«Ժառանգություն» կուսակցության անդամ, նախկին պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը պարզաբանում է նախօրեին որոշ լրատվամիջոցներով տարածված իր տեսակետը, թե «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը պետք է լինի ընդդիմության միասնական թեկնածուն»: Ըստ պարոն Մարտիրոսյանի. «Այս պահին, քաղաքական դաշտում որեւէ մեկը որեւէ մեկին աջակցություն չի կարող հայտնել, իմ ասածը եղել է այն, որ շատ լավ կլիներ, եթե ինչպես «Ժառանգությունը» միշտ պաշտպանել է ընդդիմությանը, այս անգամ որպես առավել խարիզմատիկ քաղաքական ընդդիմադիր գործիչ` ընդդիմությունը պաշտպաներ Րաֆֆի Հովհաննիսյանին, եթե նրանք իսկապես իրենց մղումներում մարտիկ են եղել»:
Պարոն Մարտիրոսյանի կարծիքով, պարտադիր չէ, որ ընդդիմությունը միասնական թեկնածուով հանդես գա. «Որովհետեւ ընդդիմությունը միշտ չէ, որ կարող է մի թեկնածուով հանդես գալ, ի տարբերություն իշխանության, որը միաձույլ է, մեկ դեմքով է հանդես գալիս, եւ հնարավոր է՝ ընդդիմությունը տարբեր թեկնածուներ ունենա, եւ 2-րդ փուլից հետո որոշեն իրար աջակցեն կամ ոչ: Րաֆֆի Հովհաննիսյանը այս պահին քաղաքական դաշտի առավել խարիզմատիկ գործիչներից է ու ճիշտ կլիներ, որ աջակցությունը իրեն հայտնվեր քաղաքական գործիչներից ու ընդդիմադիր ուժերի կողմից: Րաֆֆի Հովհաննիսյանն այն թեկնածուն կարող է լինել, որը ընտրվելու պարագայում իրական բարեփոխումներ կսկսեր ու եկիրը դուրս կբերեր այս ճգնաժամից»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ