Ռումինիայում ընթացող ծանրամարտի Եվրոպայի մինչեւ 17 տարեկանների 10-րդ առաջնությունը վաղն ավարտվում է, իսկ այսօր մրցահարթակում Հայաստանը ներկայացնում են երկու հոգի:
Տղաների մինչեւ 85 կգ քաշային կարգում Ռուբիկ Կարապետյանն արդեն ավարտել է մրցելույթները: Ճիշտ է, իրենից առաջ պայքարի մեջ մտած ու մեդալներ նվաճած Հայաստանի վեց ծանրորդների ցուցանիշների ֆոնի վրա գյումրեցու արդյունքն այնքան էլ տպավորիչ չէ, սակայն երկամարտում նրա գրաված չորրորդ տեղը ոչ միայն ապագայի հույսեր է ներշնչում, այլեւ անչափ կարեւոր է ոչ պաշտոնական հաշվարկում թիմային 1-ին տեղը պահպանելու համար, որ Հայաստանն ստանձնել է առաջնության մեկնարկային օրերից:
Ռուբիկ Կարապետյանը պոկում վարժությունում 130 կիլոգրամով ճանաչվեց 5-րդը, իսկ հրումում մեկ աստիճան բարձր տեղ գրավեց (168 կիլոգրամ) ու երկամարտի 298 կգ-ով ի վերջո բավարարվեց չորրորդ տեղով:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ