Լրահոս
Օրվա լրահոսը

«ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի Թումանյանի մասնաճյուղի նախկին աշխատակիցը դատարանի վճռով վերականգնվել է աշխատանքում

Օգոստոս 31,2012 14:10

Անահիտ Պետրոսյանը

Փաստաբան Ռոման Կոնինյանը

ՀՀ Վճռաբեկ դատարանը վարույթ չի ընդունել «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի  Թումանյանի մասնաճյուղի բողոքն ընդդեմ ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի կայացրած վճռի: Վերջինս, մերժելով  բանկի  բողոքը, ուժի մեջ  էր թողել Լոռու մարզի առաջին ատյանի դատարանի կայացրած վճիռը` պարտավորեցնելով բանկին` նախկին աշխատանքում վերականգնել հայցվոր Անահիտ Պետրոսյանին:

Դեռ նախորդ տարի Անահիտ Պետրոսյանը դիմել էր Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան` պահանջելով պարտավորեցնել ընկերությանն իրեն վերականգնել նախկին աշխատանքում: «ՎՏԲ-Հայաստան բանկ»-ի ներկայացուցիչ Միհրան Խաչատրյանը բացատրում է, որ Անահիտ Պետրոսյանի կողմից չի պահպանվել գաղտնաբառի գաղտնիությունը, հայցվորի մուտքի գաղտնաբառն իմացել են մյուս աշխատակիցները, ինչի արդյունքում բանկը կրել է մոտ 165.000 ՀՀ դրամի վնաս: Արդյունքում Անահիտ Պետրոսյանը ազատվել էր աշխատանքից:

Լոռու մարզի առաջին ատյանի դատարանը, նախագահությամբ դատավոր Վարդուհի Հովնանյանի, սակայն, որոշում էր կայացրել ի օգուտ հայցվորի: Դատարանը հաստատված է համարել այն հանգամանքը, որ պատասխանող «ՎՏԲ-Հայաստան բանկ»-ը Անահիտ Պետրոսյանին աշխատանքից ազատել է առանց օրինական հիմքի: «Դատաքնության ընթացքում որեւէ ապացույցով չհաստատվեց, իսկ հայցվորի եւ վկաների ցուցմունքներով հերքվեց այն փաստը, որ Անահիտ Պետրոսյանը չի պահպանել իր գաղտնաբառի գաղտնիությունը կամ տարածել է այն»,նշված է դատավճռում:

Վերաքննիչ դատարանը  ուժի մեջ էր թողել իր նախորդի կայացրած վճիռը:

«Դատական քննության վերջին փուլում, արդեն ՀՀ Վճռաբեկ դատարանը, պատասխանողի բողոքը վարույթ չընդունելու եւ այն հետ ուղարկելու  որոշմամբ Անահիտ Պետրոսյանին հնարավորություն տվեց  վերականգնվել նախկին աշխատանքում,-ասում է Անահիտ Պետրոսյանի փաստաբան Ռոման Կոնինյանը` տեղեկացնելով, որ վերջին 15 ամիսների ընթացքում տեղի ունեցած դատական քննության ժամանակ նույն բանկի մեկ այլ աշխատակցի նկատմամբ հարուցվել էր քրեական գործ, որով վերջինս մեղավոր է ճանաչվել Անահիտ Պետրոսյանի  գաղտնաբառի օգտագործման  եւ նրա համակարգչով կեղծ գործարքներ կատարելու եւ բանկից գումար հափշտակելու համար: «Այդ մեղադրական դատավճռով նույնիսկ  որեւէ կերպ չհիմնավորվեց, որ Անահիտ Պետրոսյանն է իր գաղտնաբառը հրապարակել, եւ չհիմնավորվեց, որ նա որեւէ կերպ առնչություն է ունեցել այդ կեղծ գործարքի հետ»:

Փաստաբանը  զարմանք է հայտնում, որ պատասխանող ընկերությունը քաղաքացիական հայցի քննության ընթացքում արդեն ունենալով վերոնշյալ մեղադրական դատավճիռը, չէր ընդունում, որ Անահիտ Պետրոսյանը որեւէ կապ չունի կեղծ գործարքների հետ:

«Անգամ հաշվի չէին առնում այն հանգամանքը, որ այդ կեղծ գործարքները բացահայտել է հենց հայցվորը, եւ նա է բանկի կառավարչին հայտնել, որ իր համակարգչով կեղծ գործարքներ են կատարվել, ինչի մասին ինքը տեղյակ  չի եղել:  Չգիտես ինչու ստացվում է, որ բանկը ցանկանում էր մեղավոր ճանաչել գողի ձեռքը բռնող աշխատակցին»:

Ռոման Կոնինյանը հույս է հայտնում, որ  օրինական ուժի մեջ մտած վճիռը կծառայի իր նպատակին եւ բանկի ու աշխատակցի միջեւ կձեւավորվեն  բարյացակամ եւ օրինական աշխատանքային հարաբերություններ:

«Հույս ունեմ, որ բանկի տնօրինությունը Անահիտին չի դիտի որպես աշխատանքային կարգապահական կանոնները խախտած, սակայն դատարանի վճռով աշխատանքում վերականգնված անձի, այլ նրան կդիտի որպես ազնիվ, իր աշխատանքին նվիրված եւ կամքի տեր անձնավորության»,-նշում է փաստաբան Կոնինյանը:

 

Անուշ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ

Վանաձոր

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031