Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Բագրատյանի օլիգարխիկ կապերը

Օգոստոս 31,2012 10:11

Երբեմնի ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսում առաջին հայացքից տնտեսագետների պակաս չկա: Տնտեսագետներ են Բագրատ Ասատրյանը, Վահագն Խաչատրյանը եւ… նախկին վարչապետ, Հայաստանի «թիվ մեկ մասնագետի» համբավին ձգտող Հրանտ Բագրատյանը: Հետաքրքրական է, սակայն, որ ՀԱԿ-ի տնտեսագետ անդամները, բացի Հրանտ Բագրատյանից, իրենց գործունեության ընթացքում չեն ֆիքսվել միայն եւ միայն տնտեսական հարցերի վրա: Նրանք քննադատել են երկրի քաղաքական համակարգը, իշխանություններին, կոռուպցիան, օլիգարխիկ-մենաշնորհային իրավիճակը: Սակայն ինչքան էլ փորձեցինք գտնել Հրանտ Բագրատյանի վերջին ժամանակների գեթ մեկ ելույթ, որը նվիրված չէ միայն տնտեսությանըՙ այսինքն կառավարության ու վարչապետի քննադատությանը, չկարողացանք:

Պարզից էլ պարզ է, որ Հայաստանի տնտեսությունը լավագույն օրերը չէ, որ ապրում է: Կան հսկայական չլուծված խնդիրներ, սոցիալական լրջագույն պրոբլեմներ, որոնց արմատները ձգվում են դեպի 90-ականներ ու զարգացումներ ապրեցին նաեւ 2000-ականներին: Ով-ով, սակայն Բագրատյանը շատ լավ գիտակցում է, թե ինչն է երկրի տնտեսական բարեփոխումների արգելակման հիմնական պատճառը, որ այս հինգ տարիներին ոչ մի կերպ չեն կարողանում խելքի բերել: Ով-ով, սակայն Հայաստանի թիվ մեկ տնտեսագետը շատ լավ հասկանում է, թե ինչպես կարելի է կառավարել մի երկրի տնտեսություն, որտեղ օլիգարխիկ քրեական կապերը շատ ավելի շատ են, քան բարեխիղճ տնտեսվարողները: Հայաստանի նախկին վարչապետը նաեւ շատ լավ հասկանում է, որ օլիգարխներին հարկային դաշտ բերելուց, միլիարդների հասնող գումարները բյուջե վերադարձնելուց հետո կարող ենք ունենալ որակական այլ պատկեր: Այս ամենի մասին, սակայն, Հրանտ Բագրատյանն իր ասուլիսներում, որոնք շաղախված են անձնական վիրավորանքներով, էկլեկտիկ շարժումներով ու քննադատություններով, ոչ մի բան չի խոսում:

Երբ Հայաստանի վարչապետ 2008-ին նշանակվեց Տիգրան Սարգսյանը, բոլորն էլ գիտակցում էին, որ նրա համար դժվար է լինելուՙ վերջինս օլիգարխներին սպասարկող թիմից չէր: Չնայած մամուլում տեղ գտած հսկայական կոմպրոմատային նյութերին, օլիգարխների կողմից սպասարկվող կուսակցությունների ու լրատվամիջոցների երկարամյա «պայքարին», Տիգրան Սարգսյանը դեռ վարչապետ էՙ անկախ իր ձախողումներից ու ձեռքբերումներից: Եվ եթե երկրում օլիգարխիկ տնտեսության դեմ քիչ թե շատ քայլեր ձեռնարկվել են, ապա դա եղել է հենց այս կառավարության օրոք, որին այդքան անշեղորեն քննադատում է Բագրատյանը: 101 միլիարդի ծրագիրը, շքեղության հարկը, վճարումների ոչ կանխիկ լինելու մասին օրենքն ու բազմաթիվ այլ նախաձեռնություններ ուղղված են հենց օլիգարխիայի ազդեցության կրճատմանը: Այս ամենը, վստահաբար, Բագրատյանը շատ լավ հասկանում է, սակայն կյանքի անձնական խնդիր է դարձրել քննադատել կառավարությանըՙ իրականում ոչ թե մոռանալով, այլ չխոսելով տնտեսության «հերն անիծած» իրական գործոնների մասին: Ստացվում է, որ Հայաստանի նախկին վարչապետը մեծ հաշվով գործիք է դարձել մի քանի փողատերերի ձեռքին, ովքեր երազում են սեփական օգտագործման վարչապետ ունենալու տեսլականի մասինՙ դրա համար էլ հնարավորինս «քլնգելով» գործող կառավարությանը: Հայաստանի «թիվ մեկ տնտեսագետը», փաստորեն, դարձել է օլիգարխների խոսափողը, ուստի կամա թե ակամա պատասխանատվություն է կրում երկրում առկա հիվանդագին երեւույթների համար, որոնք, ի դեպ, սկսվեցին հենց իր կառավարության օրոք:

Վլադիմիր Ֆ. Պողոսյան

«Ազգ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031