Լրահոս
Օրվա լրահոսը

Սթրեսի անառողջ կառավարումը մարդուն մղում է թմրամիջոցների ու ալկոհոլի

Օգոստոս 31,2012 14:57

2020թ.-ին դեպրեսիան լինելու է ամենատարածված հոգեկան խանգարումը:

Այսօր «Հայացք» մամուլի ակումբում նման համոզմունք հայտնեց համաշխարհային հոգեբուժական ասոցիացիայի պատվավոր անդամ, առողջապահության նախարարության լիցենզավորման գործակալության պետ Արմեն Սողոյանը: Նրա ներկայացմամբ, սթրեսների ժամանակ  մարդու օրգանիզմում մեծ էներգիա է կուտակվում, ինչը ճիշտ օգտագործելու դեպքում, մարդու համար նույնիսկ փրկող նշանակություն կարող է ունենալ: Ըստ նրա, սթրեսների  ավելի շատ հակված են 15-30 տարեկանները, իսկ ֆիզիոլոգիական պատճառներով էլ` 40-50 տարիքային խումբը: Ա. Սողոյանի խոսքերով, երկարատեւ սթրեսը, որը չի  բուժվում, կարող է հանգեցնել մի շարք այլ խանգարումների, ինչպիսիք են սրտանոթային, նյարդային, ստամոքսաաղիքային եւ այլ հիվանդությունները. «Վերջին 20 տարիներին հոգեկան խանգարում ունեցողների նկատմամբ  մարդկանց վերաբերմունքում համեմատական առաջընթաց կա: Մարդիկ արդեն գիտակցում են, որ հոգեկան խանգարումները լրիվ բուժելի են, հատկապես` եթե ժամանակին հայտնաբերվում են եւ կանխարգելվում, ապա շատ հեշտությամբ հիվանդին կարող ենք վերադարձնել հասարակությանը: Եւ եթե հիվանդ հարազատ ունեք, չպետք է ամաչեք ու թաքցնեք»: Ասուլիսին ներկա Երեւանի պետական բժշկական համալսարանի բժշկական հոգեբանության ամբիոնի վարիչ, հոգեկան առողջության կենտրոնի գլխավոր հոգեբան Խաչատուր Գասպարյանն էլ ասաց, որ դեպրեսիաները առողջ եւ անառողջ կառավարում ունեն, սթրեսի առողջ կառավարումը ենթադրում է, օրինակ` սպորտով զբաղվելը, արվեստի օջախներ հաճախելը, իսկ անառողջ կառավարման դեպքում հիվանդի մոտ ի հայտ են գալիս հարբելու, թմրամիջոցների հակումներ, շատակերություն: Ըստ Խ. Գասպարյանի. «Հոգեբանը նրա համար է, որ ուղղորդի հիվանդին առողջ կառավարել դեպրեսիան: Մենք օգնում ենք հարմարվել սթրեսին, փոխել իրավիճակը , գտնել նոր ռեսուրսներ սթրեսային վիճակը հաղթահարելու համար, եւ ոչ թե մեկուսանալ ընկերներից, փակվել, բարկության ու բռնության պոռթկումներ դրսեւորել»: Ըստ պարոն Գասպարյանի՝ «Զարմանալի է, որ մեր երկրում հոգեբանությունը չի մտնում բժշկական մասնագիտությունների մեջ, իսկ դրսում ցանկացած պրոֆիլի բուժհաստատություն պարտադիր հոգեբանի ծառայություն ունի»:

Ա. Սողոյանը ներկայացրեց նաեւ վիճակագրություն, որի համաձայն ամբողջ աշխարհում 450 մլն մարդ այս կամ այն հոգեկան խանգարումն ունի, Հայաստանում էլ այս թիվը 50 հազարի է հասնում, սակայն հոգեկան խնդիրներ ունեցողներն իրականում ավելի շատ են. «Կյանքի արագացող տեմպը չի կարող այս կամ այն կերպ չանդրադառնալ մարդկանց վրա: 2020թ.-ին էլ դեպրեսիան լինելու է ամենատարածված խանգարումը եւ հաշմանդամություն առաջացնող պատճառների մեջ ամենավերին սյունակում է լինելու:»

Արմինե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031