Լրահոս
Օրվա լրահոսը

Սա իշխանության խայծն է

Օգոստոս 31,2012 11:45

«Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ Արմեն Մարտիրոսյանը երեկ կայքերից մեկին ասել էր, թե կուսակցության ներսում տրամադրություններն այնպիսին են, որ «Ժառանգությունը»  պետք է մասնակցի 2013-ի նախագահական ընտրություններին եւ որպես նախագահի թեկնածու պետք է ներկայացնի Րաֆֆի Հովհաննիսյանին։

«Ժառանգությունը» տարիներ շարունակ ինքն է բոլորին աջակցել եւ այս անգամ գտնում է, որ մնացած ընդդիմադիր ուժերը պետք է աջակցեն «Ժառանգությանը», մանավանդ որ այս պահին Րաֆֆի Հովհաննիսյանից  ավելի  խարիզմատիկ առաջնորդ ընդդիմադիր դաշտում ես չեմ տեսնում։ Օբյեկտիվորեն մի շարք այլ հանգամանքներ հաշվի առնելով, նաեւ քաղաքացիական դաշտի լոյալությունը, կարծում եմ, որ հենց Րաֆֆի Հովհաննիսյանը պետք է լինի ընդդիմության  միասնական  թեկնածուն»,- ասել էր նախկին պատգամավորը։ Կարո՞ղ է Րաֆֆի Հովհաննիսյանը դառնալ ընդդիմության  միասնական նախագահի թեկնածու եւ ընդհանրապես՝ միասնական թեկնածու 2013-ին կարո՞ղ է լինել, թե՝ ոչ։ Սույն հարցի շուրջ երեկ զրուցել ենք ընդդիմադիր մի քանի ուժերի ներկայացուցիչների հետ։ Երբ վերոնշյալ հարցն ուղղեցինք Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանին, նա պատասխանեց. «Ընդհանրապես, եթե քաղաքական ուժերը շահագրգռված են միասնական թեկնածու առաջադրելու եւ պաշտպանելու հարցում, ամենամեծ սխալը, որը որեւէ քաղաքական ուժ կարող է անել, այն է, որ որպես այդպիսին առաջարկի սեփական կուսակցության լիդերին։ Նման հարցերը կարող են լուծվել միայն  բանակցությունների, համաձայնությունների, ընդհանուր սկզբունքների մշակման հիման վրա։ Իսկ  այդպիսի   համաձայնեցման բանակցային գործընթացից առաջ հանդես գալ սեփական թեկնածուի առաջադրումներով, նշանակում է՝ հենց սկզբից փակել դուռը միասնական  թեկնածուի  կայացման համար»: Ինչ վերաբերում է ընդհանրապես միասնական թեկնածուի կայացման հարցին, ըստ Զուրաբյանի, Կոնգրեսը դա համարում է մի փոքր արհեստածին հարց, քանի որ միասնական թեկնածու՝ ֆորմալ առումով երբեք չի կարող լինել, որովհետեւ միշտ էլ կգտնվեն ինչ-որ կուսակցություններ, որոնք չեն միանա միասնական թեկնածուի պաշտպանության գործին, եւ այդ փաստը կշահարկվի իշխանությունների կողմից՝ որպես ընդդիմության «ձախողում»։ «Այսինքն, սա արհեստածին գաղափար է, որը ավելի շատ շահարկվում է իշխանական քարոզչամեքենայի կողմից՝ ցույց տալու, իբր, ընդդիմության պառակտվածությունը եւ թուլությունը։ Իրականում ավելի կարեւոր է ոչ թե միասնական թեկնածուն, այլ հզոր թեկնածուն, որը կարող է մարտահրավեր նետել Սերժ Սարգսյանի ռեժիմին, այսինքն, անել այն, ինչ արեց Լեւոն Տեր-Պետրոսյանը 2008-ին։ Այն ժամանակ էլ բազմաթիվ կուսակցություններ չմիացան, եթե հիշում եք՝ Արթուր Բաղդասարյանը չմիացավ, այլ գործիչներ չմիացան, Սերժ Սարգսյանին դիմակայում էին, իբր թե, եւս 7 ընդդիմադիր, թեկնածուներ։ Բայց մարտահրավերը ստացվեց, որովհետեւ Տեր-Պետրոսյանը շատ ուժեղ, հզոր թեկնածու էր։ Այսինքն, խնդիրը հզոր թեկնածուի մեջ է, այնպիսի թեկնածուի, որը կարող է իր հզորության, հեղինակության շնորհիվ իր շուրջը համախմբել առավելագույն չափով քաղաքական ուժերի, խմբերի եւ անհատների»,- ասաց Զուրաբյանը։ Կարո՞ղ է այս անգամ էլ նման թեկնածու լինել՝ հարցին էլ նա պատասխանեց. «Բնականա¬բար, մենք պետք է աշխատենք հենց այդ ուղղությամբ»։

«Հանրապետություն»  կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը երեկ մեզ հետ զրույցում ասաց, որ նորմալ է վերաբերվում «Ժառանգության» ներկայացուցչի հայտարարությանը,  եւ  տարօրինակ կլիներ, եթե նա այլ կուսակցության լիդերի մասին նման բան ասեր։ Այդուհանդերձ, որքանո՞վ է հավանական, որ Րաֆֆի Հովհաննիսյանը դառնա ընդդիմության միասնական թեկնածուն. «Հավանականությունների մասին ես հիմա տեսակետներ չեմ կարող ասել։ Թե ով կլինի հավանականը, ցույց կտա ժամանակը»։ Սարգսյանն ասաց, որ այս պահին կոնկրետ իր առաջադրումը համարում է ոչ նպատակահարմար, սակայն չբացառեց, որ հասարակական-քաղաքական իրավիճակներն այնպիսի զարգացումներ ունենան, որ իր մասնակցության ձեւի մասով հետագայում տեսակետ հայտնի. «Եթե լինի այդպիսի իրավիճակ, եւ հասարակության մոտ իմ առաջարկը, իմ անձը կարող է հույս ներշնչել, փոփոխության հնարավորություն ընձեոել, ես պատիվ կհամարեմ եւ սրբորեն կլծվեմ այդ գործին»։ Արամ Սարգսյանը, սակայն, չի կարծում, որ այսօր պետք է միասնական թեկնածուի հարց քննարկվի. «Ընդդիմությունը պետք է ունենա թեկնածու։ Նախագահական ընտրությունների ժամանակ միշտ էլ թեկնածուներ առաջադրվել են, այդ առաջադրումից հետո հասարակությունը որեւէ մեկին տվել է առավելություն, եւ այդ առավելություն ունեցած թեկնածուն մասնակցել է ընդհանուր ընդդիմադիր հասարակության շահը ներկայացնելով։ Այդ թեկնածուի պարագայում էլ էլի հասարակության մի մասը այլ թեկնածուներ է ունեցել, եւ ընդհանրապես միասնական թեկնածուի գաղափարը համարում եմ հնարովի եւ շինծու»։ Ըստ նրա՝  2013-ի նախագահական ընտրություններում էլ կարող է ստեղծվել այնպիսի իրավիճակ, ինչպիսին  2003-ին կամ 2008-ին, երբ Ստեփան Դեմիրճյանը եւ Լեւոն Տեր-Պետրոսյանը դարձան ամբողջ հասարակության թեկնածուն։

Երեկ զրուցել ենք նաեւ «Նոր ժամանակներ» կուսակցության առաջնորդ Արամ Կարապետյանի հետ, որը, ի տարբերություն Արամ Սարգսյանի, արդեն հայտարարում է, որ պատրաստվում է առաջադրվել 2013-ի նախագահական ընտրություններում։ Ըստ ՆԺԿ նախագահի, ընդդիմության միասնական թեկնածու առաջիկա նախագահական ընտրություններում լինել չի կարող. «Իմ կարծիքով, միասնական թեկնածուի գաղափարը իշխանության հերթական խարդավանքն է։ Միասնական թեկնածու Հայաստանում ընդդիմությունը միշտ ունեցել է ընտրությունների 2-րդ փուլում, եթե 1-ինում միանգամից չի պարտվել։ Կասեն՝ միասնական թեկնածու, հետո կասեն՝ տեսա՞ք, չստացվեց, չեն կարողանում պայմանավորվել։ Կառաջադրվեք, եթե գրանցեն, եւ կսկսենք իշխանություններին ուժեղ քննադատել, եթե, իհարկե, իսկական ընդդիմություն են մնացածները։ Ամեն ինչ պիտի անել, որ մինիմում հարցը գնա 2-րդ փուլ։ Այդ ժամանակ էլ կարելի է ամեն ինչ պայմանավորվել իրար հետ (նկատի ունեմ՝ ճիշտ ընդդիմադիր թեկնածուներով)»:

ՀՅԴ-ն, ինչպես նախօրեին տեղեկացրել էինք, նախագահական ընտրություններին իր մասնակցության ձեւաչափը որոշելու է առաջիկայում գումարվելիք ժողովում։

Լուսինե ԲԱՐՍԵՂՅԱՆ

«Հայկական ժամանակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031