«Հանցագործ Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին արտահանձնելու հունգարական իշխանությունների քայլն առնվազն տարակուսանք եւ վրդովմունք է առաջացնում, քանի որ պարզ էր, թե Ադրբեջանում ինչ էր սպասվելու այդ մարդասպանին», – այսօր հայտարարել է Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ, իշխող Հանրապետական կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը` մեկնաբանելով Ռամիլ Սաֆարովի էքստրադիցիայի փաստը։
«Իսկ ինչ վերաբերում է նրան ներում շնորհելու Ալիեւի որոշմանը, ապա այս քայլը եւս մեկ անգամ ապացուցում է, որ Ադրբեջանում պետական մակարդակով իրականացվում եւ խրախուսվում է հայատյացության եւ ֆաշիզմի քաղաքականություն», – շարունակել է Շարմազանովը` ամփոփելով. – «Կարծում եմ՝ այս մարդասպանին ներում շնորհելու Ադրբեջանի ապշեցուցիչ քայլը չպետք է անարձագանք մնա եւ դատապարտող գնահատականի արժանանա միջազգային հանրության կողմից»։