Լրահոս
Օրվա լրահոսը

ՇԱՐՈՒՆԱԿՎՈՂ ԽԱՂԱՄՈԼՈՒԹՅՈՒՆ

Օգոստոս 31,2012 16:34

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

ԳԻՐՔ ՏԱՍՆՉՈՐՍԵՐՈՐԴ

Գլուխ քսանհինգերորդ

ՇԱՐՈՒՆԱԿՎՈՂ ԽԱՂԱՄՈԼՈՒԹՅՈՒՆ

Եվ Աշոտը բուֆետապանուհուն հարցրեց՝ «միտինգում ի՞նչ էին խոսում», եւ բուֆետապանուհին մի քիչ մտածեց ու ասաց՝ «հիմնականում ազատություն էին գոռում», եւ Աշոտը Ժպտալով բուֆետապանուհուն հարցրեց՝ «դրա համար ե՞ս մեր ազատության մասին էդքան մտածում», եւ բուֆետապանուհին զարմացած հարցրեց՝ «ո՞ւմ ազատության մասին եմ մտածել», եւ Աշոտը ժպտալով պատասխանեց ու ասաց՝ «էս չորսիս», եւ բուֆետապանուհին զարմացած հարցրեց՝ «ո՞նց եմ ձեր ազատության մասին մտածել», եւ  Աշոտը ժպտալով բուֆետապանուհուն ասաց՝ «դրսերում էսքան  ֆռֆռացել՝ միտինգ ու ներկայացում ես նայել, որ մենք ըստեղ մեզ ազատ զգանք», եւ բուֆետապանուհին մի քիչ մտածեց ու ասաց՝ «Գուրգենիչի խաթեր եմ արել», եւ Կարենը մի քիչ մտածեց ու փռթկացնելով բուֆետապանուհուն հարցրեց՝ «էդ ախմախ ներկայացումն ե՞ս իմ խաթեր նայել», եւ բուֆետապանուհին մի քիչ մտածեց ու Կարենին ասաց՝ «քո խաթրը որ չըլներ, էսօր շուտվանից էս քամբախը փակել՝ տուն էի գնացել», եւ Գագոն ժպտալով բուֆետապանուհուն հարցրեց՝ «այսինքն, մենք հեչ խաթր չունե՞նք», եւ Կարենը ժպտալով Գագոյին ասաց՝ «իմ խաթեր էդ ախմախ ներկայացումն ա նայել, ձեր խաթեր էլ միտինգ ա գնացել», եւ բուֆետապանուհին մի քիչ մտածեց ու Կարենին ասաց՝ «քո խաթրը որ չըլներ, շուտվանից փակած՝  գնացած կըլնեի», եւ Կարենը ժպտալով բուֆետապանուհուն ասաց՝ «հոգաչափ շնորհակալ եմ» ու էդ ասելիս Կարենն, իհարկե, բուֆետապանուհու անունն էլ ասաց, բայց բուֆետապանուհու անունը  չեմ գրում ոչ միայն էն պատճառով, որ իրեն տղամարդու խոսք եմ տվել անունը չգրել, այլեւ էն պատճառով, որ բուֆետապանուհու անունն իսկապես մտքիցս թռել է, ինչպես նաեւ էն պատճառով, որ իր ու տղերքի էդ իրիկվա ասածները հիմնականում հորինել ու բստրել եմ, եւ չնայած էդ օրն իսկապես երկու հազար տասնմեկի գարնան առաջին օրն էր, եւ հանրահավաքի մասնակիցներն էլ իսկապես Մատենադարանից երթով եկել ու հասել էին Մյասնիկյանի արձանի մոտ, այդուհանդերձ, էդ իրիկվա մեր ու մանավանդ բուֆետապանուհու ասածների մեծ մասը բստրել եմ՝ ինչպես որ Ջանիբեկյան Կարենի հերթական երջանկության սյուժեն էի մինչեւ էդ բստրել, որովհետեւ ես լրագրող չեմ  ու մարդկանց ասածները դիկտոֆոնով  ձայնագրելու սովորություն չունեմ, ու դիկտոֆոն երբեւէ չեմ էլ պահել, որովհետեւ ես մարդկանցից ոչ թե հարցազրույցներ եմ վերցնում, այլ ընդամենը լսում եմ նրանց ասածները, եւ չնայած նրանց շատ ուշադիր եմ լսում, իրենց ասածների մի զգալի մասը մոռանում եմ, ու էդ է պատճառը, որ հետո, գրելիս, իրենց ասածների  մի զգալի մասն ինձանից եմ հորինում ու բստրում, ու էս հանգամանքն ինձ համար ոչ թե դժբախտություն է, այլ, ընդհակառակը, բարեբախտություն, որովհետեւ եթե հիշողությունս տեղը լիներ, ու մարդկանց ասածները հիշելով՝ նույնությամբ ու մեկին մեկ գրի առնեի, էս գրածս ոչ թե անվերջանալի ու շարունակական վեպ կլիներ, այլ ընդամենը՝ անվերջանալի ու շարունակական լրագրություն, եւ եթե դիկտոֆոն ունենայի ու մարդկանց ասածները մեկ առ մեկ ձայնագրելով՝ մեկ առ մեկ փոխանցեի էս անվերջանալի թղթերին, վերստին էս ամբողջ արածս ոչ թե գրականություն կհանդիսանար, այլ ընդամենը՝ ամենասովորական ու ամենաժամանակակից լրագրություն, եւ դա ինձ համար իսկապես դժբախտություն կլիներ, որովհետեւ մեր օրերում սուտ բաներ գրելու համար լրագրողներին ու խմբագրություններին ոչ միայն դատի են տալիս, այլեւ ահագին էլ տուգանքներ են վզներին դնում. այսինքն, իմ բախտից է, որ էս գրածս լրագրություն չի, եւ չնայած լրագրություն չի, հրատապության իմաստով ամենեւին էլ լրագրությանը չի զիջում եւ եթե երբեմն-երբեմն զիջում էլ է, ապա՝ միայն ու ընդամենը էն պատճառով, որ էս գրածս գրելուցս առնվազն տարիուկես հետո է «Առավոտում» հայտնվում, եւ փառք Աստծո, որ սուտ ու հորինովի բաներ գրելու համար մեզանում որեւէ մեկը որեւէ գրողի դատի չի տալիս ու տուգանք չի կորզում՝ ոչ միայն էն պատճառով, որ մեր գրողներն ի վիճակի չեն տուգանք վճարել, այլեւ ու առաջին հերթին էն պատճառով, որ ողջ աշխարհում ու մեզանում էն գլխից ընդունված է, որ գրողներն անսահմանափակ քանակությամբ ստեր հորինեն ու գրեն, եւ մեզանում նախընտրելին ոչ թե գրողին դատելն է, այլ՝ սպանելը, եւ եթե սպանում էլ են, ոչ թե ստեր փչելու համար են սպանում, այլ՝ ճշմարտությունը գրելու համար, եւ եթե էս գրածս լրագրություն էլ լիներ, էլի դժվար թե որեւէ մեկը դատի տար ինձ, որովհետեւ, էսքան ստեր փչելով հանդերձ, որեւէ մեկի մասին որեւէ վատ բան չեմ գրել, եւ «մի դատիր, որ չդատվես»-ն էլ ամենասիրածս պատվիրանն է, որովհետեւ էությանս ու հնարավորություններիս չափազանց է համապատասխանում, մինչդեռ սուտ չխոսելը չափազանց մեծ դժվարությամբ է ինձ հաջողվում, ավելի ճիշտ՝ ինձ ընդհանրապես չի հաջողվում ստեր չփչել, իսկ ավելի ստույգ՝ ես ոչ միայն սովորական ստախոսների պես ստեր եմ հորինում, այլեւ էդ հորինածներս գրավոր տարածում եմ էս վեպիս ողջ լայնքով ու երկայնքով, եւ հատկապես իմ բախտից է, որ մեր եկեղեցին ու մեր հոգեւոր հայրերը ստախոսությունն ընդամենը սովորական մեղք են համարում, այլ ոչ թե՝ մահացու մեղք, եւ քանի որ էս պահի դրությամբ ստախոսությունը ոչ թե մահացու մեղք է համարվում, այլ ընդամենը՝ սովորական ու ընթացիկ մեղք, ես կշարունակեմ էս ինքնակենսագրությունս նորանոր ու գեղեցիկ  հորինվածքներով համեմել ու համալրել, եւ, դրանից էլ  բացի, սեփական կյանքս ու կենսագրությունս այլոց կյանքերով ու կենսագրություններով համեմել ու համալրել, բայց քանի որ այլոց կենսագրություններն էլ առանձնապես  կատարյալ ու իդեալական չեն, այլոց կենսագրականներն էլ եմ գեղեցիկ ստերով ու հորինվածքներով գեղեցկացնելու ու համալրելու, մանավանդ որ՝ դա մահացու մեղք չի համարվում եւ դրա  համար դատ չի հասնում, իսկ ինչ վերաբերում է գործածս այլեւայլ  մեղքերին, դրանք էնքան շատ են, որ եթե մտաբերելով մեկ առ մեկ թվարկեմ, հակառակորդներս ու մանավանդ գրական հակառակորդներս վերստին ինձ կմեղադրեն, որ արհեստականորեն երկարացնում ու ուռճացնում եմ առանց էդ էլ չափազանց երկար ու չափազանց ուռճացած էս վեպս, եւ, խոսքը մեր մեջ, իրենց էդ ասածի մեջ ահագին  ճշմարտություն կա, որովհետեւ մեղքերիցս ամենաէականի ու ամենատեւականի մասին արդեն էնքան շատ եմ գրել, որ ուրիշ գրողներ ամբողջ կյանքում էդքան տեքստ գրած չկան, եւ եթե գրեին էլ, իրենց բարեմասնությունների մասին կգրեին, այլ ոչ թե՝ գործած մեղքերի, իսկ ինչ վերաբերում է մեղքերիցս էդ ամենաէականին ու ամենատեւականին, երեւի արդեն գլխի ընկաք, որ մեղքերիցս էդ ամենաէականն ու ամենատեւականը խաղամոլությունս է, որը կարմիր թելի պես անցել ու անցնելու է էս վեպիս միջով, եւ եթե չանցներ, չափազանց մեծ սուտ կլիներ, որովհետեւ  խաղամոլությունս ինձ հետապնդել ու հալածում էր դեռեւս սովետական տարիներին, երբ խաղամոլության դեմ հատուկ քրեական հոդված կար, եւ անկախությունից հետո, երբ էդ հոդվածը քրեական օրենսգրքից հանվեց, ես հայտնվեցի Խդոյի ու Դնոյի կազինոներում,  ու էդ կազինոներից ճիշտ ժամանակին վազն անցնելով ու ճողոպրելով՝ այդուհետ ու առ էսօր զանազան բուքմեյքերականներում եմ գոյատեւում ու շարունակվում, եւ էս պահի դրությամբ դժվարանում եմ ասել՝ ավանդական ղումարբազությունն ու կազինոնե՞րն են ավելի մեծ ու ավելի լուրջ փորձանք, թե՝ ժամանակակից բուքմեյքերականները, որոնց ճիրաններից ոչ մի կերպ չեմ կարողանում ազատվել, եւ չնայած հարյուրավոր էջեր եմ սեւացրել բուքմեյքերական կախվածությունից ազատագրվելու  տենչերիս մասին, շոշափելի որեւէ արդյունքի չեմ հասել. ընդհակառակը. ինչքան շատ եմ էդ մասին գրում, էնքան բուքմեյքերականներից կախվածությունս ավելի ու ավելի է մեծանում, բայց, այդուհանդերձ, ես էսօրվա դրությամբ բուքմեյքերականների էն եզակի հաճախորդն եմ, ով, ընդհանուր առմամբ, բուքմեյքերականներից ոչ թե տուժել, այլ, ընդհակառակը, շահել է, ընդ որում՝ միանգամայն նյութապես, այսինքն՝ ֆինանսապես, որովհետեւ երբ բուքմեյքերականներում տանուլ տվածս մտովի համեմատում եմ բուքմեյքերականների մասին էս գրածներիս հոնորարների հետ, ընդհանուր առմամբ շահած եմ դուրս գալիս, մինչդեռ ուրիշները միանշանակ են տուժած, որովհետեւ ղումարբազությունն ընդհանրապես եւ բուքմեյքերական ղումարբազությունն առանձնապես իսկական ու ամբողջական չարիք է, եւ եթե ղումարբազությունն ու մանավանդ բուքմեյքերական ղումարբազությունը չարիք համարելով՝ էս էլ որերորդ անգամ ղումարբազ լինելս ազատորեն ու գրավոր խոստովանում եմ, ինչո՞ւ չպիտի ուրիշների մասին մտածածներս ազատորեն ու գրավոր չարտահայտեմ, մանավանդ որ, ինչպես արդեն նկատել եք, ես ուրիշների մասին հիմնականում լավ ու դրական բաներ եմ գրում, ճիշտ այնպես, ինչպես էս վերջին հատվածներիս մեջ Ջանիբեկյան Կարենի եւ իր հերթական երջանկության մասին բացառապես լավ բաներ գրեցի. այնպես որ, Ջանիբեկյան Կարենն ինձանից դժգոհելու որեւէ պատճառ չունի, եւ եթե  էս վեպս սկզբից  մինչեւ վերջ կարդացած լիներ, ինքն էլ կհամոզվեր, որ ուրիշների մասին ավելի լավ բաներ եմ գրում, քան՝ իմ, եւ դա ոչ թե ուրիշների արժանիքն է, այլ՝ իմը, որովհետեւ ցանկության դեպքում ուրիշների մասին էլ կարող էի վատ բաներ գրել՝ ինչպես որ իմ մասին եմ աջուձախ վատ բաներ գրում. այսինքն, ուրիշներին էլ կարող էի ղումարբազ եւ այլ անուններ կպցնել, մանավանդ որ՝ վայրի կապիտալիզմի մեր օրերում շատերն են ղումարի ու ղումարբազության մեջ խրվելով կործանվել, եւ շատ մեծ ցանկության դեպքում նույնիսկ Ջանիբեկյան Կարենին կարող էի ղումարբազ անվանել, մանավանդ որ՝ անկախության առաջին տարիներին Դնոյի կազինոյում Ջանիբեկյան Կարենին մի քանի անգամ տեսել եմ, չնայած էդ մի քանի անգամն էլ փոխադարձաբար չտեսնելու ենք տվել, եւ անկախության էդ առաջին տարիներին դերասաններից Յուրան էլ էր ժամանակ առ ժամանակ Դնոյի էդ «Աստաֆյան» կոչվող կազինոյում հայտնվում, եւ  շատ մեծ ցանկության դեպքում երկուսին էլ կարող էի ղումարբազ անվանել, բայց նույնիսկ շատ մեծ ցանկության դեպքում էդ բանը չեմ անի, որովհետեւ էսքան հորինելով ու էսքան բստրելով՝ ես, այնուամենայնիվ, խիղճս լրիվ չեմ կորցրել, մանավանդ որ, ի տարբերություն ինձ, երկուսն էլ, ի վերջո, խաղամոլությունից փրկվեցին՝ Կարենը կյանքի շնորհիվ, եւ Յուրան՝ մահվան, եւ, անկեղծ ասած, Կարենի էդ ժամանակավոր խաղամոլությունն էապես էր տարբերվում իսկական ու վերջնական խաղամոլներիս խաղամոլությունից, որովհետեւ ինքն էլ շատերի պես ընդամենը ժամանակավորապես գայթակղվեց անկախության ու կապիտալիզմի բերած էդ շողշողուն ու գայթակղիչ ապարատներով եւ շուտով վերադարձավ բուն ու իսկական կյանք, եւ չնայած ղումարբազների համար  ղումարբազությունը ոչ թե խաղ է, այլ՝ ամենաիսկական կյանք, Ջանիբեկյան Կարենը կյանքի խաղերից ամուսնությունը նախընտրելով՝ անկախությունից ու կապիտալիզմից հետո եւս երկու անգամ ամուսնացավ, եւ չնայած Կարենն ու շատերս լավ էլ հասկանում ենք, որ կյանքն էլ է խաղ, այդուհանդերձ, էս կյանք կոչվող խաղն անխտիր բոլորն են խաղում, ընդ որում՝ հիմնականում սիրով ու հաճույքով են խաղում, ինչպես նաեւ՝ ինքնամոռաց ու անմնացորդ, բայց, այդուհանդերձ, կյանք կոչվող խաղի ամենամոլեռանդ խաղացողներն անգամ խաղամոլներիս ու ղումարբազներիս ավարտված ու կործանված մարդ են համարում, եւ խաղամոլներիս նույնիսկ քաղաքական գործիչներն ու անգամ ընդդիմադիր  քաղաքական գործիչներն են ավարտված ու կործանված մարդ համարում՝ առանց հասկանալու, որ կյանքի էս ընդարձակ հրապարակում իրենք շատ ավելի մեծ ռիսկերի են գնում, քան՝ ցանկացած խաղամոլ ու ղումարբազ, եւ նույնիսկ երկրորդ, երրորդ ու չորրորդ անգամ ամուսնացողները չեն հասկանում, որ երկրորդ, երրորդ ու չորրորդ անգամ ամուսնանալով՝ իրենք ավելի մեծ ռիսկի են գնում, քան՝ ցանկացած խաղամոլ, որովհետեւ քաղաքական գործիչները քաղաքականության մեջ գտնվելով՝ իրենց կողքից նայելու հնարավորություն ու ժամանակ չունեն, քանի որ մշտապես քաղաքականության մեջ գտնվելով՝ մշտապես կյանքով ու ապրելով են զբաղված, ընդ որում՝ մոլեռանդորեն, եւ եթե քաղաքական գործիչը քաղաքականությունից դուրս է մնում, դադարում է ապրել ու շնչել՝ ինչպես որ ջրից հանված ձուկն է շատ չանցած դադարում շնչել, ճիշտ այնպես, ինչպես բազմակի ամուսնացողները մի արանք ազապ մնալով՝ իրենց միանգամայն ավելորդ ու կյանքից դուրս են զգում, եւ նմանապես խաղամոլներս ենք մեռյալի վիճակում հայտնվում՝ երբ գրպաններիս պարունակությունն սպառվում է, եւ տանուլ տալու բան այլեւս չենք ունենում, բայց էս ասածս չի նշանակում թե՝ ես չեմ փափագում ազատվել բուքմեյքերական կախվածությունից. ավելին. ես հիմա միանգամայն նոր եռանդով ու նոր վճռականությամբ եմ մղվում էդ նպատակին, որովհետեւ ես էն եզակի խաղամոլներից եմ, որ էդ հնարավորությունն ունեմ, քանի որ, ի տարբերություն սովորական ու շարքային խաղամոլների, ես մոլեռանդությունս ու խաղամոլությունս դրսեւորելու այլ ասպարեզ էլ ունեմ, եւ էդ ասպարեզն արձակիս էս անծայրածիր ու անսպառ տարածությունն է, որտեղ, արդեն քանի տարի է, խաղեր եմ տալիս ու ժամանակ առ ժամանակ ինձ կատարյալ երջանիկ եմ զգում՝ ինչպես որ իրենց կատարյալ երջանիկ են զգում վերստին փող հայթայթած ու վերստին իրենց բուն կյանքին վերադարձած խաղամոլները, եւ իմ էս գրողական երջանկությունը նման է նաեւ երջանկությանն էն մարդկանց, որոնք բազմիցս ամուսնանալով ու հերթական անգամ բաժանվելով՝ որդիան որդի վերստին իրենց անձնական երջանկության հերթական առարկան են հայտնաբերում, եւ գրողական իմ էս բազմակի ու կրկնվող ռիսկերն էլ են միանգամայն համեմատելի բազմիցս ամուսնացողների բազմակի ու պերմանենտ ռիսկերի հետ, ինչպես նաեւ՝ բազմակի ու պերմանենտ ռիսկերի հետ բոլոր էն խաղամոլների, որոնք, ի տարբերություն ինձ, երբեւէ մտքի ծայրով անգամ չեն անցկացնում խաղերից   ու խաղամոլությունից վազն անցնել, քանզի իրենց խաղացած խաղերն իրենց համար ոչ թե խաղ են, այլ՝ բուռն ու կատարյալ երջանկություն, ինչպես որ բազմակի ամուսնացողների համար հերթական ամուսնությունն է կատարյալ երջանկություն՝ հար եւ նման էն երջանկությանը, որ ապրում ենք հանկարծակի բանաստեղծությունից արձակի անցած մահկանացուներս, եւ հատկապես ու առանձնապես  ձեր խոնարհ ծառան, որ էսքան գրելով ու էսքան շարունակելով՝ ոչ միայն չի ավարտում, այլեւ նորից ու վերստին է սկսում ապրել ու խաղի մեջ մտնել, եւ Աստծո ամեն օր վերսկսվող էս խաղերը ոչ թե կրկնվում կամ շարունակվում են, այլ նորից ու վերստին սկսվում ու սկիզբ են առնում, եւ նոր օրն ու նոր խաղը նախորդների հետ որեւէ նմանություն չունի եւ էապես է նախորդներից տարբեր՝ ինչպես որ խաղամոլների հերթական օրն ու հերթական խաղն են նախորդներից էապես տարբեր, եւ ինչպես Ջանիբեկյան Կարենի էս հերթական ամուսնությունն է նախորդներից էապես տարբեր, էապես նոր, էապես վերջնական ու մշտնջենական:

2010-2011թթ.

ՎԵՐՋ ՏԱՍՆՉՈՐՍԵՐՈՐԴ ԳՐՔԻ

Շարունակությունը՝ հաջորդ ուրբաթ:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031