Մուրացանի այս գործը բեմադրվել է Ստեփանակերտում
«Առավոտի» հետ զրույցներում արվեստագետները մշտապես պնդում են, որ 1940-50-ականների թատերասեր սերունդը «ուշագնաց» էր լինում, երբ ազդագրերում տեսնում էր Մուրացանի «Ռուզանը»: Այդ պիեսը փոթորկում էր դահլիճներ, պարտադրում էր մտածել հայրենիքի հանդեպ ունեցած պարտքի ու սիրո միջեւ ընթացող կռվի մասին: Թատրոններում էլ շատ դերասանուհիներ էին ուշաթափվում, երբ հերթական դերաբաշխման ժամանակ իրենց չէր տրվում Ռուզանի դերը:
Երբ 1999թ. Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում Վահե Շահվերդյանը բեմադրեց «Ռուզանը»՝ գլխավոր դերակատարներ ունենալով Գրետա Մեջլումյանին ու Նելլի Խերանյանին, կարծես փոթորիկներ չեղան, մանավանդ ավագ սերունդը շտապեց թատրոն՝ դիտելու հին ժամանակների նոր «Ռուզանը»: Թատրոնի մարդիկ հավաստիացնում են, որ թե բեմադրությունը եւ թե հատկապես նշված դերասանուհիների դերակատարումները տարբերվում էին կերպարի մասին եղած ավանդական պատկերացումներից: Չմոռանանք. այդ տարիներին էր, որ թատրոնն ու Շահվերդյանը սոցիալական հոգսերի տակ ծանրացած, քաղաքական խաղերից հոգնած, փորձում էին նույն վիճակում գտնվող հանդիսատեսին բերել թատրոն: Չասենք, թե այդ «Ռուզանը» աննկատ մնաց, թեկուզեւ հենց նրա համար, որ երիտասարդ սերունդը իմացավ այս պիեսի մասին: Կարճ ասած՝ բեմադրությունն արդեն կարեւոր ձեռքբերում էր:
«Ռուզան» պիեսը, պարզվում է, ունի 100 տարվա բեմադրական պատմություն: Մեծն Սիրանույշից հետո, ղարաբաղյան հողում, որի ծնունդն է Մուրացանի հերոսուհին, 1912թ. առաջին ղարաբաղցի դերասանուհի Նունե Յարամիշլյանը Ռուզան է խաղացել: Փաստորեն, շուշեցի Մուրացանի շուշեցի հերոսուհուն խաղաց շուշեցի դերասանուհին:
Կարդացեք նաև
Ղարաբաղյան պատերազմի ծանր օրերին ադրբեջանցիների կողմից պաշարված Շուշիի հայացքի ներքո Ստեփանակերտում Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան դրամատիկական թատրոնը «Ռուզան» ներկայացրեց: Հիմա էլ «Ռուզանը» վերադարձել է ղարաբաղյան բեմ. Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան թատրոնի հիմնադրման 80, «Ռուզանի» առաջին ղարաբաղյան բեմադրության 100-ամյակի առիթներով, ԼՂՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարության աջակցությամբ «Ռուզանին» սիրահարված Շահվերդյանը բեմադրել է այս պիեսը:
Մեզ հետ զրույցում բեմադրիչը նշեց, որ ներգրավված գրեթե բոլոր դերակատարները երիտասարդներ են, ղարաբաղյան թատրոնի ավանդույթների շարունակողներ: «Ստեփանակերտի թատրոնում կայացել է «Ռուզանի» փակ դիտումը: Իսկ սեպտեմբերի 19-ին, Ստեփանակերտի թատրոնի 80-ամյա հոբելյանին նվիրված՝ կկայանա «Ռուզանի» առաջնախաղը: Հոկտեմբերի 7-ին էլ «Թատերական Լոռի» փառատոնի շրջանակներում, ստեփանակերտցիները պիեսը կխաղան Ալավերդիում, իսկ փակման օրը՝ հոկտեմբերի 8-ին՝ Վանաձորի թատրոնում, որտեղ պիեսում կներկայանան երեք Ռուզանները՝ Ստեփանակերտի, Վանաձորի եւ Սունդուկյանի թատրոններից»,- հայտնեց Վահե Շահվերդյանը:
Մի հանգամանք. ճառեր են արտասանվում հայրենասիրական դաստիարակության, ազգային գաղափարների պահպանման մասին, նպատակ հետապնդելով, որ հայաստանցիները չլքեն Հայաստանը: Բայց, օրինակ, «Ռուզանը», որն այս ամենի համար կարող է խթան հանդիսանալ, հանված է Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի խաղացանկից:
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ