Լրահոս
Օրվա լրահոսը

Փոխել մոտիվացիան

Օգոստոս 31,2012 13:26

Ամեն անգամ սեպտեմբերի 1-ից առաջ տարբեր հասարակական գործիչներ եւ մանկավարժներ սկսում են խոսել այն մասին, թե պետք է փոխել կրթական ծրագրերը եւ դրանք համապատասխանեցնել աշխատաշուկայի պահանջներին: Այդ՝ ընդհանուր առմամբ ճիշտ խոսակցությունները ընթանում են նոստալգիկ տրամադրությունների ֆոնի վրա. իբր, այն երանելի սովետական ժամանակաշրջանում երիտասարդներին տրվում էր համապարփակ, լայն մտահորիզոն ապահովող կրթություն, իսկ հիմա՝ «սխալ» Արեւմուտքից ետ չմնալու համար փորձ է արվում ավելի կոնկրետ գիտելիքներ տալ: Իսկապես, ժամանակին ես ճանաչում էի ամերիկացի մի հոգեբանի, որը Ֆրոյդից ոչ մի տող չէր կարդացել՝ դա իրեն պետք չէր, որովհետեւ հեռու էր իր գործունեության ոլորտից:

Եթե հարցը վերացական դնենք, ի՞նչն է ավելի լավ՝ խորհրդային «լայն, բազմակողմանի՞», թե՞ արեւմտյան «նեղ, մասնագիտական» կրթությունը, ապա հնարավոր կլինի գտնել մի քանի տասնյակ «կողմ» եւ «դեմ» փաստարկներ: Բայց փորձենք հարցը քննարկել կոնկրետ այսօրվա իրավիճակի հարթության մեջ: Եթե հարաբերությունները շուկայական են, եթե գործատուն ստիպված է մրցակցության մեջ մտնել այլ գործատուների հետ, ապա նրա վարձու աշխատողը պետք է կարողանա անել կոնկրետ բաներ՝ այնպիսի բաներ, որոնք մրցակցի վարձու աշխատողը չի անում: Բերեմ կոնկրետ իմ՝ որպես գործատուի օրինակը. եթե ինձ մոտ գալիս է կարմիր դիպլոմով մի շրջանավարտ, դա ինձ համար ոչ մի նշանակություն չունի՝ նա պիտի լուսաբանի այնպիսի ոլորտ, որն ինձ մոտ չի լուսաբանվում կամ վատ է լուսաբանվում, ներկայացնի այնպիսի նախագիծ, որն ինձ՝ սեփականատիրոջս, եկամուտ կբերի: Դրա համար երբ ինձ հարցնում են՝ «ձեզ մոտ կա՞ն թափուր տեղեր», դա հնացած մոտեցում է, դրան ես պատասխանում եմ՝ ինձ մոտ կան անսահմանափակ թափուր տեղեր նրանց համար, ովքեր ինձ կօգնեն փող աշխատել:

Կոմունիստների ժամանակ պլանային տնտեսություն էր: Ենթադրենք, գործարանները զեկուցում էին Պետպլանին, որ կա այսքան ինժեներների պահանջարկ, Պետպլանն այդ պահանջարկը հասցնում էր բուհերին: Այդ համակարգը, համենայնդեպս, 70-80-ականներին այնքան էլ լավ չէր աշխատում, որովհետեւ թվերի մասին զեկույցները հաճախ չէին համապատասխանում իրականությանը՝ դրա համար էլ հազարավոր գործազուրկ ինժեներներ կային: Բայց եթե նույնիսկ պլանային մոտեցումն անխոցելի լիներ, այսօր այն կիրառելի չէ: Ես պիտի ինժեներություն սովորեմ երկու հնարավոր մոտիվացիաներով. 1. Ես չեմ ուզում ոչ մի գործարանում աշխատել, պարզապես ցանկանում եմ ստանալ գիտելիքներ, ընդլայնել իմ մտահորիզոնը: 2. Ես ուզում եմ այնպիսի ինժեներ դառնալ, որ տվյալ գործարանի սեփականատերը շահ ունենա ինձ վարձելու մեջ: Բայց մեզ մոտ այդ առողջ մոտիվացիաները գրեթե բացակայում են: Փոխարենը կան կեղծ մոտիվացիաներ՝ մարդիկ բուհ են ընդունվում, որպեսզի եւս 5 տարի ինչ-որ մի բանով զբաղվեն, եւ որովհետեւ այդպես է ընդունված, մարդը «պետք է» բարձրագույն կրթություն ունենա: Պատահական չէ, որ նույնիսկ մեր անգրագետ գործարար պատգամավորները 40-45 տարեկանում ինչ-որ բուհի դիպլոմ են գնել:

Այնպես որ՝ կրթական ծրագրերն, այո, պետք է փոխել, բայց դրանից առաջ պետք է փոխել կրթվելու մոտիվացիան:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031