«Եթե «Ժառանգության» մեր գործընկերները կարող են համոզել, թե հասարակությանը, թե քաղաքական ուժերին, որ իրենց նախաձեռնության անհրաժեշտություն կա, կարող ենք քննարկել»,- անդրադառնալով 18 տարին լրացած ու արտերկրում բնակվող ՀՀ քաղաքացիներին էլ թույլատրելու համապետական ընտրություններին մասնակցելու «Ժառանգություն» խմբակցության նախաձեռնությանը՝ ասաց ՀՀԿ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
Նա հիշեցրեց, որ մինչ օրենքում այդ դրույթի ամրագրումը՝ ընդդիմադիր ուժերը քննադատում էին իշխանություններին , որ արտասահմանում ընտրական հաշվարկը վերահսկելու հնարավորություն չկար: «Եվ սա հանվել է, որ խոչընդոտ չլինի»,- բացատրեց. Է. Շարմազանովը:
Անդրադառնալով «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանի մտավախությանը, թե «Ժառանգության» նախաձեռնությունը ռիսկային է ու կարող է նպաստել Հայաստանի իշխանությունների ճնշումներին արտասահմանցի հայ ընտրողների վրա, պարոն Շարմազանովը հավատացրեց. «Այսօրվա Հայաստանի իշխանությունները ճնշում գործադրելու ոչ ցանկություն ունեն, ոչ էլ հնարավորություն: Այսօրվա քաղաքական իշխանությունները իրականացնում են ժողովրդավարական բարեփոխումների քաղաքականություն»:
Կարդացեք նաև
Նաեւ կատակեց, թե «Ժառանգություն» խմբակցությունն այնքան հաճախ է նախաձեռնությամբ հանդես գալիս. «Մենք ինչպես կարծում ենք, այնպես էլ ընդունել ենք Ընտրական օրենսգիրքը, որը արժանացել է միջազգային կառույցների բարձր գնահատականներին, որի առկայությամբ կարողացել ենք կազմակերպել մեր նորագույն պատմության մեջ լավագույն ընտրությունները»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ