Այսօր՝ օգոստոսի 31-ին, կրակոցներ են հնչել Երևանում: Ժամը 17:30-ի ահմաններում Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Դրոյի 2 հասցեում գտնվեղ «Լիմոն լանչ» սրճարանային համալիրի մոտ կրակոցներ են հնչել, որի արդյունքում 1 հոգի հրազենային վնասվածքով տեղափոխվել է Միքայելյանի անվան հիվանդանոց:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, «Լիմոն լանչ» սրճարանային համալիրը պատկանում է ԱԺ նախկին պատգամավոր Աշոտ Տոնոյանին:
Այս պահին Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժնի քննիչները` բաժնի պետ Գագիկ Կարապետյանի գլխավորությամբ, դեպքի վայրում զննության աշխատանքներ են կատարում:
Օպերատիվ-քննչական խումբը նշված վայրում հայտնաբերել և առգրավել է 9 կրակված պարկուճ, իսկ Ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձագետները փորձանմուշներ են վերցնում ասֆալտի վրա եղած արյան հետքերից:
Օպերատիվ-քննչական խումբը տեղում պարզել է, որ հիվանդանոց տեղափոխվածը Ախալքալաքի բնակիչ, 23-ամյա Վոլոդյա Հովհաննիսյանն է:
Թե ինչն է եղել կրակոցների պատճառը, այս պահին դեպքի վայրում հավաքված ոստիկանության պատասխանատուները հրաժարվեցին ասել, քանի որ որոշ հանգամանքներ ճշտվում են:
Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանին պատմել են, որ Աշոտ Տոնոյանն այդ սրճարանը, որի մոտ հնչել են կրակոցները, վաճառել է Արթուր Աղաբեկյանին: