Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Պարտք վերցնելու հետ կապված վտանգ չկա»

Օգոստոս 31,2012 13:41

Մամուլում տարածված լուրերը, թե առաջիկա մեկ տարվա ընթացքում Հայաստանը մտադիր է Ռուսաստանից 1 կամ 2 միլիարդ դոլարի վարկ վերցնել, չեն համապատասխանում իրականությանը: Այդ մասին ՀՀ ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանն ասաց ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Միքայել Մելքումյանի հետ «Դեմ առ դեմ» բանավեճի ընթացում:

«Առավոտ»- Պարոն Արամյան, տնտեսագիտական խորը գիտելիքներ չունեցող շարքային քաղաքացու համար դժվար է ըմբռնել ՀՀ կառավարության վարած քաղաքականության տրամաբանությունը. մի կողմից՝ Դուք ասում եք, որ մենք ունենք տնտեսական աճ, որ ՀՀ արտաքին պարտքը կառավարելի է, եւ վարկերի սպասարկման խնդիր չունենք, մյուս կողմից, սակայն, նշում եք, որ կառավարությունը մտադիր է առաջիկայում նոր վարկեր վերցնել: Այդ դեպքում, փոխանակ արտաքին պարտքը թեթեւացնելու, ինչո՞ւ ենք մենք նոր վարկեր վերցնում:

Վարդան Արամյան– Աշխարհում չեք կարող գտնել մեկ զարգացող երկիր, որը ձգտում է ունենալ բարձր տնտեսական աճ, եւ եթե չունի դրա համար ռեսուրսներ, չներգրավի այդ ռեսուրսները: Ժամանակի ընթացքում նույնիսկ այն զարգացած երկրները, որոնք առայսօր ունեն պարտք՝ հարյուր, երկու հարյուր տարվա պատմություն ունեցող, եթե նայենք դինամիկան՝ անընդհատ պարտք են վերցրել: Այսինքն՝ այստեղ պարտք վերցնելու հետ կապված վտանգ կամ խնդրահարույց հարց չկա: Խնդիրն այն է, թե ինչպես ես դու այդ պարտքը վերցնում, եւ արդյոք դրանով տնտեսության մեջ ստեղծվո՞ւմ է ավելացված արժեք, այսինքն՝ տնտեսությունդ աճո՞ւմ է: Եթե դա այդպես է, նշանակում է՝ դու կարող ես ապագայում առանց խնդիր ունենալու վերադարձնել պարտքդ: Մենք ուշադրություն ենք դարձնում նաեւ տնտեսական աճին, որը եկամուտ է ստեղծում նաեւ բյուջեի համար: Եվ այդ եկամուտը ստեղծելով՝ մենք կարողանում ենք սպասարկել պարտքը: Իսկ այն, որ մենք ապագա տարիներին պետք է պարտքեր վերցնենք, դա միանշանակ է: Եթե իրականում մենք ցանկանում ենք ունենալ տնտեսական աճ, Հայաստանը փոքր երկիր է, մենք չենք կարող անընդհատ, ենթադրենք, նավթ արդյունահանել եւ գումար ստանալ:

«Առավոտ»– Բայց պարոն Արամյան, մինչեւ ճգնաժամը կառավարությանը հաջողվում էր առանց մեծ վարկեր վերցնելու ապահովել երկնիշ տնտեսական աճ:

Վ. Արամյան- Հիմա եթե դուք նայեք այդ երկնիշ տնտեսական աճին, կտեսնեք, որ դա հենց մի խնդիր է: 2000թ.-ին շինարարության տեսակարար կշիռը 10 տոկոս է եղել, 2008թ.-ին՝ 25 տոկոս: Շինարարությունը մի ճյուղ է, որն անմիջապես արձագանքում է պահանջարկին, այսինքն՝ փողին: Եվ այդ գումարի մեծ մասը ստեղծվում էր ոչ թե Հայաստանի տնտեսությունում, այլ դրսում՝ տրանսֆերտներից: 14,1 տոկոս տնտեսական անկումից 10,5 տոկոսը բաժին է ընկել կապիտալ շինարարությանը: Եվ եթե 2000թ.-ին արդյունաբերությունն ուներ մինչեւ 18 տոկոս կշիռ, կամ գյուղատնտեսությունը՝ 20 տոկոս, կապիտալ շինարարությունը խժռեց, ռեսուրսներ քաշեց այդ ոլորտներից: Մարդիկ փոխանակ իրենց արդյունաբերությունը ընդլայնեին, այն փակում էին, հող էին գնում, շենք էին կառուցում եւ այն վաճառում: Հիմա իրավիճակը այլ է, փոխվում է: Նշանակում է՝ տնտեսության դիմադրողականությունը բարձրանում է: Մեր ստեղծած տնտեսական աճի մեջ, օրինակ, արդյունաբերության կշիռը, որը 2008թ.-ին 13.3 տոկոս էր, հիմա 16,3 տոկոս է, կամ գյուղատնտեսության մեջ 16,2 տոկոս էր, հիմա 20,3 տոկոս է: Այսինքն՝ այս ճյուղերը ունեցել են աճ, իսկ կապիտալ շինարարությունը, որը համեմատաբար ավելի քիչ արտադրողական ճյուղ է, ունեցել է անկում:

Միքայել Մելքումյան– Նախ՝ արտադրողականության մասին. ՀՀ պաշտոնական վիճակագրական տվյալներով՝ արդյունաբերության ոլորտում աշխատում է շուրջ 80 հազար մարդ, եւ մեկ աշխատողի հաշվով արտադրողականությունը տատանվում է միջինը 2000-2200 դոլարի սահմաններում: Սա ահավոր ցածր ցուցանիշ է: Զարգացող արդյունաբերությունն այդպիսի արտադրողականություն չի ունենում: Նույնը գյուղատնտեսության ոլորտում է: Ինչ վերաբերում է շինարարությանը, ապա 2001-2008 թթ. տեղի է ունեցել շինարարության բուռն աճ, եւ այն ժամանակվա կառավարությունը վարել է ակտիվ նախաձեռնողական քաղաքականություն՝ իրականացնելով խոշորածավալ ծրագրեր, ինչպիսիք էին Գլխավոր պողոտան, Հյուսիսային պողոտան, Կասկադի շինարարությունը եւ այլն: Այսինքն՝ պետությունն ինքը երաշխավոր է հանդիսացել եւ տարեցտարի ցույց է տվել, որ շինարարության մեջ գումարներ ներդնելը շահավետ է: Բայց այն գումարները, որոնք եկել էին ներդրվելու շինարարության մեջ, չէին գնալու այլ ոլորտներ: Այսինքն՝ շինարարությունը չի զարգացել ի հաշիվ այլ ոլորտների չզարգացման կամ թերի զարգացման:

Վ. Արամյան- 2009-ի ճգնաժամից հետո մեզ մոտ կա արտադրողականության ռեալ աճ: Եվ մենք չենք կարող ասել, որ եթե այսօր արտադրողականությունն այս մակարդակի վրա է, դա ահավոր կատաստրոֆիկ է: Դա կատաստրոֆիկ կլինի, եթե արտադրողականությունը գնալով նվազի: Մենք տանում ենք քաղաքականություն, որպեսզի արտադրողականությունը գնալով աճի: Եվ վերադառնալով շինարարությանը՝ նշեմ, որ եթե ես այսօրվա դրությամբ բարձրացնում եմ հարյուր կիլոգրամ, իսկ վաղը՝ երկու հարյուր, ու այդ երկու հարյուր կիլոգրամը պահի տակ ընկնում է իմ պարանոցին, նշանակում է՝ ինչ-որ մարդիկ կողքից օգնում էին ինձ, դա իրականում իմ ուժը չէր: Դա էր մինչեւ 2008 թվականը, այդ օգնող մարդիկ Ռուսաստանի տնտեսությունից եկող տրանսֆերտներն էին:

«Առավոտ»– Հիմա մենք կարողանալո՞ւ ենք գոնե Ձեր նշած հարյուր կիլոգրամը բարձրացնել՝ առանց վարկային միջոցների:

Վ. Արամյան– Ոչ, վարկերը պարտադիր պայման են: Մենք պետք է ռեսուրս ունենանք, որպեսզի ներդրում կատարենք: Եթե երկիրը կապիտալ եւ բնական ռեսուրսներ չունի, պետք է այդ փողը դրսից վերցնի: Կրկնում եմ՝ բոլոր զարգացող երկրները պարտքեր ունեն:

«Առավոտ»– Պարոն Մելքումյան, Ձեր գնահատմամբ՝ որքանո՞վ են մինչ օրս վերցված վարկային միջոցները արդյունավետ օգտագործվել:

Մ. Մելքումյան- Բավական է նայել ՀՀ կառավարության 2008-2012թթ. ծրագիրը եւ պարզ կդառնա դրանց կիրառման արդյունավետության աստիճանը: Օրինակ՝ նախատեսված էր 8-10 տոկոս ՀՆԱ աճ, որը չի իրագործվել: Նոր ծրագրով արդեն 5-7 տոկոս աճ է նշված: Կամ ասենք՝ ներդրումների տարեկան ծավալների առնվազն 10 տոկոս աճ, ոչ գյուղատնտեսական զբաղվածության 10 տոկոս աճ, աղքատության էական հաղթահարում՝ ստանալով 11,2 տոկոս աղքատություն: Այսօրվա դրությամբ ունենք 36 տոկոսի չափ աղքատություն: Այսինքն՝ եթե այս ցուցանիշներին նայենք, կտեսնենք, որ 2017թ.-ին մենք գալու ենք 2007թ.-ի մակարդակին: Հիմա ինքներդ դատեք՝ որքանո՞վ են արդյունավետ օգտագործվել ներգրավված վարկային միջոցները: Այսինքն՝ կարելի է գրել մեթոդապես շատ գրագետ եւ գեղեցիկ փաստաթուղթ, բայց արդյունքը չստացվի: Հետեւաբար՝ մենք գալիս ենք գրագետ համակարգային կառավարման խնդրին:

Վ. Արամյան- Մենք անընդհատ քննադատվում ենք պարտք վերցնելու համար, բայց պետք է նկատի առնել, որ ոչ բոլորին են պարտք տալիս: Պարտք տալիս են այն ընկերությանն ու կառավարությանը, որը կարողանում է շատ խելամիտ կառավարել: Հիմա խոսում են՝ 2009թ.-ին ինչի հե՞շտ էր պարտք վերցնելը: Դե, թող մնացած կառավարություններն էլ այդ պայմաններով՝ պահպանելով 30 տոկոս գրանտ էլեմենտը, ամբողջովին ունենալով արտոնյալ պայմաններ՝ վարկ վերցնեին: Դա բավականին մեծ ջանք էր:

Բանավեճը վարեց ԱՐԵՎԻԿ ՍԱՀԱԿՅԱՆԸ

 

Նախագիծն իրականացվում է «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» ծրագրի շրջանակներում

Բանավեճն ամբողջությամբ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031