Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԳ նախարար. առանց Հայ առաքելական եկեղեցու՝ չկա ազգային դպրոց (Տեսանյութ)

Օգոստոս 31,2012 17:14

Գիտելիքի օրվան ընդառաջ՝ այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ կրթության մշակների օրհնության կարգ և ընդունելություն` Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի հանդիսապետությամբ:
Արարողությանը ներկա էին նաեւ ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը եւ կրթության ոլորտի ներկայացուցիչներ:

Արարողակարգի ընթացքում ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետի դեկան հայր Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանը ներկայացրեց կրթության մշակներին ուղղված Վեհափառ հայրապետի մաղթանքը, որում մասնավորապես ասվում էր. «Ձեզ է վստահված նոր սերնդին կրթելը: Ձեր ձեռքերում է մեր ժողովրդի գալիքը, որը բոլորս ուզում ենք տեսնել լուսավոր եւ պայծառ: Չափազանց կարեւոր է մանկավարժի դերը առողջ հասարակություն ձեւավորելու գործում: Մանկավարժները մեր վաղվա օրվա ճարտարապետներն են եւ մտավոր կերտվածքի քանդակագործները»:

Հայր Անուշավանը հավելեց, որ Վեհափառ հայրապետը կրթության մշակներին կրկին հորդորում է գիտելիքներով հարստացնել ազգի զավակներին եւ կրթել նրանց ազգային արժեքներով, բարոյական սկզբունքներով, արդարությամբ եւ մարդասիրությամբ, առանց որոնց ոչ մի հասարակություն ամուր լինել չի կարող:

Լրագրողների հետ զրույցում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը նշեց, որ ավանդաբար կրթության ոլորտի մշակները Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում համատեղ աղոթքով հայցեցին աստվածային Սուրբ Հոգու շնորհները. «Աղոթք բարձրացնելով առ Աստված՝ խնդրեցինք, որ Տերն իր աջը պահապան դարձնի հայ կրթության մշակներին եւ արգասավորի նրանց աշխատանքը՝ ի նպաստ մեր հայրենիքի զորացման եւ առաջընթացքի»:

Ըստ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի՝ կրթության ոլորտի հատկապես հավատավոր աշխատակիցների համար հեշտ է հաղթահարել փորձությունները եւ զերծ մնալ հաջողությունների անզուսպ ընկալումից. «Առանց Հայ առաքելական եկեղեցու չկա ազգային դպրոց: Ինքնության պահպանման եւ մարտահրավերների դարաշրջանում առանց եկեղեցու հետ համագործակցության դժվար է պատկերացնել արժեհամակարգի ձեւավորման խնդիրը երիտասարդության շրջանում: Երբ կար եկեղեցին, ԿԳ նախարարությունը չկար»:

Նախարարը հավելեց, որ տարաբնույթ կազմակերպություններ փորձում են այլ կերպ մեկնաբանել եկեղեցու հետ համագործակցությունը, սակայն կրթության պահպանման հարցում եկեղեցու բացառիկ առաքելությունն ամրագրված է Սահմանադրությամբ. «Այդ համագործակցությունը բարոյական է»:

«Հայ եկեղեցու Համաշխարհային երիտասարդական կազմակերպության» (ՀԵՀԵԿ) կենտրոնական գրասենյակի տնօրեն Գեւորգ Մկրտչյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ յուրաքանչյուր սեպտեմբերի 1 դպրոցականների համար նոր կյանքի սկիզբ է հանդիսանում. «Ցանկանում եմ, որ ուսումնական տարին դպրոցականները մեկնարկեն կարեւորագույն սկզբունքով՝ ճանաչել իմաստություն: Դա քրիստոնեական այն սկզբունքն է, որով հասնում են աստվածային ճշմարտությանը: Այս գիտակցումով է, որ կրթությունը եւ գիտությունը պետք է իրենց տեղն ունենան յուրաքանչյուրի կյանքում: Վստահ եմ, որ դպրոցականներն իրենց ուսումնառության տարիներին կհավաքեն կյանքի հաջորդ փուլերի համար անհրաժեշտ գիտելիքներ»:

Գեւորգ Մկրտչյանը հավելեց, որ աշակերտը դպրոցից է ստանում հոգեւոր կրթություն. «Այդ կերպ վերականգնվեց պատմական ճշմարտությունն այն մասին, որ եկեղեցին մեծ դեր ունի կրթական համակարգում: Հատկապես ուրախալի է այն փաստը, որ աշակերտները մասնակցում են օլիմպիադաների՝ դրսեւորելով հոգեւոր գիտելիքների մեծ պաշար»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031