Այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կայացած կրթության մշակների օրհնության արարողությունից հետո ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ նաեւ Երևանի «Հրաչյա Աճառյան» համալսարանի փակման խնդրին: Նախարարը նշեց, որ համալսարանի ռեկտոր Ա. Խաչատրյանից նամակ է ստացել բուհի գործունեության դադարեցման մասին. «Գիտակցելով այն հանգամանքը, որ բուհի ուսանողները կրթությունը շարունակելու ցանկություն ունեն, նախարարությունը ներկայացրեց համապատասխան տեղեկատվություն այն մասին, որ նրանք պետք է անհապաղ դիմեն բարձրագույն եւ բուհական կրթության վարչություն՝ կրթությունն իրենց մասնագիտությամբ շարունակելու գործը կազմակերպելու համար: Ուսանողները կարող են տեղափոխվել պետական եւ մասնավոր բուհերի հավատարմագրված կամ չհավատարմագրված ֆակուլտետներ, եթե այդպիսիք կան»:
Նախարարը հավաստիացրեց, որ կրթությունը շարունակել ցանկացող ոչ մի ուսանող չի զրկվի այդ իրավունքից. «Մենք գործունեությունը դադարեցրած մասնավոր բուհերի ուսանողների ճակատագիրը տնօրինելու փորձ ունենք, ինչպես նաեւ՝ հօգուտ ուսանողների որոշումներ կայացնելու կարողություն: Այս դեպքը հերթական առիթն է՝ ուսանողների կրթության իրավունքն ապահովելու համար: Բյուրոկրատական քաշքշուկներից զերծ կմնանք»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ