Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԿԸՀ-ն՝ «Ժառանգության» նախաձեռնության մասին. «Այդ օրը լինում են հիվանդ մարդիկ, այդ մարդկանց իրավունքները ոտնահարվո՞ւմ են»

Օգոստոս 31,2012 16:15

 «Ժառանգությունը» հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ, որ արտերկրում բնակվող մեր հայրենակիցներն էլ մասնակցեն ընտրություններին: Այս առնչությամբ, այսօր Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը հայտարարեց, որ դա չեն կարող անել. «Այս առումով պետք է  նայել երկու կարեւորագույն խնդիր. արտերկրում բնակվող քաղաքացիներին, որոնց թույլ չի տրվում մասնակցել քվեարկությանը, դա, դիմումի համաձայն, որակվում է որպես խախտում: Նախ, ես այդ ձեւակերպմանը կատեգորիկ համաձայն չեմ, որովհետեւ որեւէ ՀՀ քաղաքացու ընտրելու իրավունքի սահմանափակում, եթե նա գտնվում է  արտերկրում, մենք օրենսդրորեն չունենք ամրագրված:

Այստեղ խոսքը վերաբերվում է ավելի շատ երեւի թե ընտրությանը մասնակցելու ձեւին: Երբ մենք ասում ենք, որ  արտերկրում բնակվող ՀՀ դիվանագիտական հյուպատոսության աշխատակիցներն, ինչպես նաեւ մեր իրավաբանական անձանց դրսի մասնաճյուղերի աշխատակիցները եւ նրանց ընտանիքի անդամները, որոնք  օրինական կերպով գտնվում են այնտեղ եւ կարող են էլեկտրոնային քվեարկությամբ մասնակցել քվեարկությանը, ապա բնականաբար, խնդիր է առաջանում ձեւի հետ կապված, թե ինչու մյուսներին   չի առաջարկվում այդ ձեւը: Պետք է առանձնացնել այս խնդիրը՝ ձեւը եւ ընտրական իրավունքի ոտնահարումը  լրիվ տարբեր ինստիտուտներ են: Ընտրական իրավունքի որեւէ ոտնահարում այստեղ առկա չէ»:

Ըստ պարոն Մուկուչյանի, եթե արտերկրի մեր քաղաքացիները շատ են ցանկանում մասնակցել քվեարկությանը, կարող են գալ Հայաստան եւ մասնակցել. «Դա նույնը կլիներ, եթե ասեինք, որ այդ օրը լինում են մարդիկ, որոնք լինում են հիվանդ, որոնք տնից ինչ-ինչ պատճառներով դուրս չեն գալիս, մենք էլ վերացրել ենք շրջիկ արկղի ինստիտուտը, հետեւաբար, այդ մարդկանց իրավունքները ոտնահարվում են: Ոչ, հնարավորությունը տրված է, այդ հնարավորությունից կարող են օգտվել:

Ինչ վերաբերում է  նրան, որ թույլատրեն արտերկրում բնակվողները որեւէ կերպ մասնակցեն, այստեղ շատ խնդիրներ կան, որոնք պետք է մանրակրկիտ ուսումնասիրվեն: Մի շարք  խնդիրներ կան, որոնք վերաբերում են կազմակերպչական խնդիրներին, մասնավորապես՝ ընտրական ցուցակների կազմում, պատշաճ վերահսկողություն, ցուցակների կազմման հետ կապված վեճերի բողոքարկում: Երկրորդը՝ մենք չպետք է մոռանանք, որ ունենք օրենք՝ երկքաղաքացիության մասին, այստեղ արդեն ավելի քաղաքական քննարկումների խնդիր է,  այս առումով կարող ենք առնչվել նաեւ ազգային անվտանգության հետ կապված խնդիրների»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031