Աստղիկ Խերանյանը աշխատել է բազմաթիվ ակումբներում, ներկայումս ջազ է երգում կոնսերվատորիայի հարեւանությամբ գտնվող սրճարաններից մեկում: Ասում է՝ իր համար դա զուտ աշխատանք չէ, նաեւ հոգեւոր պահանջի բավարարում է: Քանիցս որոշ չարակամների ներկայությամբ պատռել է օրվա քրտինքով վաստակած ողջ գումարը, որ հավաստի իր նվիրվածությունը ջազին:
Aravot.am-ի հետ զրույցում երգչուհին պատմեց, որ քիչ չեն եղել դեպքերը, երբ այսօր արդեն իբրեւ աստղ հորջորջվող շատ երգիչներ, մասնագիտական խանդի հողի վրա, փորձել են անջատել միկրոֆոնը իր ելույթի պահին, ինտրիգներ հրահրել, նպաստել, որ սայթաքի:
Չնայած տարիքին (Աստղիկը 54 տարեկան է), 2010-ին մասնակցել է X Factor նախագծին, ու վոկալ տվյալներով եւ կատարողական վարպետությամբ ապշեցրել ժյուրիի անդամներին, որոնք մինչ այդ թերահավատորեն էին վերաբերվում իր ներկայությանը մրցույթին: «Իրենցից մի քիչ նեղացած եմ»,-անկեղծանում է երգչուհին, որ հույս ուներ, թե դրանից հետո գոնե ամանորյա ծրագրին մասնակցելու հրավեր կունենա:
Մեզ հետ զրույցում Աստղիկ Խերանյանը ասում է, որ մասնակցել է նաեւ ջազ փառատոների, տարբեր «փակ» եւ «բաց» միջոցառումների, ու շատ են պատահել մարդիկ, որոնք խոստացել են լուրջ առաջարկներով զանգել, բայց խոսքի տերը չեն եղել: Չնայած դրան, մեր զրուցակիցը լավատեսությունը չի կորցնում. բազմիցս հաճելիորեն զարմացել է, երբ կոնկրետ ակումբում կամ սրճարանում ելույթից հետո մոտեցել են իրեն, շնորհակալություն հայտնել սիրված երգերը հնչեցնելու համար ու ասել. «Վայ, վերջապես գտանք Ձեզ, ինչքան ենք փնտրել»:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Մանրամասները՝ տպագիր «Առավոտում»: