Ռումինիայում ընթացող ծանրամարտի Եվրոպայի մինչեւ 17 տարեկանների առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ, սամաղարցի 77 կգ քաշային Անդրանիկ Կարապետյանը երեկ ոչ միայն պոկում եւ հրում վարժությունների առաջին իսկ մոտեցումներով նվաճեց երեք ոսկե մեդալ (նաեւ երկամարտում), այլեւ աշխարհի` 2 ու Եվրոպայի՝ 3 ռեկորդ սահմանեց:
Հայ ծանրորդը պոկում վարժության երկրորդ մոտեցմամբ բարձրացնելով 148 կիլոգրամը՝ 1 կգ-ով գերազանցեց այս տարիքային խմբում ռուսաստանցի Ապտի Աուխադովի Եվրոպայի ռեկորդը, որ սահմանվել էր 2008 թվականին՝ Ամիենսում (Ֆրանսիա), իսկ երկու րոպե անց 154 կգ-ով թարմացրեց արդեն իր իսկ բարձրագույն նվաճումը՝ գրանցելով նաեւ երկամարտի 330 կգ ռեկորդային արդյունք: Ընդ որում, Անդրանիկի ցույց տված 154 եւ 330 կիլոգրամ ցուցանիշները նաեւ մինչեւ 17 տարեկանների աշխարհի ռեկորդ են: Հետաքրքիր է, որ երկամարտի աշխարհի ու Եվրոպայի նախկին բարձրագույն նվաճումը՝ 328 կգ, 2005 թվականից պատկանում էր նույնպես Հայաստանի ներկայացուցիչ Աղվան Մելիքյանին, որ նա սահմանել էր Սլովակիայի Տրենչին քաղաքում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ