Ախթալայի քաղաքապետ, սեպտեմբերի 9-ին կայանալիք ընտրություններում քաղաքապետի թեկնածությունն առաջադրած Հայկազ Խաչիկյանն այսօր՝ ժամը 17:20-ի սահմաններում, դուրս է եկել քաղաքապետարանից և ծառայողական ավտոմեքենայով՝ «Mercedes C-320»-ով, ուղեւորվել Ախթալա քաղաքի Սվինեց թաղամասի Սպանդարյան 19 շենքի բակ, որի հարևանությամբ գտնվում է նրա սեփական բնակարանը:
Շենքի մոտ ավտոմեքենան կայանելուց հետո Խաչիկյանը գնացել է ծնողների այգին: Հարևանների վկայությամբ՝ 18:00-ի սայմաններում Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի անվտանգության ծառայության պետ Արսեն Չիթչյանը, նրա հորաքրոջ տղան եւ Շոճկան գյուղի բնակիչ Էդմոն Գիգոլյանը հարբած վիճակում կրակել են Հայկազ Խաչիկյանի եղբոր` Կարեն Խաչիկյանի Սպանդարյան19 շենքի 2-րդ հարկի բնակարանի պատուհանների ուղղությամբ: Վերջիններս նաեւ ջարդել են քաղաքապետի ծառայողական ավտոմեքենայի դիմապակին, ապա բարձրացել քաղաքապետի եղբոր` Կարեն Խաչիկյանի բնակարան և ամբողջությամբ ջարդել նրա տան գույքը:
Հարևանները հասցրել են միայն Կարեն Խաչիկյանի երեխաներին բնակարանից դուրս բերել, իսկ «եկվորների» արարքը կանխել չի հաջողվել:
Կարդացեք նաև
Դեպքի վայրում անմիջապես հայտնվել է ոստիկանության Լոռու մարզի քննչական բաժնի օպերատիվ քննչական խումբը` ոստիկանության փոխգնդապետ, քննչական բաժանմունքի պետ Ռուդոլֆ Ստեփանյանի ղեկավարությամբ: Ժամը 20-ին դեպքի վայր ժամանեց նաև ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ Անուբաղ Համբարյանը: Կատարվեց տեղազննություն:
Կարեն Խաչիկյանի բնակարանի վերցրվել է հսկողության տակ: Քննչական բաժանմումքի պետ Ռուդոլֆ Ստեփանյանը «Հետքին» ասաց, որ դեպքի վայրում տեղի ունեցած կրակոցների և այլ մանրամասների մասին դեռևս ոչինչ չի կարող հայտնել:
«Արսեն Չիթչյանի կողմից քաղաքապետ Հայկազ Խաչիկյանի նկատմամբ ոտնձգություն է կատարվել նաև այս տարվա հունվարի 3-ին»,- «Հետքին» ասացին Խաչիկյանի հարազատները: Ըստ քաղաքում շրջանառվող լուրերի՝ Արսեն Չիթչյանը Հայկազ Խաչիկյանին մեղադրում է Սերոբ Տեր-Պողոսյանի ձերբակալության համար և փորձում է քաղաքապետից վրեժխնդիր լինել:
Չիթչյանն այսօր էլ մոտ հարաբերություններ ունի կալանավայրում գտնվող Սերոբ Տեր-Պողոսյանի հետ և վերջինիս կողմից որոշակի լիազորություններ է ստացել ԼՀԿ-ի գործունեության հետ կապված:
Ախթալայի բնակչությունը մեղադրում է Թումանյանի ոստիկանությանը՝ Չիթչյանին ժամանակին կարգի չհրավիրելու համար: