Այսօր Aravot.am-ը ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանից հետաքրքրվեց, թե այսպիսի հասարակությունում, երբ ընդամենը սպորտային հագուստով ռեստորան մտնելու համար մարդկանց սպանում են, ինչպե՞ս կարող են ինքնաբացարկ հայտնած թեկնածուները դիմում գրել իրավապահ մարմիններին, որ իրենք ճնշումների ներքո են ինքնաբացարկ հայտնել: Եթե մարդուն ճնշում են, նա ինքնաբացարկ է հայտնում, ուրեմն որտեղի՞ց նա ռիսկ պետք է ունենա դիմի իրավապահ մարմիններին էլ՝ հատկապես իմանալով, որ որեւէ բան դրանից չի փոխվի:
Հիշեցնենք, որ Տիգրան Մուկուչյանը Կապանի քաղաքապետի առնչությամբ լրագրողներին պարզաբանում էր, որ նա պետք է դիմեր իրավապահ մարմիններին: Մեր հարցին ԿԸՀ նախագահը պատասխանեց. «Ես բնավ համակարծիք չեմ, որովհետեւ Կապանի քաղաքապետը եթե ռիսկ չունենար դիմում ներկայացնելու, նույն տրամաբանությամբ նա պետք է ռիսկ չունենար նաեւ հայտարարությամբ հանդես գալու: Հայտարարությամբ ի լուր աշխարհի այդ մասին ասվեց, իսկ ի՞նչն էր խանգարում նաեւ դիմել սեփական իրավունքները սահմանված կարգով պաշտպանելու: Թեկնածուն հայտարարություն է արել, որ իրեն ճնշել են: Թեկնածուն չնայած հանդիսանում է կուսակցության անդամ, բայց առաջադրվել է նա ինքնառաջադրման կարգով եւ բացի կուսակցությունից, թեկնածուն ինքը եւս ներկայացրել է հայտարարություն: Եվ եթե անգամ այդ երկու հայտարարությունները համեմատենք միմյանց հետ, գնահատականներն անգամ դրանցում են տարբերվում միմյանցից: Եվ հետո չմոռանանք մի բան, որ մարդը գործող քաղաքապետ է եղել: Եթե մարդը գործող քաղաաքապետ լինելով՝ ներկայացնում է նման հայտարարություն, եթե կուսակցությունը, որի անդամ է հանդիսանում ինքը, նման հայտարարությամբ է հանդես գալիս, այս պարագայում խոսել, որ մարդը վախեցել է, դրա համար չի դիմել իրավապահ մարմիններին՝ ես հակված չեմ ընդունելու»:
Մեր դիտարկմանը, որ մարդիկ չեն վստահում իրավապահ մարմիններին, որովհետեւ վերջիններս նույն գործող ռեժիմի մի մասնիկն են՝ պարոն Մուկուչյանը պատասխանեց. «Եթե դիմումը չի ներկայացվել, դրա վերաբերյալ չկա որեւէ դիրքորոշում, չկա որեւէ եզրահանգում, ինչու ենք ի սկզբանե նման կերպ կանխակալ վերաբերմունք արտահայտում»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ