Երևանում, օգոստոսի 28-ին Կենտրոն և Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում տեղի է ունեցել «Ջազզվե» ՍՊԸ և «Բարբրի Լիմիթեդ» ընկերության դատական գործով վերջին նիստը: Դատարանի վճռով հաստատվել է կողմերի հաշտության համաձայնությունը: «Ջազզվե» ընկերության շահերը պաշտպանող «AM» իրավաբանական ընկերության փաստաբանները հայտնում են, որ ըստ համաձայնության` «Բարբրի Լիմիթեդ» ընկերությունը հրաժարվել է «Ջազզվե» ՍՊԸ նկատմամբ հեղինակային և հարակից իրավունքների խախտման և այլ վնասների, ինչպես նաև դատական ծախսերի հատուցման բոլոր պահանջներից: Վերջինս էլ պարտավորվել է մեկ տարվա ընթացքում փոխել իր սպասարկման կենտրոններում առկա հարդարանքի աննշան տարրեր, որոնք կարող էին նմանեցվել այլ ընկերության ապրանքային նշանում պարունակվող պատկերներին:
«AM» իրավաբանական ընկերության ղեկավար` փաստաբան Գրիգոր Մինասյան. «Ջազզվեն բավարարված է գործի ելքով: Ընդհանրապես մեր հաճախորդների համար հաղթանակներ ապահովելով՝ մենք երբեք չենք անտեսում բոլոր կողմերի համար շահավետ լուծումներ ապահովող այլընտրանքները: Իհարկե ուրախալի է, երբ մեր հերթական հաղթանակը դատական գործում՝ չի նշանակել պարտություն որևէ այլ անհատի կամ ընկերության համար»:
Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիայում գրանցված «Բարբրի Լիմիթեդ» ընկերությունը դեռևս 2011թ. դիմել էր «Ջազզվե» ընկերությանը` պահանջելով դադարեցնել իրենց ընկերությանը պատկանող ապրանքային նշանի օգտագործումը: