Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես ուսումնական գործընթացը դարձնել ոչ ձանձրալի

Օգոստոս 31,2012 13:59

Կամ՝ 21-րդ դարի դասարանի մոդելի անհրաժեշտությունը

Լեռնագոգում կսովորեն ժամանակակից միջավայրում:

Վերջին տարիներին Հայաստանի հանրակրթության ոլորտում իրականացվել են բազմաթիվ բարեփոխումներ, սակայն կրթության կարեւորագույն բաղադրիչներից մեկը պատշաճ ուշադրության չի արժանացել։ Խոսքը վերաբերում է դպրոցների ֆիզիկական միջավայրի համապատասխանեցմանը ժամանակակից կրթության պահանջներին։ Ֆիզիկական միջավայրի համապատասխանեցում՝ չի նշանակում պարզապես շենքի վերանորոգում եւ նոր կահույքի տրամադրում։ Դա նշանակում է սենյակների կառուցվածքի, կահույքի ձեւի եւ դասավորության համապատասխանեցում ժամանակի պահանջներին։ Վերջին տարիներին իրականացված ուսուցիչների մասնագիտական զարգացման դասընթացներում ներկայացվել են ուսուցման ակտիվ եւ համագործակցային մեթոդները։ Դրանց կիրառումը այսօր կարեւոր է, քանի որ ուսուցումը հնարավոր չէ առանց դասապրոցեսին սովորողի ակտիվ մասնակցության։ Բայց ուսուցիչները արդարացիորեն դժգոհում են, որ դասարաններում առկա նստարաններով եւ աթոռներով հնարավոր չէ կիրառել այդ մեթոդները։ Ստացվում է, որ մենք սովորեցնում ենք ուսուցման որոշակի մեթոդներ, բայց չենք ապահովում դրանց իրականացման համար անհրաժեշտ միջավայրը։ Ճիշտ է, դասարաններում հայտնվել են համակարգիչներ, պրոյեկտորներ եւ ինտերակտիվ գրատախտակներ, բայց դրանք էապես չեն փոխել ուսումնական միջավայրը եւ շատ դեպքերում կատարում են «թանկարժեք գրիչի եւ հեռուստացույցի» գործառույթ։ Ինչո՞ւ եւ ինչպե՞ս պետք է փոխվի դպրոցի ֆիզիկական միջավայրը: Դպրոցի ներկայիս ֆիզիկական միջավայրը հիմնվում է երկու մոտեցման վրա. միջավայր, որում ուսուցիչը լինի կենտրոնում, տեսնի բոլոր աշակերտներին եւ կարողանա կառավարել բոլորին։ Ուսուցչի՝ կենտրոնում լինելու հանգամանքը պայմանավորված է այն իրողությամբ, որ ուսուցումը դիտարկվում է գիտելիքի փոխանցման գործընթաց եւ քանի որ ուսուցիչը գիտելիքի հիմնական կրողն է, ապա հենց նա էլ պետք է լինի կենտրոնում։

Երկրորդ՝ պետք է ստեղծել արտաքին աշխարհից մեկուսացած, փակ միջավայր («դուռը փակեք, դասը սկսենք» արտահայտությունը շատ տարածված է), որպեսզի երեխաները կենտրոնանան ուսման վրա։ Այդ նպատակով դասարանները փակ սենյակներ են, որոնց պատուհանները փակված են վարագույրով, երբեմն էլ պատուհանի ներքեւի հատվածը ներկված է, որպեսզի երեխան չշեղվի դասապրոցեսից։ Նման տրամաբանության վրա կառուցված ֆիզիկական միջավայրի արդյունքում մենք ունենք հետեւյալ իրականությունը։ Երեխան ուսման պասիվ մասնակից է, դասերը մեծամասամբ միօրինակ են ու ձանձրալի, երեխաները մեծամասամբ հաղորդակցվում են ուսուցչի հետ, շատ քիչ հնարավորություններ ունենալով հաղորդակցվել միմյանց հետ։ Տասնյակ աշակերտներ թեեւ նստում են նույն սենյակում, բայց գրեթե չեն հաղորդակցվում։ Թեեւ ոչ ֆորմալ ձեւով հենց դասարանում հաղորդակցվում են sms-ներով եւ այլ ձեւերով։ Այս իրավիճակի հետեւանքներից մեկն էլ այն է, որ դասի պատասխանատուն ուսուցիչն է, իսկ աշակերտների մոտ ձեւավորվում է անտարբերություն եւ անպատասխանատվություն։

Ուսումնական նոր միջավայրը պետք է հիմնվի հետեւյալ սկզբունքների վրա. նոր ուսումնական միջավայրում կենտրոնում պետք է լինի ոչ թե ուսուցիչը, այլ սովորողները։ Ուսումնական գործընթացում երեխան ոչ թե պետք է նստի, լռի, լսի, երբեմն էլ խոսի, այլ առավելապես պետք է գործի, մասնակցի, աշխատի եւ պատասխանատվություն ստանձնի։ Մենք խնդիր ունենք ուսուցումը դարձնելու աշխատանքային գործընթաց, հակառակ դեպքում փոքր տարիքից երեխաների մեջ սերմանում ենք ծուլություն եւ անպատասխանատվություն։ Մյուս սկզբունքն այն է, որ նոր ուսումնական միջավայրը պետք է լինի բազմանպատակ, շարժուն, բաց։ Երեխաները պետք է հնարավորություն ունենան անհատական, զույգերով, փոքր ու մեծ խմբերով աշխատելու, ինչը հնարավորություն կտա ուսումնական գործընթացը դարձնել բազմազան եւ ոչ ձանձրալի։ Նոր ուսումնական միջավայրում աշակերտները պետք է հնարավորություն ունենան աշխատել ոչ միայն ուսուցչի, այլեւ միմյանց հետ։ Ներկա ուսումնական միջավայրի պարագայում աշակերտները կարող են աշխատել միայն նույն նստարանին նստած աշակերտների հետ։ Այսօրվա կապակցված աշխարհում նման մեկուսացումը սովորողների համար ուսուցումը դարձնում է անհրապույր։ Բացի այդ, երբեմն երեխաները միմյանցից ավելի լավ են սովորում, քան ուսուցիչներից։

ՍԵՐՈԲ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հ. Գ. Հայաստանի մանուկներ հիմնադրամը (COAF) սեպտեմբերին շահագործման կհանձնի ֆիզիկական նոր միջավայրի մոդել Արմավիրի մարզի Լեռնագոգ համայնքում։

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031