«Կարծում եմ՝ այս իրավիճակը հնարավոր կլինի լուծել դիվանագիտական ճանապարհով»
«Վիքիլիքս» կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժի գնահատականներով, Մեծ Բրիտանիայում Էկվադորի դեսպանատանը ինքը կարող է անցկացնել վեց ամսին մինչև մեկ տարի: Նա հույս է հայտնել սակայն, որ այս ժամանակահատվածում Շվեդիան կհանի իրեն ներկայացրած մեղադրանքները:
«Կարծում եմ՝ այս իրավիճակը հնարավոր կլինի լուծել դիվանագիտական ճանապարհով», – ասել է Ասանժը՝ Էկվադորի «Գամա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում: – «Հնարավոր է, որ Շվեդիայի կառավարությունը հանի մեղադրանքները: Կարծում եմ՝ սա ամենահավանական սցենարն է: Գուցե տեղի ունեցածի մանրամասն հետաքննություն անցկացնելուց հետո նրանք կկարողանան դադարեցնել դատական հետապնդումը»:
«Ռոյթերս» գործակալության փոխանցմամբ՝ Էկվադորի հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Ասանժը նաև հայտնել է, թե իր գնահատականների համաձայն, ներկայիս իրավիճակը լուծելու համար կպահանջվի 6-ից 12 ամիս:
Կարդացեք նաև
Մեծ Բրիտանիայի իշխանությունների համաձայն, երկիրն Ասանժին Շվեդիային փոխանցելու օրինական պարտավորություն ունի, և թույլ չի տալու Ավստրալիայի 41-ամյա քաղաքացուն լքել Էկվադորի դեսպանությունը և տեղափոխվել հարավամերիկյան այս երկիր:
Էկվադորի արտգործնախարար Ռիկարդո Պանտինոն սակայն չորեքշաբթի օրն ասել է, որ լավատեսորեն է տրամադրված այն հարցում, որ Մեծ Բրիտանիայի կառավարությունը կհամաձայնի Ասանժին գրավոր երաշխիքներ տալ այն մասին, որ Շվեդիայից նա չի տեղափոխվի որևէ այլ երրորդ երկիր:
Հարավամերիկյան այս պետության համաձայն, նման երաշխիքներ ստանալու դեպքում «Վիքիլիքս»-ի հիմնադիրը կհրաժարվի քաղաքական ապաստան տրամադրելու առաջարկից և կհանձնվի Շվեիդիայի իրավապահ մարմիններին: Ասանժը հարցազրույցի ընթացքում նման պատրաստակամություն սակայն չի հայտնել:
Արմեն Հովհաննիսյան
«Ամերիկայի Ձայն»