեց: Ի դեպ, նման շուտափույթ ներման փաստը զարմացրել էր անգամ Սաֆարովի հորը:

«Թրենդ» գործակալությանը տված հարցազրույցում Սահիբ Սաֆարովը ասել է. – «Ես չէի ակնկալում, որ իմ որդուն Հունգարիայից Ադրբեջան ժամանելուն պես այդքան արագ ներում կշնորհեն»:

Ինչ վերաբերում է Ռամիլ Սաֆարովին, ապա նա լրագրողների հետ զրույցում նշում էր. – «Թեեւ ես ութ տարի եմ անցկացրել օտարության մեջ, մենախցում, բայց եւ այնպես չէի հուսալքվում: Եվ երբ եկավ հարմար պահը, մեր գերագույն գլխավոր հրամանատարը լուծեց այս հարցը», – նշում էր Սաֆարովը:

«Հայրենիքում գտնվելը հիանալի զգացում է, կարծես նորից ծնված լինեմ», – հայտարարում է հայ սպայի դաժան սպանության համար ցմահ ազատազրկման դատապարտված ադրբեջանցի զինվորականը` խոստովանելով, որ արդեն իսկ մտածել է, թե ինչով է զբաղվելու առաջիկայում. – «Ես պատրաստ եմ շարունակել իմ զինվորական ծառայությունը»:

Ադրբեջանական իշխանությունները չեն հերքում, որ Սաֆարովի էքստրադիցիան հնարավոր դարձավ հունգարական կողմի հետ համագործակցության շնորհիվ:

«Մենք բարձր ենք գնահատում ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի վերադարձի խնդրում հունգարական կողմի հետ մեր ունեցած համագործակցությունը: Մենք որոշ ժամանակ աշխատում էինք այս ուղղությամբ», – ասել է ադրբեջանական արտգործնախարարության խոսնակ Էլման Աբդուլաեւը:

Ադրբեջանցի մեկ այլ բարձրաստիճան դիվանագետ` Բուդապեշտում այդ երկրի դեսպան Վիլայաթ Գուլիեւը, «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությանը եւս տեղեկացրել է, որ Բաքուն մի քանի ամիս շարունակ աշխատում էր այս ուղղությամբ: «Այս ամենը հանկարծակի տեղի չի ունեցել», – ասել է նա:

Իրենց ոգեւորությունը չեն կարողանում թաքցնել նաեւ իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցության ներկայացուցիչները:

«Սաֆարովին ներում շնորհելը ուրախալի իրադարձություն է», – հայտարարել է իշխող կուսակցության գործադիր քարտուղարի տեղակալ, պատգամավոր Մուբարիզ Ղուրբանլին` հավելելով. – «Այս քայլը նախագահ Իլհամ Ալիեւի քաղաքականության տրամաբանական շարունակությունն է: Մեր երկրի ղեկավարը միշտ էլ  իր ուշադրության կենտրոնում է պահել  ազգային ոգով տոգորված հայրենասերներին»:
ին»:

«Ազատություն» ռադիոկայան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031